Հերոին` Թուրքիայից

15/05/2012

Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է Թուրքիայից Հայաստան թմրանյութ ներկրելու դեպք: Ըստ Ոստիկանության լրատվության վարչության, մայիսի 10-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Գայի պողոտայի եւ Բաղյան փողոցների խաչմերուկից` ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ոմն Մհերի: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է պոլիէթիլենով փաթեթավորված հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որը Մհերը 50 հազար դրամով ձեռք էր բերել ոմն Սայիդից: Պարզվել է, որ ոմն Սայիդը հանդիսանում է Սայիդ Ք.-ն, ով մայիսի 12-ին Բագրատաշենի մաքսային անցակետից բերման է ենթարկվել: Նա հերոին տեսակի թմրամիջոցը Թուրքիայից Հայաստան էր ներմուծել ապրիլի 5-ին: Մհեր Ա.-ն եւ Սայիդ Ք.-ն ձերբակալված են, հանգամանքները պարզվում են: Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: