Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Երեւանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, մի շարք անվանի ճարտարապետներ եւ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ: «Կան տարբեր մոտեցումներ` ինչպիսին պետք է լինի Երեւանը եւ մանավանդ քաղաքի կենտրոնը: Որպեսզի այս հարցը կարողանանք վերջնականապես լուծել, պայմանավորվել ենք մշակել օրենքի նախագիծ եւ դրանով փորձել այնպիսի լուծումներ տալ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար»,- ըստ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, ասել է Տ. Սարգսյանը: Ըստ նրա, Երեւանում ցանկացած օբյեկտի շուրջ առկա են տարբեր կարծիքներ, եւ չկա այնպիսի որոշում, որը բոլորին կբավարարի: Նա կարեւորել է որոշումների ընդունման ընթացակարգի շուրջ համաձայնությունը, քանի որ դրանք պետք է լինեն բաց, թափանցիկ եւ հաշվի առնեն ինչպես մասնագետների, այնպես էլ հանրության կարծիքը: «Այդպիսի ընթացակարգերը, ինչպես այսօր թելադրում է միջազգային լավագույն փորձը, մենք ցանկանում ենք նաեւ ներդնել Հայաստանի Հանրապետությունում` օրենքի տեսքով: Դրա համար որոշել ենք ստեղծել աշխատանքային խումբ, որը եւ կզբաղվի այս օրենքի մշակմամբ»,- ասել է Սարգսյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն, եւ առաջարկել է այդ աշխատանքներում եւս ներգրավել աշխատանքային խմբի մասնակիցներին: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը: