Ինչպես տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության տարածած մամլո հաղորդագրության մեջ. «Ր. Հովհաննիսյանին Վիեննա ուղեւորվող ինքնաթիռ մուտք գործելուց առաջ կանգնեցրել է իրեն որպես օդանավակայանի Ազգային անվտանգության (նախկին ԿԳԲ) գործակալ ներկայացնող Արսեն Պողոսյանը: Պարոն Պողոսյանն ասել է, թե իր աշխատանքն ուղեւորների անվտանգությունն ապահովելն է: Րաֆֆի Հովհաննիսյանը հարցաքննվել է իր ուղեւորության նպատակի, Հայաստանի Սահմանադրության եւ այլ հարցերի շուրջ, որոնք որեւէ առնչություն չունեն օդանավակայանի ապահովության հետ»: Իբր պետական գաղտնիք պարունակող նյութեր հայտնաբերելու նպատակով՝ մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկվել Ր Հովհաննիսյանի անձնական իրերն ու փաստաթղթերը: «Այդ փաստաթղթերի մեջ էին «Ժառանգություն» կուսակցության կողմից պատրաստված Սահմանադրության մի նախագիծ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հրատարակություններ, Երեւանյան թատրոնների դեկտեմբեր ամսվա ներկայացումների ցանկը, ՀՀ գործող նախագահին հասցեագրված, բայց չուղարկված անձնական մի նամակի նախագիծ եւ Հովհաննիսյանի ուղետոմսը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: Սակայն ՀՀ ԱԳ առաջին նախարարի հետ տեղի ունեցած միջադեպը միայն այսքանով չի սահմանափակվել: Մի քանի հեռախոսազրույցներ ունենալուց հետո Պողոսյանը կանչել է «մաքսային գործակալ» Կարեն Պետրոսյանին եւ նրան հրահանգել՝ անձնական փաստաթղթերի ավելի հանգամանալից ուսումնասիրություն առանձին սենյակում: Վերջինս նաեւ կարգադրել է պատճենահանել Ր. Հովհաննիսյանի մոտ եղած թղթակցության նախագիծը: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն ի վերջո առարկել է եւ պահանջել, որ իր թղթերը ետ վերադարձնեն: Հակառակ պարագայում՝ Ր. Հովհաննիսյանը պահանջել է ներկայացնել ինքնաթիռ իր մուտքի կասեցումը եւ խուզարկումը հիմնավորող պաշտոնական փաստաթուղթ: «Ժառանգություն» կուսակցության նախագահին ի վերջո թույլատրել են բարձրանալ ինքնաթիռ: Բայց վերջում ԱԱԾ աշխատակից Արսեն Պողոսյանն ասել է, թե «կհանդիպեն» Հովհաննիսյանի վերադառնալուն պես: Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ուղեւորվում էր Կիեւ` մասնակցելու ժողովրդավարական ընտրության միջազգային հանրության ֆորումին, որին ներկա կլինեն նաեւ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Բորիս Տարասյուկը, ԱՄՆ սենատոր Ջոն Մքեյնը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, դիվանագետներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպաններ: Տարածված մամլո հաղորդագրության մեջ ընդգծված է, որ «Նման միջադեպեր Հովհաննիսյանի հետ պատահել են նախկինում` խորհրդային ժամանակաշրջանում եւ Թուրքիայում, սակայն, ոչ երբեք` Հայաստանի անկախ Հանրապետությունում, որի դրոշը նա է բարձրացրել ՄԱԿ-ում»: Հասկանալի է, որ այս ամենը կապված է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ վերջերս ցուցաբերած քաղաքական աննախադեպ ակտիվության հետ: Ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում նախաձեռնեց եւ անցկացրեց քաղաքացիական ժողով եւ երկու օր անընդմեջ ՀՀ պետական դրոշի ներքո, ի նշան բողոքի, կանգնած մնաց: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստան կժամանի դեկտեմբերի 3-ին:
Հ.Գ. Ի դեպ, նոյեմբերի 28-ին, ուշ երեկոյան Արաբկիրի ոստիկանության աշխատակիցներն այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն: Կենտրոնում եղած աշխատակցին ոստիկանները տեղեկացրել են, որ չարտոնված հանրահավաքի կամ այլ միջոցառման դեպքում իրենք կձեռնարկեն համապատասխան միջոցառումներ: Խոսքը հաջորդ օրը Մատենադարանի մոտ հրավիրված ընդդիմության հերթական հանրահավաքի մասին էր: