ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի եւ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA` Intra-European Organisation of Tax Administrations) համատեղ նախաձեռնությամբ մայիսի 23-25-ը Երեւանում մեկնարկել է «Հարկ վճարողների սպասարկման ծառայությունները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային ուսումնական դասընթաց: Եվրոպական 24 պետությունների հարկային մարմինների 40 փորձագետներ հայ գործընկերների հետ կքննարկեն հարկ վճարողների սպասարկման ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ` կբացահայտեն եւ կփոխանակեն վերջիններիս հաղթահարման լավագույն միջազգային փորձը: Հարկ վճարողների սպասարկման ոլորտում իրականացված բարեփոխումների մասին զեկույցում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հարկ վճարողների սպասարկման նշանակությունը գնահատել է որպես ինքնագնահատման համակարգի կարեւորագույն տարր: «2008թ. Հայաստանի կառավարությունը նախաձեռնել էր կառուցել մեր երկրում ժամանակակից ծառայությունների մատուցման վրա կողմնորոշված հարկային վարչարարություն, որը կհամապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին: Այդ ժամանակվանից ի վեր հարկային մարմինները նպատակային քայլեր են կատարել այդ արդյունքին հասնելու համար, արձանագրել բազմաթիվ հաջողություններ, սակայն ավելի մեծ աշխատանք դեռ պետք է կատարվի այս ասպարեզում, դրա համար ուրախ ենք, որ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության այս հավաքը կազմակերպվել է Հայաստանում»,- ըստ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, ասել է Գ. Խաչատրյանը: Նույն աղբյուրի համաձայն, հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն մի շարք բարեփոխումներ է իրականացրել վերջին 3 տարիների ընթացքում: Մասնավորապես` Երեւանում եւ մարզերում արդեն իսկ գործում են 10 նորաոճ սպասարկման սրահներ: Բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է «մեկ պատուհան» սկզբունքով: Գործում են նաեւ տեղեկատվական, վճարային տերմինալներ: Սպասարկման կենտրոնների միջոցով է իրականացվում հարկատուների հետ տարվող աշխատանքի մոտ 90 տոկոսը, այդպիսով շփումը տեսչության մյուս ստորաբաժանումների հետ հասցվում է նվազագույնի: Սպասարկման սրահները գործում են մեկ միասնական տեղեկատվական համակարգի սկզբունքով, ինչը հնարավոր է դարձնում ՊԵԿ-ի հետ կապված բոլոր գործառույթներն, անկախ տարածաշրջանային պատկանելությունից, իրականացնել ցանկացած տարածքային հարկային գրասենյակից` նպաստելով համակարգի հետ շփումների արդյունավետության ու հարմարավետության բարձրացմանը: «Հիմնական խնդիրն էլեկտրոնային համակարգի ընդլայնումն է, որպեսզի բիզնես-հարկային մարմինների հետ շփումը կազմակերպվի էլեկտրոնային եղանակով, ինչը մեզ հնարավորություն կտա զբաղվել միայն ռիսկային համարվող ձեռնարկություններով: Իսկ դրա համար կարեւոր է, որ բիզնեսն ինքնագնահատման միջոցով վճարի հարկերը»,- երեկ կայացած միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Գ. Խաչատրյանը: IOTA-ի ներկայացուցիչ, փորձագետ Ջերի Թեյլորն էլ նշել է, որ եվրոպական երկրների հարկային մարմինների համար խնդիրները նույնն են. «IOTA-ի 24 անդամ երկրների փորձագետներ Հայաստանում քննարկելու են հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի խնդիրները: Իսկ մեր ընդհանուր խնդիրն այն է, որ փորձենք օրինական դաշտ բերել հարկային պարտավորություններից խուսափող հարկատուներին` փոխարենն աջակցելով կարգապահ հարկ վճարողներին»: Նշենք, որ ՀՀ ՊԵԿ-ը միացել է IOTA-ին 2011թ. հունվարի 1-ին եւ հանդիսանում է կազմակերպության լիիրավ անդամ: