Նախկինը չէ

22/05/2012

«Չորս տարի առաջ ընդհանուր գաղափարների շուրջ ստեղծված դաշինքն այլեւս իր գործունեությամբ անիմաստ է դարձել»,- գնահատելով ՀԱԿ-ի կազմից երկու կուսակցությունների դուրս գալու փաստը` «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: Հարցին` արդյո՞ք դա նշանակում է, որ ՀԱԿ-ը պառակտվում է, Սահակյանը պատասխանել է, որ, «ամեն դեպքում, այն այլեւս նախկինը չէ»: «ՀԱԿ-ը իրենով` որպես այդպիսին, երբ որ այդ բոլոր քաղաքական թիմի ներկայացուցիչները այնտեղ են, եւ խոսքը ժողովրդի կողմից ընկալելի է` դա է կարեւորը: Կարող են լինել երկու տասնյակից ավելի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կամ քաղաքական գործիչներ, բայց խոսքը` որպես այդպիսին, ժողովրդի կողմից ընկալելի չլինի: Եվ եթե այս պարագայում` ՀԱԿ-ի պարագայում, ասենք, նաեւ ընտրական պրոցեսի ժամանակ տեսանք, որ որեւէ առումով ընկալելի չէ, կամ ժողովուրդը անվերապահորեն չի ընդունում ՀԱԿ-ի խոսքը, ապա ՀԱԿ-ը, կարծում եմ, այլեւս որպես այդպիսին` քաղաքական միավոր, չի կարող այդ լայն թափով կամ պատկերացումով իր գործունեությունը շարունակի»: Ըստ Սահակյանի, ՀԱԿ-ից դուրս եկած ուժերը` «Հանրապետություն» եւ Հայաստանի լիբերալ կուսակցությունները, տեսնելով, որ Հայ ազգային կոնգրեսը չի կարող իրականություն դարձնել այն գաղափարը, որի շուրջ ստեղծվել է` հասնել իշխանափոխության, որոշեցին հեռանալ այդ կառույցից: «Այն քաղաքական ուժերը, որոնք նաեւ, այսպես ասած, հերթը չհասավ, որ անցնեն խորհրդարան, կամ որոշակի նեղվածություն ունեն, ունեցան կամ բռնեցին այս դիրքորոշումը: Հենց այստեղ է, որ պետք է լիներ գաղափարական միասնություն, որպեսզի նման խնդիրներ չառաջանան, եւ, ասենք, ժողովրդի լեզվով ասած` ցուցակակռիվ չտային: Սա է, որ բացակայում է, այսինքն` դա ինչ-որ խնդիր լուծելու համար էին համախմբվել, իսկ եթե այդ խնդիրը այլեւս չեզոքացված է, գոյություն չունի, որպեսզի լուծեն, եւ երկրորդ տարբերակը` տեսնում են, որ ի վիճակի չեն լուծելու այդ խնդիրը, ուրեմն, հարցը փակվում է, եւ այստեղ անելիք չունեն այլեւս»: