«Սերժ Սարգսյանը Մոսկվայում կարժանանա վարչապետի մակարդակով ընդունելության, քանի դեռ չի կարողանում պարադոքսից դուրս գալ եւ հստակ պատասխանել` ՀՀ-ն իրեն տեսնո՞ւմ է ԱՊՀ մաքսային միությունում, թե՞ ոչ, իսկ ՀՀ-ի պատասխանը միշտ եղել է` «թող կառույցը կայանա, մենք հետո կտեսնենք»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը` գնահատելով փաստը, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում արժանացավ վարչապետի մակարդակով ընդունելության, եւ ՌԴ նախագահն այդպես էլ չընդունեց նրան: Ըստ Ա. Կարապետյանի, այդպիսով Պուտինն արտահայտել է իր վերաբերմունքը ՀՀ ԱԺ ընտրությունների նկատմամբ: Կարապետյանի կարծիքով, Հայաստանում ապագայում իրավիճակը կսկսի փոխվել դեպի վատը, բայց դա չի նշանակում, որ իշխանությունն իր ֆինանսական ռեսուրսով չի կարողանալու պայքարել: Նա գտնում է, որ Սերժ Սարգսյանը մտահոգ է երկրում ստեղծված իրավիճակով, որը բաժակաճառերով չի փոխվի, եւ պետք կլինեն իրական քայլեր: Ըստ Ա. Կարապետյանի, Հայաստանում փոփոխությունների հիմք են դառնում նախագահական ընտրությունները, երբ ժողովուրդն ընտրում է ընդդիմադիր թեկնածուներին: «13 տարի ժողովուրդը ձայն է տալիս, բայց իրենց տրված քվեն ռեալ իշխանության չեն կարողանում վերածել»,- ասել է նա` ավելացնելով, որ եթե հիմա ժողովուրդը տեսնի, որ նոր ընդվզումը մինչեւ վերջ կտանեն, նորից ոտքի կկանգնի: Ա. Կարապետյանն ասել է, թե իր կարծիքով` «նոր հեղափոխությունն առաջնորդելու են այն մարդիկ, ովքեր այս ընտրություններին չմասնակցեցին»: ՀԱԿ-ին նա այդ ուժերի թվում չի տեսնում, քանի որ, ինչպես մյուս ուժերը, ՀԱԿ-ը եւս չի լսել Կարապետյանի հորդորները եւ մասնակցել է ընտրություններին: Արդյունքում` ընդդիմությունն այսօր ունի ընդամենը 20 մանդատ եւ ոչինչ անել չի կարող, բացի ԱԺ-ում սկանդալներ բարձրացնելուց: ԲՀԿ-ն էլ, պարոն Կարապետյանի կարծիքով, չի կարող օգնել ընդդիմությանը։ «Ո՞նց կարող է օլիգարխը լինել ընդդիմադիր»,- հարցրել է նա: