Նոր ընկերները դավաճանո՞ւմ են

22/05/2012

Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ում նույնպես տարակարծություն կա խորհրդարանական նոր խմբակցության ձեւավորման հարցի առնչությամբ: Հիշեցնենք, որ մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն ստացավ ընդամենը 5 մանդատ: Նախապես հայտնի էր, որ խորհրդարան կգնան ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին հնգյակը զբաղեցնողները` Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշա Շահբազյանը, Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը: Սակայն, որոշ տեղեկությունների համաձայն` մանդատ ստանալու համար ՀՅԴ վերնախավում այս օրերին ուղիներ են փնտրում համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականում գտնվող` «Գրանդ քենդի» ընկերության տնօրեն Արման Բաբայանին, անգամ 10-րդ հորիզոնականում գտնվող` «Արմենիա-Լադա» ընկերության տնօրեն Կարեն Շահմուրադյանին պատգամավոր դարձնելու համար: Բանն այն է, որ նշված գործարարները, ըստ ՀՅԴ-ամերձ աղբյուրների, զգալի ֆինանսական ներդրում են ունեցել կուսակցության քարոզարշավում եւ պահանջում են լուծել պատգամավորական մանդատի հարցը: Իսկ որպեսզի Բաբայանն ու Շահմուրադյանը պատգամավորական մանդատ ստանան, անհրաժեշտ է, որ ինքնաբացարկ հայտնի չորրորդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Ա.Շահբազյանը: 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարինե Հարությունյանի եւ 8,9-րդ հորիզոնականներում գտնվող Արամայիս Գրիգորյանի ու Միքայել Մանուկյանի ինքնաբացարկի հարցը ՀՅԴ ղեկավարության համար լուծված է համարվում: Ի դեպ, վերջերս նաեւ տեղեկություն հրապարակվեց, թե ինքնաբացարկ է հայտնելու նաեւ Ա.Ռուստամյանը: Մեր տեղեկություններով` իշխանությունները դժգոհ են, որ վերջինս ակտիվորեն մասնակցում էր միասնական շտաբի նիստերին: ՀՅԴ-ում էլ դժգոհություններ են առաջացել, թե այդ շտաբին անդամակցելու եւ դրա արդյունքում` ԲՀԿ-ին ընդդիմադիր կեցվածք ապահովելու հետեւանքով իրենք այդքան քիչ ձայներ ստացան, քանի որ դաշնակցական ընտրազանգվածի մի մասն ընտրեց ԲՀԿ-ին: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն, գործող ԱԺ-ի համեմատ, կորցրեց 10 մանդատ, իսկ ԲՀԿ-ի պատգամավորների թիվն ավելացավ 9-ով: