Նահանջել է

24/05/2012

Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից հրապարակվող Համաշխարհային առեւտրի խթանման 2012թ. զեկույցում Հայաստանը 132 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը: Նախորդ` 2010 թ. զեկույցում Հայաստանը 125 երկրների շարքում 52-րդն էր: Համաշխարհային առեւտրի խթանման ցուցիչը հաշվարկվում է առեւտրի հոսքերի ազատությունը պայմանավորող գործոնները եւ քաղաքականությունները նկարագրող 4 հիմնական ոլորտների ցուցիչների հիման վրա: Դրանք են` շուկայի մուտքի ցուցիչը, սահմանային վարչարարության ցուցիչը, տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ցուցիչը եւ գործարար միջավայրի ցուցիչը: ՀՀ-ի դիրքի վրա ամենաբացասական ազդեցություն թողել են հետեւյալ գործոնները. մաքսային կարգավորումների բեռը, ներմուծման եւ արտահանման ծախսերը, տեղական մրցակցությունը: Համեմատաբար դրական է գնահատվել տրանսպորտի ոլորտում Ծառայությունների առեւտրի գլխավոր համաձայնագրի (GATS) իրականացումը, ահաբեկչության ազդեցությունը գործարար ծախսերի վրա, հարթված ճանապարհները եւ այլն: Ըստ զեկույցի` աշխարհում լավագույն ցուցանիշներն արձանագրվել են Սինգապուրում եւ Հոնկոնգում: Ինչպես նախորդ տարիներին, այս ցուցանիշով ՀՀ-ն գերազանցում է զեկույցում ներառված ԱՊՀ երկրների ցուցանիշները` Մոլդովային (76), Ադրբեջանին (88), Ուկրաինային (86), Ղազախստանին (105), Տաջիկստանին (110), Ղրղըզստանին (111) եւ ՌԴ-ին (112): Վրաստանը 38-րդն է: Այս մասին տեղեկացրել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, որը ՀՏՖ-ի գործընկեր կազմակերպությունն է Հայաստանում: