Իշխան Մուրադյանը կնոջ հետ ապրում է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Ամուսինները միայնակ են, քանի որ, սոցիալական պայմաններից ելնելով, որդին մեկնել է Ռուսաստան: Նրանք ազգությամբ եզդի են, սակայն սկսել են ապրել հայի կենցաղով: Գյուղում կատակով նշում են, որ եթե եզդին անասնապահությամբ չի զբաղվում, ուրեմն հայ է, իսկ Իշխան Մուրադյանը, բացի երկու գլուխ կովից, այլ անասուն չի կարողանում պահել:
Իշխան պապը 20 տարի կինոմեխանիկ է աշխատել ինչպես Ոսկեհատ գյուղում, այնպես էլ Երեւանի «Հայրենիք», «Մոսկվա» եւ «Սեւան» կինոթատրոններում: Ասում է` հիմա էլ գյուղում կաշխատի, եթե հնարավորություն տան: Նա սեփական կարծիք արտահայտելու առումով գյուղի ամենահամարձակ մարդկանցից է եւ պատրաստ է իր խոսքն առաջ տանելու համար բանավիճել ցանկացածի հետ:
Իշխան Մուրադյանն ակտիվ հետեւում է նաեւ քաղաքական զարգացումներին: Ասում է, որ մինչեւ ընտրությունները ոչ մեկին չի վստահել, նույնիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, թեեւ վերջինս աչքի է ընկել մի շարք բարեգործություններով եւ ավելի շատ մարդ է իր շուրջը հավաքել: Նրա կարծիքով` եթե նույնիսկ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ձայները հավասար լինեին, ապա քիչ հավանական է համարում, որ դրանից երկրում վիճակը կփոխվեր: «ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կոալիցիա էին կազմել, չէ՞, երկրի բախտը իրանք էին որոշում, բայց ոչ մի բան դուրս չեկավ: Հիմա մրցապայքար ա, թե ինչ ա, մարդ չի հասկանում: Թե ինչ խաղեր են, ես էլ չեմ հասկանում: Գլուխ չենք հանում, շիվար ենք մնացել, մենք էլ չգիտենք` ուր գնանք, ինչ անենք, ինչով զբաղվենք»,- ասում է Իշխան պապը: Նա դեմ է, որ ՀՀԿ-ն կոալիցիա կազմի որեւէ քաղաքական ուժի հետ: Ըստ Իշխան պապի` ՀՀԿ-ն պետք է ամբողջ «գրուզը» վերցնի իր վրա եւ միայնակ ղեկավարի երկիրը` առանց պատասխանատվությունը բարդելու ուրիշների վրա: «Այ ցավդ տանեմ, մարդկանց գցել են ցայտնոտի մեջ, քաղաքացին չգիտի` որ կողմը նայի, ում հավատա, ում ձայն տա կամ չտա: Անորոշ վիճակ ա մեր մոտ: Կարծում եմ` դուք էլ եք այդ կարծիքին»,- ավելացրեց Ի. Մանուկյանը:
Իշխան պապը վստահ է, որ մեր փոքր երկիրը կարելի է նույնիսկ «վարդի նման» պահել, պարզապես բարի կամք է պետք: «Երկիրը հնարավորություններ ունի, եթե չունենա, կասենք` չունի, Մոզամբիկ ա կամ աֆրիկյան հետամնաց երկիր ա: Մեր բնությունը լավն ա, ջուրը կա, Աստծու տված լույսն ու ջերմությունը կա, էլ ի՞նչն ա պակաս: Մենք էլ աշխատող ժողովուրդ ենք, ուղղակի պիտի մի քիչ հնարավորություն տան: Երկիր ղեկավարելու համար դժվար բան չեմ տեսնում, ուղղակի չգիտեմ, թե ինչ ա կատարվում»,- նշում է Իշխան պապը:
Կինը` Ազնիվ Մուրադյանն էլ ասաց, որ իր տղան Ռուսաստանում է, որովհետեւ Հայաստանում ապրել հնարավոր չէ: «Որ երկրի վիճակը լավ լինի, հենց այսօր էլ իմ տղեն կգա Ռուսաստանից»,- վստահեցնում էր նա: Իշխան Մուրադյանի խոսքով` այսօր կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում գյուղատնտեսությանը: Եզդիները, որ միշտ աչքի են ընկել անասնապահությամբ, այսօր դժվարանում են նույնիսկ մի քանի գլուխ անասուն պահել, քանի որ մեկ տուկ խոտը 1500 դրամ արժե: «Հասարակ հաշվարկ ա, եթե ես կաթ ու մածունը վաճառում եմ 200 դրամով, ինչքա՞ն պիտի վաճառեմ, որ խոտ առնեմ ու հետն էլ ես ապրեմ»,- ավելացրեց նա:
Ոսկեհատում հողագործությունը նույնպես բարձր դիրքերում չէ: Այստեղ ոռոգման ջրի ինքնահոս համակարգ չկա, եւ գյուղացիներն իրենց հողը ոռոգում են արտեզյան հորերի միջոցով: Իշխան պապն ասում է, որ պոմպը միացնելու պահից սկսած` մեկ ժամի համար 1000 դրամ ջրի գումար են գանձում, այդ իսկ պատճառով գյուղացիների մի մասը հողերը չեն մշակում:
Իշխան պապն ասում է, որ Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ ջրի խնդիր չպետք է լինի, սակայն ջուրը գյուղացուն չի հասնում: Օրինակ` այս օրերին սածիլի շրջան է, սակայն գյուղացին դեռ ջուր չի ստացել: «Մի հատ նկարի էլի շալվարս, էս չի՞ իմ հագածը (ցույց է տալիս կարկատած տաբատը.- Գ.Բ.): Կոշիկներս ցույց տամ` կվախենաս, որովհետեւ 27.500 դրամ թոշակ եմ ստանում: Մենք էլ հիվանդ ենք, դեղատուն է դարձել մեր տունը, սրիկա լինեմ, թե խաբում եմ»,- նշում է Ի. Մուրադյանը:
Ըստ Իշխան պապի` գյուղում կյանքը մեռած է, քանի որ զբաղմունքի միջոց ու ակտիվություն չկա: Թեեւ իրենց գյուղում երկու տարի է, ինչ մշակույթի տունը վերանորոգվել է, սակայն այն իր նշանակությանը չի ծառայում. ոչ խմբակներ են գործում, ոչ էլ մարդիկ են այնտեղ հավաքվում, քննարկումներ անում:
Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
hetq.am