Այսքան ինքնիշխան կյանքը մեր…

22/05/2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է չմասնակցել Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին` համաժողովի հռչակագրի նախագծում ներառված մտահոգիչ ձեւակերպումների պատճառով: Այդ մասին Չիկագոյի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա պարզաբանել է, որ համաժողովի հռչակագրի նախագծում ներառված` Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպումը հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին: «Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում` հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա: Հաշվի առնելով այս մտահոգությունը` ՀՀ նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը»,- հայտարարել է Է. Նալբանդյանը: Նշենք, որ ՆԱՏՕ-ի համաժողովի հռչակագրում (այն արդեն ընդունվել է), մասնավորապես, ասված է.

«Մենք սատարում ենք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Մենք շարունակելու են ջանքեր գործադրել` ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա տարածաշրջանային խնդիրների խաղաղ լուծման համար»: Իհարկե, փորձված դիվանագետ Է. Նալբանդյանը չիկագոյահայերին չի բացատրել, թե որքանով է արդարացված ԼՂ հակամարտության համար անբարենպաստ դրույթներ պարունակող հռչակագրին պատասխանել ոչ թե նախագահի մակարդակով այդ գագաթաժողովին մասնակցելով ու այդ բարձր ամբիոնից ճշմարտությունը բարձրաձայնելով, այլ ընդամենը բոյկոտելով այն: Ակնհայտ է, որ եթե նույնիսկ Ս. Սարգսյանը այդ գագաթաժողովում ելույթի հնարավորություն չունենար, ապա այդ հռչակագրի մասին հայկական կողմից դիրքորոշումը կարող էր արտահայտել գագաթաժողովի շրջանակներում տարբեր հանդիպումների, միջազգային լրատվամիջոցների հետ հարցազրույցների ընթացքում: Ի վերջո, Չիկագո չմեկնելով` Ս. Սարգսյանը չի օգտագործել նաեւ այս օրերին այդ միջոցառմանը մասնակցող համաշխարհային առաջնորդներից գոնե մի քանիսի հետ հանդիպելու հնարավորությունը: Առավել եւս, որ Չիկագոյում են Հարավային Կովկասի մեր հարեւան երկրների` Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները: Ուրեմն ինչո՞ւ է ՀՀ ղեկավարությունը նման իրավիճակում նման որոշում կայացրել: Այդ հարցի պատասխանը երեկ տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ-Աստանա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ: Վերջինս հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները նախօրոք համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները` մայիսի 20-21-ը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իրենց մասնակցության ձեւաչափը: «ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ որոշումները կայացվել են ինքնիշխան մակարդակում, բայց Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Խորհրդի նիստի ժամանակ նախագահները մտքեր են փոխանակել այս հարցի շուրջ»,- ասել է Բորդյուժան: Այս հայտարարության մեջ «ինքնիշխան մակարդակում» ձեւակերպումը, մեղմ ասած, հեգնանք է այդ նիստին մասնակցած երկրների նկատմամբ, քանի որ Բորդյուժան գրեթե ուղիղ տեքստով ասել է, որ Մոսկվան է որոշել ՀԱՊԿ անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի մասնակցության ձեւաչափը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Այս իրադարձությունների համատեքստում ծիծաղելի են դառնում ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական շրջանակներում իշխանության արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին դատողություններն ու գնահատականները: Այսինքն` Արեւմուտքի բարձր գնահատականին արժանացած ՀՀ իշխանությունների նկատմամբ Մոսկվայի ազդեցության չափաբաժնի մեջ գրեթե ոչինչ չի փոխվել: Սա, կարծում ենք, մտածելու առիթ է նաեւ վերջին շրջանում իշխանության «արեւմտամետությանն» ի պատասխան` «ռուսամետ» դարձած ընդդիմադիր ուժերի համար: Այնպես որ, եկել է հերթական անգամ «վեկտորը փոխելու ժամանակը»: