Մեր տեղեկություններով, կոալիցիա կազմելու եւ 2013թ. Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու դիմաց ԲՀԿ-ն ակնկալում է ստանալ ԱԺ նախագահի եւ փոխվարչապետի պաշտոնները: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ նախագահի պաշտոնը ցանկանում է ստանալ իր խնամի, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի համար: Իսկ նախագահական ընտրություններից հետո արդեն ԲՀԿ-ն ակնկալում է ստանալ նաեւ իր համար «անհասանելի» համարվող` վարչապետի պաշտոնը` արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար: Ըստ մեր տեղեկությունների, այս հարցերը քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` ՀՀԿ ԳՄ նիստից առաջ կայացած հանդիպման ժամանակ: Ամենայն հավանականությամբ, գոնե Հ. Աբրահամյանի մասով բանակցությունները ցանկալի արդյունք չեն տվել, ինչն էլ, մեր տեղեկություններով, եղել է վերջինիս` սեփական կուսակցության Գերագույն մարմնի նիստին չներկայանալու պատճառը: Իհարկե, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հ.Աբրահամյանը չէր մասնակցում ԳՄ նիստին, քանի որ անկողնային հիվանդ էր: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնին, ապա ՀՀԿ-ում պնդում են, որ Ս.Սարգսյանը դա ոչ մի պարագայում ԲՀԿ-ին չի զիջի: