Մայիսի 12-ին, ժամը 23:00-ի սահմաններում Երեւանում դաժան ծեծի է ենթարկվել ռուսական «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրձելյանը: Գործակալության տվյալներով, հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մ. Մանրիկյանը: Միջադեպը տեղի է ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի եւ 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ: «Ռեգնումի» փոխանցմամբ, ընդհարման համար պատճառ է դարձել այն, որ երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենայի ընթացքին, որում, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին:
Մանրիկյանի հետ վեճն ավարտվել է նրանով, որ վերջինս հարվածել է Գրձելյանին: Պատասխան ստանալով` Մանրիկյանն ու նրան ուղեկցող անձը հարձակվել են լրագրողի վրա, ապա նրանց են միացել Մանրիկյանի որդին ու եւս մեկ անձ: Չորս հարձակվողները սկսել են խփել Գրձելյանին, ով արդեն ընկած է եղել գետնին:
Դեպքից հետո Ռուբեն Գրձելյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Էրեբունու բաժին, բուժզննում անցել, որի արդյունքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել: Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծողների մեջ եղել է բարձրաստիճան պաշտոնյա: Դա պարզվել է առավոտյան ականատեսների խոսքից եւ գործընկերների անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում: Երեկ Tert.am-ի հետ զրույցում Ռ.Գրձելյանն ասել է, որ արդեն համեմատաբար լավ է զգում:
«Երեկ էի վատ զգում, գլխապտույտ ունեի, բայց այսօր հարաբերականորեն լավ եմ»,- ասել է նա` ավելացնելով, որ միջադեպը չի կապում մասնագիտական գործունեության հետ: «Սա ավելի շատ կենցաղային, առօրյա միջադեպ էր»,- նշել է լրագրողը: Վերջինս անդրադարձել է նաեւ «Ռեգնումի» սեփականատերերի փոփոխության մասին տեղեկություններին, որոնց համաձայն, ռուսական լրատվամիջոցը ձեռք է բերել Ռոբերտ Քոչարյանը: «Այո, ես հաստատում եմ, որ «Ռեգնումի» սեփականատերը փոխվել է, բայց նա Հայաստանից չէ, եւ դժվար թե նա հայկական հասարակությանը ծանոթ լինի»,- ասել է Ռուբեն Գրձելյանը: Հիշեցնենք, որ ըստ հայկական լրատվամիջոցներում հրապարակված լուրերի, Քոչարյանի կողմից «Ռեգնումը» ձեռք բերելուց հետո դրա գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը լքել է գործակալությունը, իսկ նոր գլխավոր խմբագիր է նշանակվել Վիգեն Հակոբյանը: