«Հայաստանում միանշանակ ավելանում է միասեռականների թիվը, ովքեր իրենց ավելի ու ավելի լավ են զգում»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը` դա պայմանավորելով հասարակության վերաբերմունքով եւ քարոզչությամբ: Համասեռականների պատճառաբանությունը, թե համասեռական դառնալը բնությունից է տրված, Սամվել Խուդոյանը անհիմն է համարում: «Հատկանշական է, որ կիսավայրենի ցեղերի մոտ այս երեւույթը գրեթե չի հանդիպում, որովհետեւ նրանք հասարակ գործընթաց են անցկացնում, դեռահասության տարիքում ձեռնադրում են, տղային` տղամարդ, աղջկան` կին, եւ հստակ ասում են, որ, ահա, սա է քո պարտականությունների համակարգը որպես կին եւ որպես տղամարդ … ինչն էլ թույլ է տալիս խուսափել դեռահասության շրջանում այդ ճգնաժամերից»,- ասել է նա` միասեռականությունն ախտորոշելով որպես հիվանդություն: Սակայն նաեւ նկատել է, որ դրա շատ փոքր մասն է կապված կենսաբանական շեղումների հետ, իսկ հիմնական մասը, ըստ նրա, ձեւավորվում է դաստիարակությունից` 3-7 տարեկան հասակից: «Կենսաբանական շեղումներ, իհարկե, լինում են, բայց ավելի շատ դաստիարակության սխալներ են, օրինակ, ասենք, քույրերը անընդհատ փոքր եղբորը յուբկաներ են հագցրել, բանտիկներ են կապել, այդպես աստիճանաբար նրա մոտ սեռային նույնականությունը խախտվել է»,- ասել է նա: «Նույնասեռականության քարոզները խոցելի հատվածի համար կարող են սեքսուալ ֆանտազիաների առիթ դառնալ»,- նման հայտարարություն էլ երեկ կայացած ասուլիսում արել է սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը` խոսելով վերջին օրերին մեծ աղմուկ առաջացրած` DIY ակումբում տեղի ունեցած պայթյունի եւ, մասնավորապես, այդ ակումբ հաճախող մարդկանց սեռական կողմնորոշման` նույնասեռականության եւ դրանց քարոզների մասին: «Նույնասեռականության խնդիրը եղել է մարդկության գոյության ժամանակներից ի վեր: Ըստ էության, բոլոր հետազոտություններով հանդիպում ենք նույնասեռականների հասարակության մեջ: Սակայն գոյություն ունի դեռահասների մի խավ, որը ցանկացած դեպքում խոցելի հատված է, նրանց մոտ սեռական կողմնորոշման խմորման գործընթացն է շարունակվում, եւ նույնասեռականության մասին խոսելը, հնարավոր է, սեքսուալ ֆանտազիաների առիթ դառնա»,- ասել է Սեւադա Հակոբյանը` հավելելով, որ այս դեպքում կարող են բացասական հետեւանք ունենալ սոցիոգեն ազդակները, եթե ԶԼՄ-ներով դա սկսի ակնառու դառնալ: Իսկ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը երեկ կայացած ասուլիսում անդրադառնալով DIY ակումբի պայթյունին` ասել է, թե համասեռամոլների գործողություններն ուղղորդված են: Նա մի քանի հռետորական հարց է հնչեցրել` ինչո՞ւ է համասեռամոլների իրավունքների հարցն այսօր բարձրացել, եւ ինչո՞ւ սկսեց աղմուկ հանել այն: «Ինչո՞ւ սեռական փոքրամասնությունների հարցը սկսեց բորբոքվել Մաշտոցի պուրակում, հաղթանակից մեկ շաբաթ անց, ընտրություններից երկու օր հետո, Շուշիի ազատագրման հետ կապեցին` այն դեպքում, երբ 20 տարի նվաստացուցիչ վիճակում են գտնվում սահմանամերձ գյուղերը, եւ այլն: Բոլոր երգերը երգեցին` մնաց սարի սմբուլը: Ինչո՞ւ է հավասարության նշան դրվում նաեւ քարոզման միջեւ: Ինչո՞ւ է սաստկացել սեռական հարաբերությունների քարոզումը, ինչո՞ւ սեռական փոքրամասնությունների շուրջ ավելի մեծ է աղմուկը, քան աղքատների, երբ պաշտոնական վիճակագրական տվյալներով` 35%-ից ավելի մարդիկ աղքատ են»,- հարցրել է նա` ինքը պատասխանելով դրանց,- Առաջինը` ուշադրության շեղումն է, երկրորդը` ստեղծել խնդիրը եւ քողարկված ձեւով առաջարկել լուծումներ` միանգամից տանել մարդու իրավունքների դաշտ, երրորդը` տեւողականության սկզբունքը, եւ այլն: Սա արվում է, երբ նպատակ են դնում ինչ-որ խնդիր բերել հանգուցալուծման, եւ նրանք հասարակությանը ժամանակ առ ժամանակ բորբոքում են»: Ըստ նրա, նման գործողություններն արվում են Հայաստանը կառավարելի սուբյեկտ դարձնելու նպատակով: «Որ ասեն, թե Թուրքիան ինչ պետություն է` «գեյ պարադ» են անցկացնում, իսկ Հայաստանում անհանդուրժողականություն է»: Ի դեպ, երեկ միասեռականների միջազգային ասոցիացիան հրապարակել է միասեռականների համար Եվրոպայի ամենավատ երկրների ցուցակը: Ըստ այդմ, միասեռականների իրավունքներն ամենաշատը ոտնահարվում են Ռուսաստանում եւ Մոլդովայում: Այդ երկրների եռյակում տեղ է գտել նաեւ Հայաստանը: ԼԳԲՏ-ի ներկայացուցիչներն իրենց հաշվարկներն արել են 30 միավորանոց սանդղակով: Միասեռականների իրավունքներն առավել պաշտպանված են` Մեծ Բրիտանիայում` 21 միավոր, Գերմանիայում եւ Իսպանիայում` 20 միավոր, Շվեդիայում` 18 միավոր, եւ Բելգիայում` 17 միավոր: Նրանք ասել են, որ իրենց պատրաստած «Ծիածանագույն քարտեզի» շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 17-ին, քանի որ այդ օրը կնշվի հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: «Ծիածանագույն» քարտեզում «ետնապահի» դիրքում Ռուսաստանն ու Մոլդովան են` -4.5 միավոր, – 4-ական միավորով նրանց հաջորդում են Հայաստանը, Մոնտենեգրոն եւ Ուկրաինան: