Ներգաղթի հարցերով ուսումնասիրություններով զբաղվող «Partnership for a New American Economy» կազմակերպության իրականացրած հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ի ներգաղթի օրենքները խոչընդոտում են բնագիտական ոլորտների մասնագետների ու գործարարների` ԱՄՆ տեղափոխվելու հնարավորությանը: Հետազոտության համաձայն, ԱՄՆ-ը տաղանդների ներգրավման պայքարում սկսում է պարտվել այլ երկրներին, մասնավորապես` Չինաստանին: Կազմակերպության փորձագետների գնահատմամբ, 2018թ. ԱՄՆ-ում կարձանագրվի 224 հազար որակավորված մաթեմատիկոսների, բնագիտական ոլորտի մասնագետների ու ինժեներային ու տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցների պակաս: Բանն այն է, որ ամերիկացիների շրջանում նշված մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէ: Ինչպես նշում են փաստաթղթի հեղինակները, բյուրոկրատական քաշքշուկները թույլ չեն տալիս անհրաժեշտ մասնագիտությունների տեր անձանց գալ երկիր, ինչպես նաեւ` վիզայի ավարտից հետո մնալ ԱՄՆ-ում` ամերիկյան բուհերն ավարտելուց հետո: Այն դեպքում, երբ Չինաստանը 2010թ. սկսել է այն որակավորված մասնագետների վերադարձի ծրագիրը, որոնք սովորել կամ աշխատել են արտերկրում: Այդ ծրագրով երկիր վերադարձած պրոֆեսորների ու հետազոտողների վարձատրությունը հասնում է 158.5 հազար դոլարի: Ծրագրով ԱՄՆ-ից Չինաստան է վերադարձել չինացի գիտնականների ու գործարարների 55 տոկոսը: