Լիպովցիում պատանդ մնացած տղաների ճակատագիրն առայժմ անորոշ է

17/05/2012

Աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված մեր հայրենակիցներից քչերն են բարձրաձայնում արտերկրում իրենց հետ կատարվածի մասին: Հազվադեպ են նաեւ բողոքներն ու քրեական գործերի հարուցման դեպքերը:

Այդ առումով բավական աղմկահարույց մի գործ քննվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 2006թ.: Այն ժամանակ աշխատանքային շահագործման ենթարկված հորն ու որդուն Թաթարստանի Ալմենտեւսկ քաղաքից հնարավոր էր եղել հայրենիք վերադարձնել ընտանիքի մոր հետեւողականության ու ջանքերի շնորհիվ: Կինը բողոք-նամակներ էր հղել բոլոր հնարավոր ատյաններին, անգամ` Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներին: Մեղավորի` այս դեպքում շահագործողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասով: Դատարանը մեղավոր էր ճանաչել ամբաստանյալին եւ սահմանել պատիժ: Թե շահագործողը, թե շահագործվողները Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչներ էին:

Աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված գյումրիաբնակ երկու ընտանիքների ճակատագրին «Հետքն» անդրադարձել էր այս տարվա հունվար ամսին: Գոհար Խաչատրյանի, նրա դստեր` Կարինե Խաչատրյանի ընտանիքների` Լիպովցիում հաստատված էջմիածնեցի գործարար Արագած Հարությունյանի կողմից շահագործվելու մասին պատմող հոդվածներին արձագանքեցին ՀՀ գլխավոր դատախազությունն ու «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպությունը: Գյումրիի ոստիկանության քննչական բաժնում 2012թ. հունվարի 24-ին նյութեր նախապատրաստվեցին Քրեական օրենսգրքի 132 հոդվածի հատկանիշներով: Գործի շրջանակներում համապատասխան անձինք հարցաքննվեցին: Նախապատրաստված նյութերը փետրվարի 15-ին ուղարկվեցին Երեւան` ՀՀ ոստիկանության Թրաֆիքինգի դեմ պայքարի վարչություն:

Գոհար Խաչատրյանի եւ Լիպովցիում պատանդ մնացած նրա երկու տղաների խնդրով զբաղվող «Հույս եւ օգնություն» հ/կ-ն որոշեց քայլեր ձեռնարկել իր իրավասությունների շրջանակներում: «Ձեր հոդվածը կարդալուց անմիջապես հետո` հունվարի 17-ին, մենք փորձեցինք անմիջապես կապվել տիկնոջ հետ եւ հրավիրել Երեւան,- ասում է «Հույս եւ օգնություն» հ/կ Թրաֆիքինգի զոհերի աջակցության ծրագրի ղեկավար Նորա Մնացականյանը: -Նա մի քանի օր մնաց մեզ մոտ` ապաստարանում, կարողացանք զանգել Լիպովցի եւ խոսել մեծ տղայի` Միսակի հետ, ու երբ բավականին շատ ինֆորմացիա կուտակվեց, ձեռնամուխ եղանք նամակ-դիմումների կազմմանը»:

Հասարակական կազմակերպությունը կարող է համագործակցել այլ երկրներում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ, պետական ատյանների առումով առավելագույնը, որ կարող է անել, նամակներով դիմելու տարածված ու ընդունված ձեւի կիրառումն է, որի միակ թերությունը շատ դեպքերում ձգձգվող ժամանակն է: «Մենք չունենք այնպիսի հնարավորություն, որ գնանք, վերցնենք Գոհարի տղաներին ու բերենք Հայաստան, մենք ընդամենը հասարակական կազմակերպություն ենք` սահմանափակ հնարավորություններով, ու պիտի գործենք մեր հնարավորությունների սահմաններում: Այսինքն` հնարավորինս շատ մեր դիմումներով անհանգստացնենք համապատասխան մարմիններին»,- ասում է Նորա Մնացականյանը:

Որպես սկիզբ` կազմակերպությունը, Խաչատրյանների ընտանիքի խնդիրը վերածած բավական ծավալուն նամակի, ուղարկում է Ռուսաստանի միգրացիոն ծառայություն, որ գործում է Երեւանում` Մանուշյան 72 հասցեում: Նամակին կից ուղարկում են նաեւ «Հետքում» տպագրված հոդվածների ռուսերեն տարբերակները: «Մի քանի տարի առաջ նրանք զբաղվել էին ոչ լեգալ միգրանտների վերադարձի հարցով, սակայն պարզվեց, որ հիմա այլեւս չեն զբաղվում, ու այդ ուղղությամբ մենք արդյունք չստացանք, ընդամենը ժամանակի կորուստ եղավ,- պատմում է Նորա Մնացականյանը: -Որոշեցինք մեկ ուրիշ լավ տարբերակից օգտվել եւ դիմեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կից Ոստիկանության ներկայացուցչին` պարոն Ալեքսանդր Ռաստովցովին: Մենք նախկինում համագործակցել էինք, էս անգամ նրան գրեցինք նամակ, նա էլ իր հերթին` արդեն իրենց ծառայողական գծով դիմել էր Ռուսաստանում գործող համապատասխան ծառայություններին»:

Արդյունքում` ռուսական միգրացիոն ծառայության եւ տեղի Ոստիկանության աշխատակիցները Լիպովցիում այցելել էին էջմիածնեցի գործարար Արագած Հարությունյանին: Վերջինս Միսակին վերադարձրել էր անձնագիրն, ու գործը դրանով ավարտվել էր: 2012թ. ապրիլի 19-ին Ալեքսանդր Ռաստովցովի ուղարկած պատասխան նամակում նշվում էր, որ Լիպովցիի ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել` հիմքերի բացակայության պատճառով: «Փաստն այն է, որ Միսակն ու Սամվելն անլեգալ միգրանտներ են համարվում իրենց ներկայիս կարգավիճակով: Մեր ունեցած վերջին տվյալներով` Սամվելը հոր մոտ է գնացել, ով նույնպես Արագածից կախյալ վիճակում է գտնվում: Միսակը կարողացել է փախչել Արագածի մոտից եւ աշխատանքի տեղավորվել ազգությամբ ռուս ինչ-որ գործարարի մոտ, սակայն սրանով խնդիրը չի լուծվում,- պատմում է տիկին Նորան: -Փաստորեն, տեղական մարմինները Լիպովցիում ոչ մի քայլ չեն ձեռնարկում տղաներին անլեգալ ճանաչելու եւ Հայաստան վերադարձնելու համար: Նրանք ասում են` թող Միսակը տուգանքը մուծի, որովհետեւ Արագածը հրաժարվել է դա անել, թող գա հանձնվի Ոստիկանություն եւ ասի, որ իրեն դեպորտ անեն, իսկ Միսակը չունի գումար, որ վճարի, բացի դրանից` վախենում է նախկին գործատուից, ով մեծ կապեր ունի այդ ավանում»:

Նորա Մնացականյանը փորձել է կապվել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ եւ խնդրի լուծման ճանապարհ փնտրել նրա միջոցով, սակայն այնտեղից միայն հուշում է ստացել: Տիկին Նորային տեղեկություն է փոխանցվել նախարարությունից, որ ռուսական դեսպանատներում նոր ծառայություն է գործում, եւ տարածաշրջանային հյուպատոսը կարող է աջակցել խնդրի կարգավորմանը: «Ես արդեն դիմել եմ հյուպատոսին: Նա զբաղվել է Ուֆայում գտվող հայ միգրանտների գործով, եւ արդյունքում հաջողվել է նրանց վերադարձնել: Հույս ունենք, որ Գոհարի տղաների հարցում էլ դրական տեղաշարժ կարձանագրվի: Կարծում եմ` Գոհարը եւս պիտի նամակներ գրի, թեկուզ անձամբ ՌԴ նախագահին, ծայրահեղ դեպքում` Նուրգալիեւի անունով: Բայց, եթե ձեռքներս ծալած նստենք, այդ տղաներն այդպես էլ կմնան Ռուսաստանում անհասկանալի կարգավիճակով եւ հնարավորություն չեն ունենա վերադառնալու»,- ասում է Նորա Մնացականյանը:

Երանուհի ՍՈՂՈՅԱՆ

hetq.am