ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմինը նախօրեին բանաձեւ է ընդունել, որում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ըստ ԱՄՆ-ում հրատարակվող «The Armenian Weekly» պարբերականի, նահանգային խորհրդարանն իր ընդունած բանաձեւում նաեւ խրախուսում է «որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու»` Ղարաբաղի շարունակական ջանքերը եւ բարձր գնահատում չճանաչված հանրապետության «կառուցողական ներգրավվածությունը միջազգային հանրությունում եւ առկա տարածաշրջանային հիմնախնդիրների երկարատեւ լուծման հասնելու նրա ջանքերում»: Քվեարկությանը, տեղի հայ համայնքի ազդեցիկ գործիչների հետ մեկտեղ, ներկա է գտնվել նաեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ով երախտագիտություն է հայտնել Ռոդ Այլենդի օրենսդիր մարմնին: «Հուսով եմ, որ մարդու իրավունքների եւ արդարության մեր ընդհանուր արժեքներին Ռոդ Այլենդի օրենսդիր մարմնի նվիրվածությունը օրինակ կդառնա այլ օրենսդիր մարմինների համար Միացյալ Նահանգներում եւ երկրի սահմաններից դուրս»,- ասել է Ռ. Ավետիսյանը։