«Ժառանգություն» կուսակցության շուրջ ծավալվող խոսակցությունները շարունակվում են, եւ, որքան այդ ուժի ներկայացուցիչները խուսափում են մեկնաբանություններ տալ, այնքան նոր վարկածներ են շրջանառվում քաղաքական կուլիսներում: Մասնավորապես, շարունակում են տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, հրաժարվելու է պատգամավորական մանդատից, ինչի արդյունքում սպասվում են փոփոխություններ նաեւ համամասնական ցուցակում: Մեր տեղեկություններով, Ր. Հովհաննիսյանը դեռեւս հապաղում է հայտարարել ինքնաբացարկի մասին, քանի որ այդ կուսակցության ներսում դեռեւս թեժ բանավեճ է ընթանում այն հարցի շուրջ, թե ում է բաժին հասնելու Ր.Հովհաննիսյանի մանդատը` համամասնական ցուցակի հաջորդ` 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Թեւան Պողոսյանի՞ն, թե՞ ցուցակի ոչ անցողիկ տեղերում գտնվող Ստեփան Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին կամ Արմեն Մարտիրոսյանին: Թեեւ վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում են այս տեղեկությունները, սակայն այդ հարցի տեխնիկական, ընթացակարգային մասը կարծես երկրորդ պլան է մղվել: Բանն այն է, որ Ս. Սաֆարյանի կամ մյուսների` մանդատ ստանալու համար անհրաժեշտ է, որ ինքնաբացարկ հայտնեն ցուցակում նրանից առաջ գտնվող թեկնածուները, մասնավորապես` հանրային սեկտորի ներկայացուցիչ Թեւան Պողոսյանը եւ «Ազատ դեմոկրատների» անդամ Մասիս Այվազյանը: Իսկ «Ազատ դեմոկրատներն» արդեն հայտարարել են, որ իրենց ցուցակի ոչ անցողիկ, ոչ էլ ոչ անցողիկ տեղերում փոփոխություններ չեն լինելու: Ինչ վերաբերում է «Ժառանգության» ներսում ընթացող խմորումներին, ապա, որոշ տեղեկությունների համաձայն, ԱԺ չանցած հայտնի ժառանգականները` Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը Ր. Հովհաննիսյանին դժգոհություն են հայտնել նաեւ այն առնչությամբ, որ եթե իրենցից ոչ մեկը պատգամավոր չի դառնում, ինչո՞ւ է բացառություն արվել Զարուհի Փոստանջյանի համար: Այս հարցով քննարկումները, նույն աղբյուրների համաձայն, այնքան էլ հաճելի ընթացք չեն ստացել եւ լարվածություն են առաջացրել կուսակցականների ու Ր.Հովհաննիսյանի միջեւ: Դա հարթելու համար, Ր. Հովհաննիսյանը փորձում է Զ. Փոստանջյանին համոզել, որ նա նույնպես վայր դնի պատգամավորական մանդատը, սակայն ասում են, որ վերջինս անդրդվելի է: Հիշեցնենք նաեւ, որ «Ժառանգությունը» հունիսի 2-ին հրավիրել է արտահերթ համագումար: Կուսակցությունը թեեւ հայտարարել է, թե դա արվում է վարչության կազմում որոշ փոփոխություններ իրականացնելու համար, սակայն, մեր տեղեկություններով, իրականում այդ միջոցառման նպատակն այն է, որ Ր.Հովհաննիսյանը հայտարարի մանդատը վայր դնելու մասին: Մեր աղբյուրները չեն բացառում նաեւ, որ նա առժամանակ հեռանա ակտիվ քաղաքականությունից եւ մեկնի ԱՄՆ: Ինչ վերաբերում է 2013-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությանը, ապա այդ հարցում, ըստ մեր աղբյուրների, հստակություն կմտցվի Ր.Հովհաննիսյանի ամերիկյան այցից հետո: Նշենք նաեւ, որ Ր. Հովհաննիսյանի` մանդատը վայր դնելու դեպքում, ըստ մեր աղբյուրների, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար կդառնա «Ազատ դեմոկրատների» նախագահ, «Ժառանգության» համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանը: Շրջանառվող տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան` երեկ «Ժառանգության» փոխնախագահ Ռ.Հակոբյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց միայն, որ, թեեւ ոչինչ չի բացառվում, սակայն իրենց մոտ առայժմ վերը նշված հարցերը չեն քննարկվում, որեւէ որոշում չեն կայացրել: Իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունները Հակոբյանը համարեց արհեստածին: