– Ձեր դիտարկմամբ` ինչպիսի՞ն էր նախընտրական քարոզարշավի լուսաբանումը:
– Պետք է ասել, որ անցած ընտրություններն ամենահաջողվածն են` քարոզարշավի լուսաբանման առումով: Ի տարբերություն նախորդ ընտրությունների` իշխող կուսակցությունների օգտին շատ մեծ խախտումներ, երբ գերակշռում էր մեկ կուսակցության օգտին լուսաբանումը, չկային: Այս անգամ ոչ մեր գործընկերները` Երեւանի մամուլի ակումբը, ոչ էլ մենք լուրջ խախտումներ, թերություններ չենք արձանագրել: Մենք մոնիտորինգ էինք իրականացնում, թե ինչպես էին հեռուստաընկերությունները լուսաբանում քաղաքական 9 ուժերի ասուլիսները: Արձանագրեցինք, որ առաջինը` հեռուստաընկերությունները բավականին ակտիվ էին լուսաբանում դրանք, երկրորդը` շատ կարեւոր էր, որ քաղաքական որեւէ ուժ չէր անտեսվել, եւ եթերը բոլորի համար ասուլիսների լուսաբանման առումով բաց էր: Գուցե այլ հարցերում փակ է եղել, բայց դա մենք չենք ուսումնասիրել: Լուսաբանումները հիմնականում չեզոք են եղել: Ինչո՞ւ եմ ասում` հիմնականում, որովհետեւ մեր ստացած տվյալներով, ասուլիսների 90 տոկոսը լուսաբանվել են չեզոք, առանց այլոց մեկնաբանությունների: 10 տոկոսի դեպքում եղել են կողմնակալություններ եւ այլոց մեկնաբանություններով լուսաբանումներ: Ասենք` եթե ընդդիմադիր գործիչն ասուլիս է տալիս, եւ հեռուստաընկերությունն այդ ասուլիսի մասին տեսանյութի մեջ ներգրավում է նաեւ իշխանական քաղաքական գործչի մեկնաբանությունները եւ ավարտում է իր խոսքով: Եթե դա մեկ տեսանյութ դարձվեր, կասեինք` շատ էլ լավ է, երկու ճամբարների գործիչների տեսակետները բախվեցին, հավասարակշռվեցին: Շարունակաբար մի քանի ընդդիմադիրների ասուլիսներ մեկնաբանվում են իշխանականների կողմից եւ, ամենակարեւորը` հակառակը չի արվում: Երբ իշխանականների ասուլիսն է լինում, ընդդիմադիրին չեն հարցնում` իսկ դու ի՞նչ ես կարծում իր արտահայտած մտքի կապակցությամբ: Այսպիսի բաներ, իհարկե, նկատվել են, բայց ընդգծում եմ, որ դա ընդամենը 10 տոկոսն էր: Գերակշռող մասը եղել է չեզոք եւ առանց մեկնաբանությունների: Այս առումով, իհարկե, այս ընտրությունների լուսաբանումն էականորեն տարբերվում է նախորդ ընտրությունների ցուցանիշից: Գիտեմ, որ մեր գործընկեր Երեւանի մամուլի ակումբը երեկոյան եթերը, քարոզարշավը, լուրերն առհասարակ եւ այս քարոզարշավի լուսաբանումներն է դիտարկել, եւ եզրակացություններն այնպիսին են, որ այս ընտրությունների լուսաբանումը շահեկանորեն տարբերվում է նախորդի լուսաբանումից: Ընդ որում` նշեմ, որ որոշ դեպքերում հեռուստաընկերություններն ընդդիմադիր կուսակցություններին նույնիսկ ընդգծված ավելի շատ ուշադրություն էին դարձնում, քան իշխանական կոալիցիային, բայց, իհարկե, նկատվում է, որ այս անգամ ուղղակի հրահանգ է եղել` ապահովել այդ հավասարությունը: Ճիշտ հրահանգ են տվել` եթերը բացել ընդդիմության համար: Անկեղծ ասած, մեր ստացած տվյալներն այդ եզրահանգմանն են դրդում:
– Իսկ արդյո՞ք լրագրողներն են ծուլացել եւ սեփական գաղափարներով նյութ անելու փոխարեն` ակտիվորեն լուսաբանել են ասուլիսները:
– Այս ընտրարշավի ժամանակ լրատվամիջոցները բավականին լավ աշխատեցին, լրագրողները բավականին չարչարվեցին: Ընտրություններն առհասարակ շատ լուրջ փորձությունների շրջան են: Քաղաքական կուսակցություններն էլ էին բավականին ակտիվ, գուցե ինչ-որ մի փուլում` ավելի նվազ չափով, մյուսում` ոչ այնքան: Ամեն մի քաղաքական ուժ իր մարտավարությունն ուներ` երբ ասուլիս տալ, երբ` չտալ: Լրագրողներն արձագանքում էին, գնում էին, եւ ծուլության հարց ամենեւին չկա: Ընդհակառակը, աշխատասիրաբար գնում-լուսաբանում էին ասուլիսները, հետո` քարոզարշավները: Հետո պետք չէ մոռանալ, որ ընտրությունները լրատվամիջոցների համար օրինական գումար աշխատելու լավագույն ժամանակն է: Չի կարելի ասել, որ լրագրողները պասիվություն կամ ծուլություն էին ցուցաբերում: Այս քարոզարշավի լուսաբանումը ցույց տվեց, որ հեռուստաընկերություններն ի վիճակի են եւ կարող են եթերում ապահովել բազմակարծություն, կարող են աշխատել պրոֆեսիոնալ:
– Ընտրության օրը Ձեր մոտ թեժ գիծ էր գործում, որպեսզի հետեւեք լրագրողների նկատմամբ բռնությունների, խոսքի ազատության սահմանափակման դեպքերին: Ինչպիսի՞ արդյունքներ արձանագրեցիք:
– Մենք ավելի շատ արձանագրեցինք փաստեր առցանց տեղեկատվությունից` այն, ինչ հրապարակվում էր կայքերում: Այնուհետեւ մենք ինքներս կապվում էինք այդ լրագրողների հետ, ճշտում էինք հանգամանքները, մեզ մոտ ամեն ինչ արձանագրված է բավականին մանրամասն: Հայտնի է, որ «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Էլինա Չիլինգարյանի նկատմամբ է բռնություն տեղի ունեցել, հարվածել են ձեռքին, տեսախցիկը գցել են, թույլ չեն տվել աշխատել: «Առավոտի» թղթակից Նելլի Բաբայանի դեպքը, երբ ձեռքից խլել են հեռախոսը, թույլ չեն տվել նկարել, բայց հետո վերադարձրել են եւ, բարեբախտաբար, կադրերը մնացել են: Մայիսի 6-ին օրվա ընթացքում լուրեր տարածվեցին, որ «Կենտրոն» հ/ը օպերատորի ձեռքից խլել-տարել են տեսախցիկ: Լուրեր կային, որ իրեն էլ են առեւանգել, բայց հետո այդ լուրերը չհաստատվեցին: Ընտրության նախօրեին Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունն էր հայտարարություն տարածել, որ ՏԸՀ ղեկավարն ու որոշ անդամներ տեղեկատվություն չէին տրամադրում իրենց, այսինքն` այն, ինչ ՏԸՀ անդամները պարտավոր են անել, չեն անում: Դա, փաստորեն, տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում էր: Ցավոք, մայիսի 6-ի առավոտյան տեսանք, որ մեր կայքը չի գործում, ստիպված եղանք դիմել պատասխանատուներին` պարզաբանումների համար: Ասացին, որ տեխնիկական խնդիր է: 2 ժամ հետո կայքը վերականգնվեց: Եթե դա ուրիշ օր լիներ, մենք երեւի ավելի հանգիստ կլինեինք, բայց քանի որ ընտրության օրն էր եւ մեր թեժ գծի հայտարարությունն առաջին էջում դրել էինք, արագ արձագանքման խմբի մասին տեղեկատվությունն այնտեղ էր, որոշ կասկածների տեղիք տվեց: Փառք Աստծո, ժամանակին վերականգնվեց: Եվ վերջին դեպքը` երեկոյան թեժ գծի համարով զանգ եղավ «Հետք» կայքից, եւ խորհրդատվություն խնդրեցին: 6/01 տեղամասում իրենց թղթակցին թույլ չէին տալիս մասնակցել ձայների հաշվման ընթացակարգին: Ես ասացի, որ դա օրենքի խախտում է, եւ պետք է պահանջել, որպեսզի լրագրողին թողնեն մասնակցել: Շատ տարօրինակ է, կարծես թե ԿԸՀ-ն ուսուցում էր իրականացրել, նրանք շատ լավ պետք է իմանային օրենքը, բայց տեղի էր ունենում օրենքի խախտում: «Հետքը» կապվել էր նաեւ ԿԸՀ-ի հետ եւ, ի վերջո, թողել էին թղթակցին: Բայց դա էլ մենք ֆիքսելու ենք, որ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում է տեղի ունեցել, չնայած հետո շտկվել է իրավիճակը: Պետք է եւս մեկ անգամ ընդգծեմ, որ իրավիճակը, նախորդ ընտրությունների համեմատ, էականորեն բարվոք է: Ե՛վ ֆիզիկական բռնությունների առումով, եւ՛ աշխատանքի խոչընդոտման առումով այս անգամ քիչ էր ոչ միայն 2008թ. ընտրությունների, այլ նաեւ 2009թ. Երեւանի ավագանու ընտրությունների համեմատ:
– Իսկ նոր տեխնոլոգիաներն ի՞նչ դեր ունեցան այս ընտրության ժամանակ:
– Կայքերի առատությունը շատ մեծ դինամիկա հաղորդեց ամբողջ ընտրարշավին: Պետք է ասեմ, որ տեղեկատվական պորտալները, կայքերը որոշ առումով նաեւ մրցակցություն ստեղծեցին ավանդական լրատվամիջոցների եւ նույնիսկ հեռուստաընկերությունների հետ: Կարծում եմ, որ այդ տեղեկատվական կայքերի, առցանց էլեկտրոնային լրատվամիջոցների առատությունը պատճառ դարձավ, որ մեր թեժ գծից քիչ էին օգտվում: Ամեն ինչ այդ դեպքերի մասին շատ օպերատիվ կարելի էր տեղադրել այնտեղ: Առաջ մեր թեժ գիծն իսկապես թեժ գիծ էր, եւ ավելի շատ էին զանգում: Թեեւ այն իր դերը կատարել է. մեր արագ արձագանքման խումբն ամբողջ օրը պատրաստ էր գնալ, տեսնել, բայց, երբ ահազանգ չկար, մենք ինքներս ենք շատ ակտիվ կապ հաստատել եւ՛ Էլինա Չիլինգարյանի, եւ՛ Նելլի Բաբայանի հետ, եւ «Կենտրոն» հեռուստաընկերություն ենք զանգահարել, հետաքրքրվել օպերատորի ճակատագրով, եւ այլն: Իսկ մեր կայքի չգործելը iditord-ի խնդրի հետ էի կապում, որովհետեւ iditord-ի հղումը կար նաեւ մեր կայքում: Եվ այս առումով մենք որոշ կասկածներ ունենք, որ այն ուժերը կամ այն մարդիկ, ովքեր գրոհել էին այդ կայքը, փորձ էին արել նաեւ մեր կայքի վրա գրոհել:
– Իսկ ինչպիսի՞ն է հետընտրական հեռուստաեթերի պատկերը:
– Նշածս հավասարակշիռ լուսաբանման հրահանգ լինելու մասին կարող եմ եզրահանգում անել նաեւ այն պատճառով, որ պաշտոնական քարոզարշավի ավարտից հետո, արդեն մայիսի 6-7-ին հայաստանյան եթերը քաղաքական առումով էլի եկավ եւ կանգնեց նույն կոտրած տաշտակի առջեւ: Մենք տեսնում էինք նույն գորշությունը, բազմակարծության բացակայությունը, ամբողջ քարոզչական մեքենան պնդում էր, որ ընտրությունները շատ լավն էին, ընտրախախտումներ շատ քիչ են եղել եւ վերջնական արդյունքների վրա չեն ազդել, եւ ոչ մի ընդդիմադիր խոսք չէինք լսում, ընդդիմադիրների կարծիք չէր հնչում եթերում` արդյո՞ք իրենք համաձայն են այդ գնահատականների հետ: Այն հանգամանքը, որ ընտրություններից դուրս այդ բազմակարծությունը եթերում չկա, դրա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա, որոնք տարբեր ճնշումներով, այդ թվում` նաեւ թաքնված գրաքննության մեխանիզմներ կիրառելով, թույլ չեն տալիս, որպեսզի լրագրողները, լրատվամիջոցներն աշխատեն պատասխանատու, պրոֆեսիոնալ եւ ամբողջովին կատարեն իրենց առաքելությունը:
Գայանե ԼԱԼԱՅԱՆ