Մի քանի օր անընդմեջ արձանագրվող աճից հետո` երեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը վերջապես «հանգստացավ»։
Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում` դոլարի միջին փոխարժեքը կազմել է 396.99 դրամ։ Դա 0.147 տոկոսով կամ 0.54 կետով զիջում է մայիսի 15-ի ցուցանիշին: Բորսայի բացման ժամանակ փոխարժեքը կազմել է 397.5 դրամ, փակման ժամանակ` 397 դրամ։ Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 61 գործարք, որոնց արդյունքում վաճառվել է 8 միլիոն 550 հազար դոլար։ Դատելով փոխարժեքի կայունացումից` կարելի է ենթադրել, որ այդ գումարն ամբողջությամբ կամ դրա մեծ մասը Կենտրոնական բանկի ինտերվենցիայի արդյունքն է։ Դա հստակ կերեւա երկուշաբթի օրը, երբ ԿԲ-ն կհրապարակի ֆինանսական գործարքների շաբաթական տվյալները։
Ինչեւէ, անկախ երեկվա աննշան շեղումից, դոլարի փոխարժեքը շարունակում է ռեկորդային բարձր մնալ։ Փոխանակման կետերը 1 ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 395 դրամով, վաճառում՝ 398.5-399 դրամով։ Այսինքն՝ գրեթե հասել ենք 400 դրամ հոգեբանական նիշին։
Վերջին մի քանի օրերի ընթացքում փոխարժեքի թեման տնտեսական լրահոսի առաջին հորիզոնականներում էր։ Ամենագլխավոր հարցը հետեւյալն է՝ ինչո՞վ կարելի է բացատրել դոլարի թռիչքը։ Պաշտոնական վիճակագրությամբ, դոլարի դեֆիցիտի պատճառներ չպետք է լինեին, քանի որ մասնավոր տրանսֆերտները շարունակում են աճել, աճում է նաեւ ներմուծումը։ Այսինքն՝ արտարժույթի ներհոսքը չի դադարել։ Այդ պարագայում միակ եւ ամենատրամաբանական բացատրությունը մնաց ընտրությունները։ Այսինքն՝ նախընտրական շրջանում բավականին մեծ ծավալի արտարժույթ է փոխարկվել դրամի՝ ընտրական ծախսերը հոգալու համար, եւ այժմ դրամի այդ «ավելցուկը» ճնշում է գործադրում դոլարի փոխարժեքի վրա։ Այս տեսակետի օգտին է վկայում նաեւ այն վիճակագրությունը, որ ապրիլի ընթացքում ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալն ավելացել է 35 միլիարդ դրամով։ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը (դրամի արժեզրկման վերաբերյալ) ի պատասխան` Կենտրոնական բանկը տվել է հետեւյալ պարզաբանումը. «Հայաստանը որդեգրել է փոխարժեքի լողացող ռեժիմ, որը ենթադրում է շուկայական տարբեր գործոնների ազդեցության ներքո արտարժույթի նկատմամբ առաջարկի եւ պահանջարկի փոփոխություններ, որոնք էլ հանգեցնում են դրամի փոխարժեքի կարճաժամկետ տատանումների` ինչպես արժեզրկման, այնպես էլ` արժեքավորման ուղղությամբ»:
Հաջորդ հարցը հետեւյալն էր` կշարունակվի՞ արդյոք դրամի արժեզրկումը, եւ եթե այո՝ ապա մինչեւ ո՞ւր կհասնի։ Ուշագրավն այն է, որ այդ հարցին հստակ պատասխան ոչ ոք չի տա, քանի որ ենթադրվում է, որ շուկան ինքնակարգավորվող է, եւ ոչ մեկը չի կարող հստակ կանխատեսել փոխարժեքի վարքագիծը։ Ըստ այդմ, հայաստանյան ԶԼՄ-ները հարցը դիտարկում էին հետեւյալ տեսանկյունից` կարո՞ղ է արդյոք ԿԲ-ն կայունացնել փոխարժեքը։ Նկատի ունենալով, որ նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն 6.5 միլիոն դոլար էր վաճառել, սակայն դրամը շարունակում էր արժեզրկվել, մի շարք վերլուծաբաններ հետեւություն արեցին` իրավիճակը դուրս է եկել ԿԲ-ի վերահսկողությունից։ Սակայն երեկվա իրավիճակը ցույց է տալիս, որ ԿԲ-ն, այնուամենայնիվ, կարողանում է վերահսկել իրավիճակը։
Եվ, վերջապես, փոխարժեքի հետ կապված կարեւոր է հարցը` օգտակա՞ր է դրամի արժեզրկումը ՀՀ տնտեսությանը, թե՞ հակառակը։ Դասագրքային ճշմարտություն է, որ ազգային արժույթի արժեզրկումը երկարաժամկետ հեռանկարում օգտակար է տեղական արտադրողներին եւ արտահանողներին։ Սակայն այդ օգուտն իրական է միայն այն դեպքում, երբ արժեզրկումը տեղի է ունենում սահուն կերպով` առանց լուրջ տատանումների։ Մինչդեռ փոխարժեքի թռիչքը հատկապես ընտրություններից հետո, առանց վերապահության` կարելի է լուրջ տատանում համարել։
Սակայն կա նաեւ մեդալի հակառակ կողմը` դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի։ Հայաստանի համախառն սպառման մեջ ներմուծումը բավականին մեծ տեսակարար կշիռ ունի, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է ոչ միայն ներմուծվող ապրանքների, այլեւ` շղթայական ռեակցիայով, տեղական արտադրության ապրանքների գների աճի։ Ի դեպ, որոշ ապրանքներ արդեն իսկ թանկացել են (օրինակ` արտասահմանյան ծխախոտի մի շարք տեսակներ)։ Կեսկատակ-կեսլուրջ նշվում է, որ ապրանքները թանկացնելով` հայրենի գործարար-պատգամավորները ցանկանում են ետ բերել ընտրարշավի ընթացքում իրենց ծախսած միլիոնները։ Եթե այդպես է, ապա նրանք այժմ ունեն լուրջ հիմնավորում, թե ինչու են բարձրացնում ապրանքների գները։ Դա, իհարկե, փոխարժեքն է։
Կա եւս մի խավ, որը խանդավառված չէ դրամի արժեզրկմամբ, առավելեւս՝ կտրուկ արժեզրկմամբ։ Խոսքը վերաբերում է դրամային ավանդներ ունեցողներին։ Նրանք ուղղակիորեն գումար են կորցնում այս պրոցեսի արդյունքում։ Դրամը 1 տարվա ընթացքում արժեզրկվել է շուրջ 6 տոկոսով։ Եթե սրան էլ գումարենք նաեւ 4-5 տոկոսանոց գնաճը` ստացվում է, որ դրամային ավանդ ներդնելով` ավանդատուն ոչ թե պետք է ինչ-որ բան շահելու հույս ունենա, այլ պարզապես ուրախ լինի, որ գոնե չի կորցնում` փոխարժեքի եւ գների տատանումների արդյունքում։ Այսինքն` դրամային ավանդը ռիսկային բան է, դրա համար էլ մեր հայրենակիցներից շատերը վերջին օրերին խուճապային տրամադրությունների մեջ էին հայտնվել` վախենալով դրամի հետագա արժեզրկումից։
Այս ամենի արդյունքում, սակայն, շահող կողմ էլ կա` առեւտրային բանկերը։ Ագրեսիվ գովազդային քաղաքականություն վարելով եւ ավելացնելով դրամային ավանդների տոկոսադրույքները` բանկերը վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն ավելացրել են դրամային ավանդների ծավալները։ Միեւնույն ժամանակ` վարկավորման ժամանակ նախապատվությունը տվել են արտարժույթին (մասնավորապես` ԱՄՆ դոլարին)։
Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա մարտի վերջի դրությամբ դրամային ավանդները կազմել են ընդհանուր ավանդների 30.8%-ը, մինչդեռ նախորդ տարվա մարտին այդ ցուցանիշը 28.9% էր։ Այսինքն, բանկերի ավանդային պորտֆելում դրամային ավանդների տեսակարար կշիռը մեծացել է։ Վարկավորման պարագայում հակառակն է` վարկային պորտֆելը դոլարայնացվել է։ Եթե նախորդ տարվա մարտի վերջի դրությամբ դրամով տրամադրված վարկերը կազմել էին ընդհանուր վարկային ներդրումների 39.04%-ը, ապա այս տարվա մարտի վերջին ցուցանիշն իջել է 36.46%-ի։
Եթե ձեւակերպենք կարճ ու կոնկրետ` բանկերը պարտք են վերցրել դրամով, պարտք տվել` դոլարով։ Դրամով վերցրած պարտքի համար ավելի բարձր տոկոս են առաջարկել, սակայն դա ամբողջովին փոխհատուցվել է դրամի արժեզրկման արդյունքում։ Իսկ դրամային ավանդներ ունեցողներին կամ ավանդ ներդնել ցանկացողներին պարզապես խորհուրդ կտայինք հիշել հայտնի ճշմարտությունը եւ բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չպահել։ Մանավանդ, եթե այդ զամբյուղը հայկական է։