Ոնց հեռացրին, այդպես էլ կընդունեն

03/12/2005

Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է «Ազգային Միաբանություն» կուսակցության ԿԸՀ ներկայացուցիչ Զավեն Պլուզյանի դիմումը, եւ վաղաժամկետ դադարեցվել են Զավեն Պլուզյանի լիազորությունները ԿԸՀ-ում: Հիշեցնենք, որ Զ. Պլուզյանը` հաշվի առնելով կուսակցության որոշումը` չմասնակցել հանրաքվեի անօրինական աշխատանքներին, նոյեմբերի 25-ին դիմել էր Ռ. Քոչարյանին` պահանջելով դադարեցնել իր գործունեությունը: Մինչ այդ, սակայն, Զ. Պլուզյանին հրավիրել են ՀՀ Գլխավոր դատախազություն եւ ահաբեկել, որ` եթե չմասնակցես հանրաքվեի աշխատանքներին, ապա «քեզ կնստացնենք»: Չնայած սպառնալիքներին, Զ. Պլուզյանը Դատախազությունում հայտարարել է, որ ինքը չի մասնակցելու ԿԸՀ աշխատանքներին` հաշվի առնելով Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ժամանակ բազմաթիվ խախտումների փաստերն ու իր կուսակցության որոշումը:

«ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանից տեղեկացանք, որ կուսակցությունը երեկ քաղխորհրդի հերթական նիստում միաձայն որոշում է ընդունել ԿԸՀ-ում նորից Զ. Պլուզյանի թեկնածությունն առաջադրելու մասին: