«Վարչապետը մըզ ասալ ա՝ եղունգ օնիս, գլուխդ քորի»,- ասում է հադրութցի կինը

19/05/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԼՂՀ Հադրութ տանող ճանապարհի առաջին կետը զինվորական շտաբն էր, որտեղով մարդիկ անցնում էին լուռ ու ներքին հանդարտությամբ: Հադրութի կենտրոնական խաչմերուկի եզրերին արածող անասուններն էլ նույնքան հարմարվել էին իրենց կյանքին: Սակայն բնության ու մարդու միջեւ կապը երբեմն խզվում էր սահմանի այն կողմից հնչող կրակոցների պատճառով: Այս մասին տեղի բնակիչները խոսում էին այնպես, կարծես արեւի գալ ու գնալու մասին էր խոսքը: Հադրութի կաթնագույն ավազե փողոցում մարդկանց շարժը, կարծես, դանդաղել էր: Ժանգոտած դարպասներից մեկի մոտ հանդիպեցի Սուսաննա տատիկին, ով առանց տրտնջալու` ներկայացնում էր իրենց կյանքը: Նրա ասելով` բողոք ու դժգոհություն չունի կյանքից, որովհետեւ իրենք արդեն տեսել են կյանքի գրեթե բոլոր դժվարությունները: Իսկ խոսելիս անուն առ անուն հիշում էր Արցախի հերոսներին: «Հայերի եւ ադրբեջանցիների ճանապարհն ընդհանուր էր: Ստեփանակերտ գնալ-գալու ճանապարհին ադրբեջանցիք սկզբից քարավըն լա տամ, հետո փռնումըն լա թակում հայերին, իսկ հետո շրջափակում լա` Ստեփանակերտ ոչ մի սնունդ չի լա կյամ: Լոխ հիշում ըմ…»,- վերհիշում էր Սվետլանա տատը, ում խոսքով` պատերազմի կայծը բռնկվեց Հադրութից: «Էն վախտ մըզ զենք չի լա, ու առաջին ճակատամարտն ամենածանրը լա: Հադրութը սաղ թոխպ լա, որովհետեւ էնքան գրադըն լա քըցած: Տղաս համ պաշտպանում լա գյուղը, համ դիբի հետ յեշում մըր տանը… 17 խոխա պաշտպանալըն մըր գյուղը»,- ձայնի նկատելի թրթռոցով պատմում էր հադրութցի տատը` նայելով դեպի սահմանը:

Նրա հետ զրույցին միացան նաեւ հարեւանները, որոնց դեմքերն այնքան հոգսաշատ էին: Զրույցից հետո պատրաստվում էի հեռանալ, երբ նրանցից ամենաակտիվը` Լանա Ավետիսյանը, խնդրեց սպասել: Երբ վերջինիս ասացի, որ լրագրողներին Հադրութ բերած ավտոմեքենան պատրաստվում էր գնալ, նա դեմքի այնպիսի հուսահատ արտահայտություն ընդունեց, որ հնարավոր չէր առարկել նրա խնդրանքին: Տիկին Լանայի հետ վերամբարձ ճանապարհը հաղթահարելով` հասանք նրա տան դարպասին: Դարպասը բացվեց առանց ճռռալու, որտեղ մի նեղ արահետ ուղղորդեց մեզ դեպի տուն: Հեռվից շենքը դողդոջուն տեսք էր ընդունել, ինչին, սակայն, տիկին Լանան ուշադրություն չէր դարձնում: «Կռվին վըխտին տան յերա գրադ ա պայթալ: Տոնը խարաբ ա ըրալ»,- տան կիսաքանդ աստիճաններին խոսում էր կինը: Վերջինիս փոխանցմամբ` ԼՂՀ կառավարությունը մինչ օրս չի փոխհատուցել պատերազմի հետեւանքով ավերված տան համար: Ըստ նրա` տունը մասամբ վերականգնել են իրենց միջոցներով, բայց տան պատերից մեկն արդեն փլուզման եզրին է: «Մուք դիմալ ընք ԼՂՀ վարչապետին, բայց վարչապետը մըզ ասալ ա` եղունգներ օնիս, գլուխդ քորի: Պատերազմից հետո ոչ մի բանով չեն օգնել մեզ»,- իրավիճակը ներկայացրեց տիկին Լանան: Նրա ասելով` տունն ավերվել է 1993թ.: Այդ ժամանակ իրենք արկերից թաքնվում էին իրենց տան դիմաց գտնվող պետական շենքի նկուղային հարկում: Կինը փառք է տալիս Աստծուն, որ մարդկային կորուստներ չեն ունեցել ընտանիքում: «Ռեմոնտ չեմ ուզում, մատաղ: Թող մինակ տանս պատերը տընին, էդ ինձ լրիվ հերիք ա: Ինձ կրասկա պետք չի»,- նշեց տիկին Լանան` նկատելով, որ ժամանակին պատերազմի հետեւանքով ավերված ու վնասված տներն օգնություն էին ստացել, բայց իրենք, չգիտես ինչու, անմասն էին մնացել դրանից: Տիկին Լանան հանգամանորեն ներկայացնում էր տան ներկա վիճակը: Տան երեք սենյակներից միայն մեկն էր, այսպես ասած` «բարեկարգ» պայմաններում, իսկ մյուս երկուսը` նման էին ցախատանը: Այդ սենյակներում ամեն ինչ քաոսային էր, որտեղ «խառնվել» էին օգտագործելի եւ ոչ օգտագործելի իրերը: Սենյակի կենտրոնում փռված լվացքի ուղղությամբ նայելով` զրուցակիցս հանկարծ վերհիշեց պատերազմը: «Ես հիվանդանոցում էի աշխատում էդ ժամանակ: Պահեստապետ էի: Ամեն ինչ տեսել եմ` մեռելները, վիրավորները… Մենք օգնում էինք ամեն վայրկյան… Երբ խոսում են հնարավոր պատերազմի մասին, ահավոր վախենում եմ: Երբ դիվիզիայի կողքով գալիս եմ, չէ՞, ինչ լինում է մոտս` խնձոր կամ ուտելու ինչ-որ բան, անպայման տալիս եմ: Սալդաթները մեզ պահեցին… Եթե նրանք չլինեին, մենք ո՞վքեր ենք»,- ասաց հադրութցի կինը` նկատելով, որ պատերազմի ժամանակ իրենք եւս պատրաստ են պաշտպանել իրենց հողը:

Տան պայմանները ներկայացնելիս` տիկին Լանան անընդհատ կարմրում էր, ապա` հանկարծակի հույսով լցվում, որ միգուցե մի օր էլ Կառավարությունը նկատի իրենց կարիքները, եւ իրենց տունն էլ վերականգնվի, ինչպես հարեւաների տները…