Ինքնաբացարկների շքերթ

19/05/2012

Երեկ գրեթե վերջնականապես պարզ է դարձել, թե ՀՀԿ համամասնական ցուցակով ովքեր են գնալու Ազգային ժողով: Երեկվա դրությամբ` այդ ցուցակում անցողիկ է համարվել մինչեւ 109 համարը, որը զբաղեցնում է Տաճատ Վարդապետյանը: Իսկ 110-րդ հորիզոնականում գտնվող պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտնվել է վտանգավոր կետում, եւ առայժմ հայտնի չէ` նա անցնելո՞ւ է, թե՞ ոչ: Եթե նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կամ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը գործադիրում պաշտոն ստանան եւ չգնան ԱԺ, Հ.Սահակյանը կդառնա պատգամավոր եւ չի սպասի հաջորդ ինքնաբացարկին: Ասում են, որ ինքնաբացարկ կարող է ներկայացնել նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Արփինե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ցուցակի 41-րդ հորիզոնականը: Սակայն ՀՀԿ-ում խոսակցություններ կան, թե Հ.Աբրահամյանը ԱԺ նախագահի պաշտոնին հասնելուն զուգահեռ ու նույն ջանասիրությամբ` պայքարում է նաեւ Ա.Հովհաննիսյանին ԱԺ մտցնելու համար: Ըստ որոշ ՀՀԿ-ականների, նախագահ Սերժ Սարգսյանից Աբրահամյանի դժգոհության պատճառներից մեկն էլ այն է, որ Ա.Հովհաննիսյանի համար դեռ հստակ երաշխիքներ չի ստացել: Իսկ երեկ արդեն ՀՀԿ-ում ներկայացվում էին ակնկալվող 69 ինքնաբացարկների դիմումները: ՀՀԿ կազմակերպչական բաժնի պետ Ռուբեն Թադեւոսյանը մեր թղթակցի հետ զրույցում չի մանրամասնել, թե երեկվա դրությամբ ցուցակի որ պաշտոնյայի ինքնաբացարկի դիմումն է իր մոտ: Միայն ասել է, որ այսօր կեսօրից հետո արդեն ամբողջացված կլինի ինքնաբացարկի դիմումներ ներկայացնողների ցուցակը: Սակայն տեղեկություններ կան, թե բոլորից ինքնաբացարկի դիմումները նախապես են վերցրել, պարզապես այժմ քննարկում են, թե իրականում ով պետք է ինքնաբացարկ հայտնի: