Անհրաժեշտ է նոր ուժային կենտրոն

22/05/2012

Երեկ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությունը եւ բուն ընտրության օրվա գնահատականը ՀՀ հասարակության ընկալմամբ ընթացել է հայաստանյան ընտրական համակարգի ոգուն համապատասխան, իսկ միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից արժանացան նույնիսկ` միջին եվրոպական չափանիշների ընտրություններ որակավորմանը: Այն, ինչ կատարվեց մայիսի 6-ին նախորդող ամիսներին եւ բուն քվեարկության օրը, որեւէ աղերս չունի ընտրությունների հետ, ինչը, բնականաբար, ընկալելի չէր միջազգային դիտորդների համար: Իրականում ԱԺ-ի ընտրություններն անցկացվեցին ահաբեկման ու վախի մթնոլորտում` վարչախումբը օգտագործեց իր ողջ ընտրակեղծիքների տեխնոլոգիաների զինանոցը, մասնավորապես` 1) Հասկանալով, որ 2007թ.-ից օգտագործվող կեղծ անձնագրերի մեխանիզմը որոշակիորեն բացահայտված է, միաժամանակ, երկրից բացակայող ընտրազանգվածն այս ընտրություններին մասնակցեց անձնագրերում գոլորշացող թանաքի օգնությամբ: 2) Նշված տեխնիկական հնարքի եւ այլ կեղծիքների արդյունքում ընտրությունների մասնակիցների թիվը, հօգուտ կոալիցիոն կուսակցությունների, ավելացան առնվազն 500.000-ով: 2) Ընտրակաշառքը, լինելով վարչախմբի մշտական զինանոցում, երբեք այսպիսի ծավալներով չէր կիրառվել: Ընտրություններին իրական մասնակից շուրջ մեկ միլիոն, ընտրողներից առնվազն 80%-ը ընտրատեղամասեր է տեղափոխվել արդեն ընտրակաշառքը վերցրած, որին նախորդել էր ամիսներ շարունակ ընտրողների անձնագրային տվյալների եւ անձնագրերի հավաքագրումը: Վերոնշված գործընթացի նախաձեռնողն էին կոալիցիոն ուժերը` ՀՀԿ, նրա կցորդ` ՕԵԿ, ԲՀԿ` համատեղ քրեածին տարրերի ակտիվ մասնակցությամբ: Դատախազության ու Ոստիկանության, այսպես կոչված, «պայքարը» ընտրակաշառքի դեմ` միջազգային հանրության ու դիտորդների համար ընտրությունների անցկացման թատերականացված նրբերանգներից էր: 3) Ցավոք, 2012թ. մայիսի

6-ին ԱԺ ընտրությունների վարչախմբի կողմից թելադրված գործընթացին մասնակցեց նաեւ ընդդիմությունը, որը Հրազդանի քաղաքապետի ընտրությունից որեւէ հետեւություն չարեց, չկարողացավ իրավիճակը փոխել եւ վարչախմբին պարտադրել անցկացնել իրական ընտրություններ: Ավելին` ընդդիմությունը մասնակցեց ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբի աշխատանքներին, որի նախաձեռնողներից մեկը ընտրակաշառք բաժանող իշխանական կոալիցիոն ուժն էր: Հաշվի առնելով վերոշարադրյալը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, չընդունելով 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքները, գտնում է, որ գործող վարչախումբը անաղմուկ ձեւով ՀՀ հասարակությանը փորձում է վերջնականապես զրկել ընտրելու իրավունքից: Երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերի այլընտրանքը` իրավիճակի ճշգրիտ գնահատումն ու նոր ուժային կենտրոնի ձեւավորումն է, որը մինչեւ ընտրության օրը պետք է վարչախմբին պարտադրի հրաժարվել ընտրակեղծիքի մեխանիզմից եւ վերականգնել ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը»: Փաստորեն, «Ժողովրդավարական Հայրենիքը» այս հայտարարությամբ մեղադրում է նաեւ ՀԱԿ-ին, որից, սակայն, ինչպես երեկ տեղեկացրել է կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, դեռեւս դուրս գալ չեն պատրաստվում: «Մենք գտնում ենք, որ ՀԱԿ-ն ունի այն ռեսուրսը, պոտենցիալը, որպեսզի իրավիճակ փոխի երկրում»,- երեկ «Ա1+»-ին ասել է Պետրոս Մակեյանը` վստահեցնելով, որ ՀԱԿ-ում առկա տարաձայնությունները մայիսի 6-ին խորհրդարանի ընտրությունների ոչ արդար անցկացման հետեւանք են: Ըստ նրա, ՀԱԿ-ի հիմնական անելիքը շարունակելու է մնալ հրապարակներում պայքարը. «Եթե առաջին փուլը, այսինքն` հրապարակում պայքարը ՀԱԿ-ը չիրականացնի, 7 մանդատը որեւէ խնդիր չեն լուծելու Ազգային ժողովում»: Իսկ ընդդիմության թիվ մեկ խնդիրն, ըստ Պետրոս Մակեյանի, 2013թ. նախագահի ընտրությունների նախաշեմին ընտրողի իրավունքը վերականգնելն է: