Ինչպես ընտրությունների արդյունքները

22/05/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պաշտոնական վիճակագրությունը երեկ հրապարակել է հետընտրական առաջին զեկույցը՝ մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

Ազգային վիճակագրական ծառայության այս զեկույցում ներկայացվել են հունվար-ապրիլ ժամանակահատվածի նախնական, շտապ հավաքագրված ցուցանիշները։ Նախնականը` նախնական, սակայն վատը չեն։

Նախեւառաջ նշենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին կազմել է 7.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Փաստորեն, տնտեսական աճի ցուցանիշն առայժմ գերազանցում է բյուջեով նախատեսված աճի տեմպին։

Կրկին հատուկ ուշադրության է արժանանալու արդյունաբերության ոլորտը՝ իր երկնիշ աճով։ Հունվար-ապրիլին այս ոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 317.4 միլիարդ դրամ, ինչը 15.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ավելին, ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը մարտի համեմատ աճել է 45.1%-ով։ Արդյունաբերության ոլորտի հետ անմիջականորեն կապված՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը նույնպես երկնիշ աճ է գրանցել՝ 13.3%։

Արդյունաբերությունը, սակայն, երկնիշ աճ արձանագրած միակ ոլորտը չէ։ Հաշվետու ժամանակահատվածում 10.1% աճ է գրանցել նաեւ ծառայությունների ոլորտը։ Այսպես, ծառայությունների ծավալն այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 285 մլրդ դրամ։ Ծառայությունների ոլորտի աճը մասամբ կարելի է պայմանավորել առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրմամբ, որը մի քանի միլիարդով ավելացրել է ապահովագրող ընկերությունների շրջանառությունը։

Եվ վերջապես, երկնիշ ցուցանիշ է արձանագրվել արտաքին առեւտրի, մասնավորապես՝ արտահանման պարագայում։ Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանից արտահանումը հասնում է շուրջ 440 միլիոն դոլարի։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 17.8%։ Ներմուծման աճը շատ ավելի քիչ է եղել` 8.7%։ Սակայն ներմուծման ծավալը 3 անգամ գերազանցում է արտահանումը` շուրջ 1.312 մլրդ դոլար։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 872 մլն դոլար է։

Մյուս ցուցանիշներն այդքան «պուպուշ» չեն։ Գյուղատնտեսությունը հունվար-ապրիլին աճել է ընդամենը 1.1%-ով։ Առեւտրի շրջանառությունը գրեթե զրոյական աճ է ունեցել՝ 0.9%։ Սա արդեն օրինաչափություն է դարձել. չնայած մյուս ոլորտների աճին, առեւտրի ցուցանիշները որեւէ կերպ չեն բարելավվում։

Միջին ամսական անվանական աշխատավարձը, ըստ վիճակագիրների, աճել է 5.3%-ով եւ փոքր-ինչ գերազանցում է 115 հազար դրամը։ Այդ թվում, պետական հիմնարկներում աշխատավարձը կազմել է 92.307 դրամ, մասնավոր հիմնարկներում` 142.700 դրամ։ Եթե հավատանք վիճակագրությանը, 12-ամսյա գնաճը (սպառողական գների ինդեքսը ապրիլը` ապրիլի համեմատ) կազմել է ընդամենը 1.9%։ Այսինքն՝ մեզ փորձում են համոզել, որ սկսել ենք ավելի լավ ապրել` աշխատավարձը գներից ավելի արագ է աճում։ Սակայն ամենատխուր ցուցանիշն արձանագրվել է շինարարության ոլորտում։ Հունվար-ապրիլ ժամանակահատվածում իրականացված շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.2%-ով։ Սա արդեն նույնպես օրինաչափություն է դառնում, որ շինարարությունը ճգնաժամային վիճակից այդպես էլ չի կարողանում դուրս գալ։

Ամեն դեպքում, կառավարությունն իր այս ցուցանիշներից կարող է գոհ լինել։ Անգամ շինարարության ոլորտի անկումը չի կարող ազդել լավատեսության վրա, քանի որ այն կրկին ներկայացվելու է որպես տնտեսության կառուցվածքի որակական փոփոխության վկայություն։ Կառավարության վերջին նիստում էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսելով հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության մասին՝ նշել էր, որ իրավիճակը կայունացել է, եւ որ միջազգային կառույցները դրական են գնահատում իշխանությունների քայլերը. «Մենք արձանագրում ենք, որ 2011 թվականին մեր երկրի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է, եւ դա բավական դրական ձեռքբերում է: Մենք ապահովելու ենք այս քաղաքականության շարունակականությունը: Արդեն տեսնում ենք, որ «Moody’s» միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը դրական է գնահատում տնտեսական մեր վարկանիշը, ինչը ստեղծում է տնտեսական աճը շարունակելու բարենպաստ պայմաններ: Մեզ հաճախ քննադատում էին, որ դրամավարկային քաղաքականությունն եւ հարկաբյուջետային քաղաքականությունն արդյունավետ չենք իրականացնում, սակայն տեսնում ենք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բացարձակապես այլ գնահատականներ են տալիս: Հասկանալի է, որ աշխարհն առաջնորդվում է այդ գնահատականներով»։

Ի դեպ, խոսելով միջազգային կառույցների գնահատականների մասին՝ հիշեցնենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) օրերս զեկույց էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր նաեւ Հայաստանի մակրոտնտեսական վիճակին, այն էլ` բավականին ուշագրավ ձեւակերպումներով։ Օրինակ` եթե մեզ թվում էր, թե ճգնաժամը վաղուց հաղթահարել ենք եւ այժմ գտնվում ենք վերականգնման փուլում, ապա ՎԶԵԲ-ի փորձագետների կարծիքով` Հայաստանը դանդաղորեն դուրս է գալիս խորը տնտեսական ճգնաժամից: Նրանք նշել են, որ Հայաստանի հետճգնաժամային վերականգնման հիմնական շարժիչ ուժերն են վերամշակող եւ հանքային արդյունաբերությունները: Իսկ հետեւյալ հատվածը ներկայացնում ենք բառացի. «Հայաստանի իշխանությունները իրականացրեցին հարկային վարչարարության ուժեղացմանն ու համակարգային բարեփոխումներին ուղղված մի շարք քայլեր` Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը վայելող ծրագրի շրջանակներում: Հայաստանյան տնտեսությունը շահում է նաեւ պետական ֆինանսավորումից եւ հատկապես` դրսից եկող տրանսֆերտների մեծ ծավալից: Այս պահին հայաստանյան տնտեսության համար առկա ռիսկերից առավել նկատելի են հենց կախվածությունը դրսից եկող փոխանցումներից եւ այն հանգամանքը, որ Հայաստանը քիչ քանակությամբ ապրանքատեսակներ է արտահանում»։

Վերջում հիշեցնենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն՝ տնտեսական աճի նպատակադրման քաղաքականությունից պետք է անցում կատարվի տնտեսական զարգացման նպատակադրմանը։ Այսինքն` ոչ թե պետք է ոգեւորվել արտահանման 18% աճով, այլ ուշադրություն դարձնել, թե ի՞նչ ենք արտահանում։ Դատելով վերը նշված ցուցանիշներից` տնտեսական զարգացումը դեռեւս առաջնահերթություն չի։