«Համախմբման» վտանգները

19/05/2012

Եվս մեկ հետընտրական շաբաթ Հայաստանն ապրեց առանց նոր կոալիցիայի: Դրանից կարծես ոչինչ չփոխվեց, ինչպես որ, վստահաբար, չի փոխվելու, եթե նոր կոալիցիա ձեւավորվի կամ չձեւավորվի: Այս ժամանակահատվածը ցույց տվեց նաեւ, որ կոալիցիան իրականում պետք է բացարձակ մեծամասնություն ստացած ՀՀԿ-ին ու վերջինիս քննադատող ԲՀԿ-ին: Խորհրդարան անցած մյուս ուժերը եւս, ամենայն հավանականությամբ, դեմ չէին լինի մասնակցել կոալիցիոն «մասհանումներին», սակայն ժանրի կանոններին հավատարիմ մնալով` դա իրենց թույլ տալ չեն կարող: Թեեւ, ինչպես ցույց տվեցին անցած ընտրությունները, Հայաստանում ոչինչ բացառված չէ: Բառի ամենալայն ու ամենաբացարձակ իմաստով: Սակայն, եթե մինչեւ վերջին օրերը կոալիցիոն քննարկումներն ընթանում էին առավելապես ներքին` իշխանության բաժանման հարթության մեջ, ապա ՀՀԿ գործադիր մարմնի` նախօրեին տեղի ունեցած նիստից հետո ուրվագծվեց նաեւ իշխանության` «կոալիցիոն մտադրությունների» արտաքին կողմը: Այդ նիստից հետո նախ հայտարարվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ շտրիխը «կոալիցիոն գործընկերության» շրջանակներում օրակարգ է մտցվում ՀՀԿ-ի կողմից` ԲՀԿ-ի համար արդարացում ստեղծելու նպատակով: Որպեսզի այնպես, ինչպես նախորդ տարվա փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագրի ժամանակ ԲՀԿ-ն այդ քայլին գնաց «արտաքին մարտահրավերներին» դիմակայելու համար, նույնը կարողանա հայտարարել նաեւ այսօր: Բայց վերջին օրերին ՀՀԿ-ականների կողմից ասպարեզ է նետվել նաեւ մեկ այլ տարբերակ` խորհրդարան անցած բոլոր ուժերի (բացի ՀԱԿ-ից), նույնիսկ արտախորհրդարանական ուժերի համախմբման մասին: Անցած երկու օրերին տարբեր ձեւակերպումներով այդ մասին խոսել են այն ՀՀԿ-ականները, որոնց միջոցով, որպես կանոն, իշխանությունը տեղ է հասցնում իր «մեսիջները»: Եվ որքան էլ գործնականում քիչ հավանական է, ԲՀԿ-ից ու ՕԵԿ-ից բացի, նոր կոալիցիայում այլ ուժերի ընդգրկելու հնարավորությունը, այդ մասին խոսակցությունները վկայում են բավական վտանգավոր երեւույթի մասին: Խնդիրը միայն ու ամենեւին 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի անցնցում վերընտրությունը ու դրա նպատակով այսօրվանից նրան պաշտպանելու խոստումներ ստանալու իշխանության ձգտումը չէ: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել բովանդակությամբ խայտառակ ընտրություններ, որի ձեւական մասն ապահովելով` իշխանությունը կարողացել է ստանալ միջազգային հանրության աննախադեպ գնահատականները: Միամտություն կլինի կարծել, թե ընտրությունները դիտարկող դիտորդներն ու այդ միջազգային հանրության կարծիքը ձեւավորող հայաստանյան առաքելությունները տեղյակ չեն, թե ինչ է իրականում կատարվել Հայաստանում: Այսինքն` շատ լավ իմանալով, ընտրություններին տվել են շատ բարձր գնահատականներ: Ակնհայտ է, որ դա արել են ոչ թե որեւէ մեկի գեղեցիկ աչքերի համար կամ նժդեհյան գաղափարներով տոգորված, այլ շատ որոշակի նպատակներով. ՀՀ իշխանություններից շատ որոշակի խնդիրների լուծման հարցում ցանկալի քայլեր ստանալու համար: Բնականաբար, միջազգային հանրության ակնկալիքներն առաջին հերթին վերաբերում են ղարաբաղյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ընդ որում, բացառված չէ, որ այդ ուղղություններով շոշափելի զարգացումներ լինեն նույնիսկ մինչեւ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները: Ակնհայտ է, որ այս պայմաններում իշխանությանը պետք է հնարավորինս լուռ ընդդիմություն: Իհարկե, մայիսի 6-ի ընտրություններից հետո ընդդիմությունը Հայաստանում դարձել է շատ հարաբերական հասկացություն, քանի որ «սահմանային տոկոսներով» ԱԺ մտցնելով` իշխանությունը նրանց զրկել է այդպիսին լինելու հնարավորությունից: Սակայն, եթե առջեւում սպասվում են Հայաստանի համար ճակատագրական հարցերում որոշակի զարգացումներ, իշխանության համար կարող է վտանգավոր լինել նույնիսկ այդպիսի ընդդիմությունը: Եվ հիմա «համազգային համախմբման» թեզն առաջ քաշելով` իշխանությունները փորձում են լուծել այդ հարցը: Ընդ որում, պատահական չէ, որ վերջին օրերին ՀՀԿ-ականները հայտարարում են, թե բացի ՀԱԿ-ից` տարբեր մակարդակներում հանդիպումներ եղել են ԱԺ անցած մյուս ուժերի ներկայացուցիչների հետ: Նշված համատեքստում ՀԱԿ-ը իշխանությունների համար ամենաանվտանգն է, քանի որ եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, եւ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ, ինչպես ցույց տվեցին «Վիկիլիքսի» հրապարակումները, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է աջակցել Սերժ Սարգսյանին: Այնպես որ, այսօր կոալիցիայի ձեւավորման գործընթացում իշխանությունը փորձում է չեզոքացնել առանց այդ էլ կիսափոշիացած ընդդիմադիր դաշտը, եւ, եթե հաջողի բոլորին նստեցնել մեկ` կոալիցիոն սեղանի շուրջ, ապա խնդիրը վերջնականապես լուծված կարելի է համարել: