Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 7.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակված նախնական զեկույցում։ Աճի առաջատարը կրկին արդյունաբերության ոլորտն է, որը հաշվետու ժամանակաշրջանում 15.3% աճ է գրանցել։ 10.1% աճ է գրանցել նաեւ ծառայությունների ոլորտը։ Արտահանման աճը նախորդ տարվա առաջին 4 ամիսների համեմատ կազմում է 17.8%, ներմուծման աճը՝ 8.7%։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 872մլն դոլար է։ Գյուղատնտեսությունը հունվար-ապրիլին աճել է ընդամենը 1.1%-ով։ Իսկ շինարարության ոլորտում անկումը շարունակվում է. հունվար-ապրիլ ժամանակահատվածում իրականացված շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.2%-ով։ Այս ցուցանիշների հմայքը չստվերելու համար պետք է մի պահ մոռանալ, որ դրանց հետ զուգընթաց` անշեղորեն աճում է նաեւ Հայաստանից մեկնողների թիվը: Ընդ որում, զարմանալի օրինաչափությամբ մակրոտնտեսական «նկարված» տվյալների աճը գրեթե ուղիղ համեմատական է դարձել արտագաղթի իրական ցուցանիշների աճին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ բոլոր պետական գերատեսչություններն այլեւս աշխատում են «միասնական աբսուրդի» տրամաբանությամբ` ԿԸՀ-ն արձանագրում է, որ մարդիկ ավելի շատ ձայն են տվել այն իշխանությանը, որի գործունեության արդյունքում իրենց կյանքը զգալիորեն վատացել է, ԱՎԾ-ն արձանագրում է, որ մարդիկ փախչում են այն երկրից, որտեղ կյանքն անշեղորեն լավանում է: