Facebook-ի հույսին

17/05/2012

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայայի հետ` վերջինիս խնդրանքով: Այդ մասին Օսկանյանը երեկ գրել է Facebook-ի իր էջում: «Տիկին Շեկերինսկայան ցանկանում էր լսել իմ մեկնաբանությունները եւ գնահատականները` ընտրությունների ընթացքի, արդյունքների, ինչպես նաեւ` դիտորդների գործունեության վերաբերյալ»,- գրել է նա` տեղեկացնելով նաեւ, որ դիտորդական առաքելության ղեկավարին ասել է, թե մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը` բացատրելով, թե ինչու: Հետաքրքիր է, որ այդ հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը տարածել է ոչ թե, ասենք, ԲՀԿ մամուլի ծառայությունը, այլ Օսկանյանն` ինքը, սեփական էջում: Այսինքն` այդպիսով ԲՀԿ-ն հասկացնում է, որ հերթական անգամ Վարդան Օսկանյանը արտահայտել է անձնակա՞ն կարծիքը: