Անհատապես

17/05/2012

«Սերժ Սարգսյանն առաջիկա 5 տարիներում դարձավ դրության տերը` անհատապես»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ըստ որի` հենց խորհրդարանական ընտրություններն էլ ամրապնդեցին գործող նախագահի դիրքերը: Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին` Հայրիկյանն ասել է. «Մեկ այլ անհատ, ով երազում էր չդառնալ երիտասարդ թոշակառու, հասկացավ, որ ամենից լավ տեղն իր համար թոշակառու լինելն է: Հիշում եք, չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ չի պատրաստվում դառնալ երիտասարդ թոշակառու»: Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա, ըստ Հայրիկյանի` «Նա հասկացավ, որ իր երգը երգված է, կամ, ավելի ճիշտ, իր պարը պարված է»: «Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցով մի փոքր բան կա, որ գոհունակությամբ պետք է արձանագրել. անձամբ ես ներդրում եմ ունեցել` ԱԺ-ում ներկայանալու համար կիսով չափ կրճատել այն, ինչ Տեր-Պետրոսյանը կարող էր ստանալ»,- ասել է Հայրիկյանը`ավելացնելով, որ նախագահական ընտրություններն այլեւս ոչ մի նշանակություն չունեն. «Որովհետեւ պառլամենտն է որոշում ամեն ինչ, նույնիսկ` նորընտիր նախագահի պաշտոնազրկումը»: Այդքանից հետո Հայրիկյանն ասել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում, հավանաբար, կառաջադրի իր թեկնածությունը: «Այս պահին վաղ է խոսել, բայց, հավանաբար, այո»,- ասել է նա: