Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի գիշերային նիստերը կրկին դարձել են Հայաստանի թիվ մեկ իրադարձությունը: Ողջ քաղաքական դաշտը լարված սպասում է, թե ընտրություններում հաղթած կուսակցությունն իր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդ նիստերում ինչ որոշումներ է կայացնելու:
Այնպես է ստացվել, որ տարիներ շարունակ այս կուսակցության ընդունած որոշումները վերաբերում են ոչ միայն իրենց, այլեւ քաղաքական մյուս ուժերին: ՀՀԿ-ն ու նրա նախագահն են որոշում, թե ընտրություններին որ ուժին քանի տոկոս հատկացնեն, որին իրենց հետ կոալիցիայի մաս դարձնեն եւ որին թողնեն ընդդիմություն: Պարզ է, որ այդքանից հետո ՀՀԿ ԳՄ նիստերի սկսվելուն ու ավարտին պետք է սրտատրոփ սպասեն հատկապես կոալիցիա մտնել ցանկացող կուսակցությունները: Լրագրողներն էլ հավաքվում են այդ կուսակցության գրասենյակի մոտ եւ ժամերով սպասում, որ մեկը դուրս գա եւ մի լուր ասի: Եվ, թերեւս, բնական է, որ այդքանից հետո ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին հարցին, հարազատ կուսակցության գրասենյակի բակից պետք է հենց այդ նույն կուսակցության ղեկավարին պատկանող հեռուստաալիքի ուղիղ եթերում իրենց որոշումներին անդրադառնալիս` հակադարձի` ասելով` «այդ մասին` հաջորդ դասին»: Այնպես որ, նորից եկել է այն շրջանը, երբ ՀՀ քաղաքական դաշտը ՀՀԿ ԳՄ նիստից նիստ տեղատվություն է ապրում:
Իսկ ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստում պետք է քննարկվի եւ հայտարարվի` ԲՀԿ-ի հետ ի վերջո կոալիցիա կազմելո՞ւ են, թե՞ ոչ: Այդ նիստերից հետո պետք է հայտարարվի, թե ովքեր են լինելու կառավարության ու Ազգային ժողովի ղեկավարները, նախարարներն ու պատգամավորները, անկախ այն հանգամանքից, թե կոալիցիոն որ կուսակցության անդամի մասին է խոսքը: Իհարկե, մինչ այդ նիստը այդ նույն քննարկումներն արդեն առանձին անհատների հետ տեղի են ունենում` հիմնականում նախագահական նստավայրում: Սակայն ընտրություններից հետո տեղի ունեցած նման բոլոր քննարկումներից հետո նույնիսկ դեռ պարզ չէ, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ի վերջո, կկազմե՞ն կոալիցիա, կամ ովքե՞ր են ղեկավարելու Կառավարությունն ու ԱԺ-ն: Ու թեեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, թե ինքը տեղյակ է, թե ով որտեղ է պաշտոնավարելու հետագայում, սակայն իրականում ՀՀԿ-ում դեռ ոչ մեկը կոնկրետ ոչինչ չգիտի, որովհետեւ կոնկրետ որոշումներ չեն կայացվել: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ԲՀԿ-ի հետ կոալիցիա կլինի՞, թե՞ ոչ: Նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ թեեւ քննարկվել է այդ հարցը, բայց նորից կոնկրետ որոշումներ չեն կայացրել: Մեր տեղեկություններով` այս ձգձգման պատճառն այն է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռ չի կարողանում կոնկրետացնել, թե ինչ պորտֆելներ է ուզում` կոալիցիա կազմելու եւ 2013թ. նախագահական ընտրություններին Ս.Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարություն անելու դիմաց: Պատահական չէ, որ Գ.Սահակյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ԲՀԿ-ն պետք է որոշի, թե ինչ ակնկալիքներ ունի, եւ դրանից հետո միայն կքննարկեն կոալիցիա կազմելու հարցը: «Մեզանից դեռ ոչ ոք ոչինչ չի ուզել»,- ավելացրեց նա:
Որոշ տեղեկությունների համաձայն, Գ.Ծառուկյանը չորեքշաբթի օրը Ս.Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ այդպես էլ չի կոնկրետացրել, թե բացի մի քանի նախարարական եւ մարզպետական պորտֆելներից, էլ ինչ է ուզում: Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դրդմամբ նորից ցանկանում է վարչապետի պաշտոնը: Բայց քանի որ հասկանում են, որ այս փուլում դա իրատեսական չէ, փոխարենը պահանջում են ԱԺ նախագահի եւ փոխվարչապետի պորտֆելները: Իսկ նախագահական ընտրություններից հետո արդեն` վարչապետի պաշտոնը: ԱԺ նախագահի պաշտոնը ԲՀԿ-ում ուզում են ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի համար: Ավելի շուտ, Հ.Աբրահամյանն ինքն է ցանկանում վերադառնալ այդ պաշտոնին եւ դա փորձում է անել ԲՀԿ-ի միջոցով: Եվ անկախ այն հանգամանքից, թե Հ.Աբրահամյանին նորից ԱԺ նախագահի պաշտոնին վերադարձնելու պայմանավորվածությունը ձե՞ռք է բերվել, թե՞ ոչ, մայիսի 6-ի ընտրություններից հետո քաղաքական դաշտում ու մամուլում այնքան շրջանառվեց ու գերիշխող դարձավ նրա վերադարձի տարբերակը, որ Ս.Սարգսյանին, թերեւս, այլ բան չի մնում, քան ընդամենն ընդունել այդ փաստը ու նրան նշանակել նախկին պաշտոնին: Երեկ Գ.Սահակյանը նաեւ նշել է, որ Հ.Աբրահամյանը ՀՀ կառավարման համակարգում ունենալու է բարձր դերակատարում:
Մինչդեռ ՀՀԿ-ի` նախօրեին տեղի ունեցած նիստից հետո Հ.Աբրահամյանի վերադարձի շուրջ կասկածները մեծացան: Անկողնային հիվանդ լինելու պատճառաբանությամբ նա չէր մասնակցել այդ նիստին: Մեր տեղեկություններով, սակայն, նրան առայժմ չի հաջողվել ԱԺ նախագահի պաշտոնի համար հստակ խոստում ստանալ: Եվ նիստին չմասնակցելով` նա իր դժգոհությունն է արտահայտել Ս.Սարգսյանից: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, ըստ իշխանական շրջանակներում քննարկվող տեղեկությունների, Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի պահանջների արդյունքում` Գ.Ծառուկյանը խճճվել եւ անելանելի վիճակում է հայտնվել: Նա մի կողմից` չի կարողանում դուրս գալ Ռ.Քոչարյանի պահանջների շրջանակից, մյուս կողմից` չի ցանկանում դեմ դուրս գալ Ս.Սարգսյանին եւ վտանգի ենթարկել իր տնտեսական գործունեությունը: Որոշ տեղեկությունների համաձայն` Գ.Ծառուկյանն ինքն է Ս.Սարգսյանի հետ սկսել կոալիցիային վերաբերող բանակցությունները: Եվ ԲՀԿ-ից հնչող նախկին կոշտ հայտարարություններն արդեն սկսել են մեղմվել: Հիշեցնենք, որ ընտրություններից հետո ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը նախ հայտարարել էր, թե կոալիցիա կազմելը ճիշտ չի լինի, իսկ դրանից հետո կարծիքը մեղմելով` ասել էր, թե «կոալիցիա կազմելն իրենց համար ինքնանպատակ չէ»: Վերջին հաշվով, Գ.Ծառուկյանը կցանկանար ընդունել Ս.Սարգսյանի պայմանները, կոալիցիա կազմեր ու չվտանգեր իր բիզնեսը, բայց այս դեպքում էլ իրենց պահանջներով նրան անընդհատ ճնշում են Հ.Աբրահամյանն ու Ռ.Քոչարյանը: Համենայնդեպս, այս տրամաբանությամբ են իշխանական շրջանակներում բացատրում կոալիցիա կազմել-չկազմելու հարցի շուրջ այսքան ձգձգվող անորոշությունը:
Իսկ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցում, ինչպես տեղեկացրել էինք, ՀՀԿ-ում կան հակասական դիրքորոշումներ, ինչը, ասում են, դրսեւորվել է նաեւ վերջին նիստի ժամանակ: Մեր տեղեկություններով, մասնավորապես, Գ.Սահակյանը, Դավիթ Հարությունյանը եւ ԳՄ-ում Հ.Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող կամ ԲՀԿ-ի հետ համագործակցություն ունեցող մի քանի անդամներ Ս.Սարգսյանին հորդորել են «ամեն գնով» այդ կուսակցության հետ կոալիցիա կազմել: Այս դիրքորոշումը դուր չի եկել ոչ միայն ԳՄ-ում հակառակ տեսակետն ունեցող անդամներին, այլ նաեւ` Ս.Սարգսյանին: Ու քանի որ այս օրերին անկողնային հիվանդ է այդ կուսակցությունների կապող օղակը հանդիսացող Հ.Աբրահամյանը, հավանաբար Գ.Սահակյանին երեկ «հորդորել» էին մամուլի ասուլիս հրավիրել` հայտարարելու, թե կուսակցությունները պետք է հստակ ներկայացնեն ՀՀԿ-ից ունեցած իրենց ակնկալիքները:
Ինչ վերաբերում է նոր պաշտոնանկություններին կամ պաշտոնները վերաբաժանելու խնդրին, ՀՀԿ-ում գերիշխող է այն տեսակետը, որ թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունենալու, քանի որ առջեւում նախագահական ընտրություններն են: Լուրջ փոփոխություններ կարվեն ու իրական կոալիցիան կկազմվի արդեն նախագահական ընտրություններից հետո: