Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կամո Վարդանյանը մոտավորապես 16 տարի զբաղվում է «ինքնասպանություն» երեւույթի ուսումնասիրությամբ: Նրա` «Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառականության սոցշղթայում» գիրքն այս խնդրի վերաբերյալ առաջին հայերեն գիրքն է: Այժմ տպագրության է պատրաստում նոր մենագրություն` «Աուտոդեստրուկտիվ վարքի հոգեբանություն» գիրքը: Նրա հետ զրուցեցինք վերջերս լրատվամիջոցներում ինքնասպանությունների վերաբերյալ տեղեկատվության աճի մասին:
– Թեման խորհրդավոր է, հետաքրքիր է, դրա համար էլ հրապարակումներն առավել շատացել են: Նախկինում գաղտնի է պահվել, իսկ հիմա թափանցիկ է ամեն ինչ, ամեն մի տեղեկատվություն: Դրա համար եւ՛ մասնագետները, եւ՛ ոչ մասնագետները այս մասին հա՛մ խոսում են, հա՛մ գրում: Ես դեմ եմ, որպեսզի այդ թեմայի վերաբերյալ շատ բացախոսություն լինի, որովհետեւ այն դեստրուկտիվ ազդեցություն ունի: Շատ շփվելով այդպիսի նյութերի հետ` այդ մասին չմտածող մարդու մոտ կարող է նման միտք առաջանալ: Հետեւապես, ինքնասպանության մասին ցանկացած տեղեկատվություն դեստրուկտիվ ազդեցություն ունի անձի վրա: Դա անձի համար վնասակար տեղեկատվություն է: Այդպիսի տեղեկատվությունն իրավունք ունի հաղորդել, հրապարակել այն մարդը, ով տիրապետում է այնպիսի մեթոդաբանության, որն անձի վրա կործանիչ ազդեցություն չի ունենա: Նման տեղեկատվության հաղորդման համար հատուկ տեխնոլոգիաներ կան: Եթե մարդը ոչնչից տեղյակ չէ, սիրողական մակարդակով է խոսում, իսկ 90%-ը հարցին սիրողական մակարդակով է վերաբերվում: Այսօր մեր եթերը լցված է մասնագետներով եւ ոչ մասնագետներով, ովքեր ինքնասպանության մասին տարբեր կարծիքներ են հայտնում, ովքեր ոչ պատրաստվածություն ունեն, ոչ մասնակցել են որեւէ դասընթացի, չունեն նման անձանց հետ աշխատելու լիցենզիա: Ուստի, նրանց ցանկացած գործունեություն, տված ցանկացած տեղեկատվություն վտանգավոր է:
– Ի՞նչ է պետք անել՝ երեւույթը կանխարգելելու համար:
– Ես իմ գրքում բազմաթիվ կետերով նշել եմ կանխարգելման ձեւերը: Որպեսզի մենք երեւույթը կարողանանք կանխարգելել, անհրաժեշտ է այն հասկանալ: Հետեւապես, հասկանալու համար պետք է հետազոտել երեւույթը: Դրա համար անհրաժեշտ են մասնագետներ: Անհրաժեշտ է այդպիսի մասնագետներին, հոգեբաններին, բժիշկներին վերապատրաստել եւ ծառայության, որոշակի բնագավառի մարդկանց գաղափար տալ դեստրուկտիվ հակումների, ինքնասպանության հակումների եւ այն ախտանշանների վերաբերյալ, որն ինքնասպանի կամ դեստրուկտիվ հակում ունեցող անձի մոտ կա. որպեսզի նրանք, ովքեր շատ են շփվում նման մարդկանց հետ, կարողանան նրանց մոտ հայտնաբերել դա: Անհրաժեշտ է հասարակության լայն շրջանակին հոգեբանական կայունության, սթրեսակայունության, հանդուրժողականության մասին գաղափար տալ եւ նրանց մոտ այդ մեխանիզմները ներմուծել: Իսկ առավել նեղ մասնագետներին խորհուրդ կտամ, որպեսզի այդպիսի անձանց հետ աշխատելիս հաշվի առնեն նաեւ ռիսկի խմբում գտնվող անձանց, եւ էլի բավականին շատ մեթոդներ կան, որոնք ապահովում են դրանց կանխարգելումը: Դա նաեւ պետական մակարդակով հատուկ կառույցի ստեղծումն է, մոնիտորինգի իրականացումը: Ցանկացած անձի ուշադրությունը մեր դիմացինի կամ կողակցի հանդեպ` ամենամեծ կանխարգելիչ ուժն ունի, որովհետեւ մարդը գնում է ինքնասպանության, քանի որ ինքը մենակ է: Ինքնասպանության հոգեբանությունն անհուսության հոգեբանություն է: Եթե մեկը լինի, որը նրա ձեռքը կբռնի, նա չի գնա դրան: Եթե մեկը լինի` խորհուրդ տա, այդ ծանրության կեսն իր վրա վերցնի, նա չի անի այդպիսի քայլ: Խոսքը վերաբերում է հոգեպես առողջ եւ սահմանային հոգեվիճակում գտնվող անձանց, ես չեմ ասում հոգեկան հիվանդների մասին: