Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո շարունակում էր բուհում աշխատել որպես պրոֆեսոր, երեկ դիմում է գրել աշխատանքից ազատման մասին: Սուրեն Զոլյանը նախկինում համատեղում էր ռեկտորի եւ դասախոսի աշխատանքները (քառորդ դրույքով) եւ, ազատվելով ռեկտորի պաշտոնից, պետք է տեղափոխվեր պրոֆեսորի կես դրույքով աշխատանքի` պայմանագրային հիմունքներով, իսկ այդ տեղափոխումը, ըստ Զոլյանի դիմումի, անհարկի ձեւով ձգձգվում է: «Նման պայմաններում ես հնարավոր չեմ համարում իմ` օրինական որեւէ ձեւով չվավերացված պրոֆեսորի գործունեությունը: Ուստի խնդրում եմ ձեզ` ազատել ինձ լեզվաբանության եւ հաղորդակցման տեսության ամբիոնի համատեղության կարգով 0.25 դրույքով պրոֆեսորի հաստիքից եւ կատարել վերջնահաշվարկ»,- դիմումում նշել է Սուրեն Զոլյանը: «Սկսել են ինչ-ինչ անհեթեթ պատմություններ պատմել, թե ես դիմում չեմ գրել, թե ես պիտի իմ համաձայնությունը տամ: Եթե ես մտնում եմ լսարան, ուրեմն ես իմ համաձայնությունը տվել եմ աշխատելով, ոչ թե ես պիտի գամ իրենց ասեմ` գիտես, ես համաձայն եմ աշխատել: Եթե ես մտնում եմ լսարան, տետրեր եմ ստուգում, թվանշաններ եմ դնում, ինչի՞ մասին է խոսքը: Այդ պատճառով ես գրեցի իմ դիմումը, թող ովքեր որ այսպիսի վիճակ են ստեղծել, մտնեն լսարան եւ դասընթացները կարդան, ինչպես նաեւ թող ընդունեն թեկնածուականները»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ս. Զոլյանը: