Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները մի կողմից շոկի մեջ են գցել շատերին, մուս կողմից՝ շատերն էին սպասում նման խայտառակ արդյունքների: Բայց ամեն տեսակի սպասումներից վեր էր եւ այն, որ հասարակության կողմից նման բոյկոտի պարագայում մատուցվեց 1,5 մլն մասնակցության թիվ: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով, հանրաքվեն խայտառակություն էր:
– Թեեւ իշխանությունները մինչեւ հիմա առանձնապես լուրջ չէին վերաբերվում Սահմանադրությանը, սակայն հանրաքվեից հետո Սահմանադրությունը վերածվեց ընդամենը թղթի կտորի: Այսուհետ արդեն այդ թղթի կտորով ինչ ուզենան, այն էլ կանեն: Հայաստանը դարձավ բացարձակ անօրինական պետություն, այսինքն՝ այս պետության մեջ որեւէ քայլ, որեւէ նշանակում, որեւէ պաշտոնյա, վճարված որեւէ հարկ այլեւս օրինական չէ, քանի որ օրինական չէ նաեւ երկրի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը:
– Հանրաքվեի արդյունքները սպասելի չէի՞ն Ձեզ համար:
– Ազնվորեն ասեմ՝ ոչ: Կարծում էի, որ մինիմալի վրա կաշխատեն: Չէի կարծում, որ այսքան մեծ լկտիություն կունենան ու 1,5 մլն թիվ կնկարեն:
– Իսկ ընդդիմության գործողություններն ինչպե՞ս եք գնահատում:
– Հանրաքվեին նախորդած եւ հաջորդած գործողությունները ես գնահատում եմ ոչ ադեկվատ: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է հանրաքվեին լրջորեն նախապատրաստվեր եւ պետք է շարունակական հանրահավաքների շարք աներ: Ի սկզբանե լուրջ չէր ընդդիմության՝ մարզեր գնալը: Վերջին երկու տարվա փորձը ցույց է տվել, որ շրջաններ գնալը մի նպատակ ունի՝ արդարացնել, թե ինչու Երեւանում հանրահավաքներ չեն անում: Եթե մարզեր այդքան գնալուց հետո Երեւանում քիչ մարդ կարողացան հավաքել, ցույց է տալիս, որ կատարվածն ապարդյուն աշխատանք էր: Եթե շրջաններ գնացել էին «ոչ» կամ «բոյկոտ» քարոզելու, ապա առանց իրենց քարոզի էլ մարդիկ հանրաքվեի չէին գնալու: Իսկ այսօր ընդդիմությունը բողոքում է, թե իշխանությունները չեն թողնում, որ վրաններ խփեն, հանրահավաքներ անեն: Բա չպետք է թողնեն, ի՞նչ էիք սպասում: Եվ շատ ճիշտ կլիներ, որ հենց այդ էտապից ընդդիմությունը գնար առճակատման: Եթե նայենք իշխանություններին, ապա նրանք թքած ունեն ամբողջ հանրապետության վրա, ու հարկավոր է, որ ընդդիմությունն էլ համարժեք պատասխան տար: Ի՞նչ է, սահմանադրական ճանապա՞րհ են էլի ուզում: Վե՛րջ, Սահմանադրություն էլ չկա, որ այդ անհեթեթ բառակապակցությունը շարունակեն օգտագործել: Իշխանությունները նույնիսկ ամեն ինչ արեցին, որ այդ բառակապակցությունն էլ վերանա, որ ընդդիմությունն այդ տերմինով այլեւս չխոսի: Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու ճանապարհը պետք է բացառել: Ակնհայտ է, որ պետք է գնալ կոշտ առճակատումների: Եթե իրենք հռչակված են ժողովրդի լիդերներ, ժողովրդի առաջնորդներ, ապա պարտավոր էին այդ գործընթացը մինչեւ վերջ հասցնել:
– Իր վերջին հանրահավաքում ընդդիմությունն իշխանություններին 72-ժամյա ուլտիմատում է ներկայացրել, եւ հանրաքվեի արդյունքներն անվավեր չճանաչելու դեպքում դիմելու են կոնկրետ գործողությունների:
– Է՜ լավ, հետո՞: Բազմաթիվ նման ուլտիմատումներ են եղել, եւ իշխանություններն էլ գիտեն, որ այդ ուլտիմատումներին կարող են հանգիստ մատների արանքով նայել: Ես չեմ հավատում այս ընդդիմությանը, քանի որ իրենք ժողովրդի մոտ գնալով կորցրին իրենց վարկանիշը, ամբողջովին մսխեցին հավատը: Գոնե 5-6 դեպք եղավ, երբ ընդդիմությունը իշխանափոխության, իշխանությունը վերցնելու 100 տոկոսանոց շանս ուներ: Բայց չգնացին այդ քայլին: Հիմա ահավոր, կատաստրոֆիկ վիճակ է ստեղծվել՝ ոչ իշխանությունների վրա կարող ենք հույս դնել, ոչ էլ ընդդիմության վրա:
– Այսինքն, չե՞ք հավատում ՀՀ-ում «ծիրանագույն» իշխանափոխության հավանականությանը:
– Իշխանությունները փոխվելու են կամ հեղաշրջմամբ, կամ էլ այդ ժամանակ փողոցում մարդիկ կլինեն ու կանվանեն դա հեղափոխություն: Ակնհայտ է, որ երկուսից մեկն է լինելու եւ երկու դեպքում էլ ընդդիմությունն իրեն կվերագրի՝ այնպես, ինչպես դա արեց բոյկոտի դեպքում: Բայց բոլորին էլ ակնհայտ էր, որ այդ բոյկոտը հենց Քոչարյանը կազմակերպեց եւ ոչ թե ընդդիմությունը:
– Այսի՞նքն:
– Քոչարյանն այս ընթացքում թքած ունեցավ Սահմանադրության վրա, «այո»-ի այս ահավոր լկտի քարոզարշավը բերեց այն կոշտ հակազդեցությանը, որ ժողովուրդը չգնաց հանրաքվեի: Ու սա տեղի ունեցավ առանց ընդդիմության հորդորների: Կրկնում եմ՝ այս բոյկոտը Քոչարյանն էր կազմակերպել:
– Իսկ հեղաշրջումն իրականում ո՞վ է անելու:
– Այսօր Հայաստանում այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, երբ Քոչարյանից դժգոհ է ոչ միայն ժողովուրդը, ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կոալիցիան: Կոալիցիան սարքվել է հատուկ իրար աղտոտելու, վարկաբեկելու նպատակով, եւ Քոչարյանը նրանց ստիպում է, որ գնան կոլեկտիվ հայտարարությունների, կոլեկտիվ ակցիաների: Իսկ սա արվում է հատուկ նրա համար, որպեսզի իշխանական օղակներում չլինի որեւէ մեկը, որ քիչ թե շատ բարոյական հիմք ունենա ասելու, թե այս ամենի մեջ Քոչարյանն է մեղավոր: Ես չեմ բացառում, որ այդ հեղաշրջումը Քոչարյանն ինքն անի՝ ցույց տալու համար, թե իրենից իշխանությունը վերցրեցին: Քոչարյանի իշխելու հնարավորությունները պարզապես զրոյացել են: Եվ ես չեմ պատկերացնում, թե այսքանից հետո նրան ով կարող է վստահել: Նույնիսկ նրա ամենամոտիկ շրջապատում՝ անգամ ոստիկանապետերը, անգամ գեներալները, օլիգարխները նրան այլեւս չեն վստահում:
– Իսկ արտերկրի ազդեցությունն այդ գործընթացներին ինչպիսի՞ն է լինելու:
– Դրսի ազդեցությունը կարող է լինել այն դեպքում, եթե ներքին գործոններ կան, այսինքն՝ ընդդիմություն կա: Իսկ ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ դրսից տեսնեն՝ Հայաստանում այնպիսի ուժ չկա, որի հետ արժե հաշվի նստել: Այն տպավորությունն եմ ստացել, որ Հայաստանում ընդդիմության հետ աշխատելու ցանկություն չունի ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքը: Այսինքն՝ այդ երկուսի համար էլ ակնհայտ է դարձել, որ Հայաստանում ընդդիմությունն անուժ է, ոչ մի հարց չի կարող լուծել:
– Ելքը ո՞րն է: Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում նոր ընդդիմության անհրաժեշտություն եք տեսնում:
– Այո, միանշանակ: Ընդ որում, Հայաստանին պետք է այնպիսի ընդդիմություն, որը կաշխատի ժողովրդի հետ: Այնպիսի ընդդիմություն է պետք, որի համար կարեւոր կլինեն ոչ թե կուսակցական, միջկուսակցական ժողովների որոշումները, այլ՝ ժողովրդի հետ անմիջական երկխոսությունը, անընդհատ շփումները: Բայց այդպիսի ընդդիմություն ես դեռ չեմ տեսնում: