Եվս մի հիստերիկ

03/12/2005

«Զերկալո» թերթի փոխանցմամբ` Ադրբեջանի «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» հասարակական կազմակերպության նախագահ Ռիզվան Թալիբովը հայտարարել է, թե ժամանակին Հայաստանից հեռացած ադրբեջանցիները պետք է ինքնավարություն ստանան ՀՀ-ում: «ՀՀ-ից գաղթած ադրբեջանցիները պետք է ինքնավարություն ստանան, որը նման կլինի ԼՂ հայերի կողմից ստանալիք ինքնավարությանը»,- նշել է Թալիբովը: Նա նաեւ հայտարարել է, թե 1988-ից հետո ՀՀ-ն լքած փախստականները Հայրենիքում թողել են շուրջ 50 միլիարդ դոլարին համարժեք գույք, եւ այդ հարցը պետք է դրվի միջազգային կազմակերպությունների առջեւ: Նրան մտահոգում են նաեւ Ադրբեջանում ներկայումս բնակվող 30 հազար հայուհիները, ովքեր ժամանակին ամուսնացել են ադրբեջանցիների հետ: «Հայաստանում ներկայումս ոչ մի ադրբեջանցի չի ապրում, ինչո՞ւ պետք է հայերը բնակվեն Ադրբեջանում: Մենք գտնում ենք, որ այն չինովնիկները, որոնց կանայք հայուհիներ են, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից»,- հայտարարել է Թալիբովը՝ լրատվամիջոցներին կոչ անելով «բացահայտել այդ հայամետ համաքաղաքացիներին»: