Մայիսի 8-ին ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ապրիլի 29-ին Երեւանի Մաշտոցի պուրակի տաղավարների դեմ պայքարող ակտիվիստների եւ Ոստիկանության միջեւ տեղի ունեցած դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանությունը բավական «աչալուրջ» ձեւակերպումներով է մոտեցել հարցին, եւ մայիսի 10-ին տարածած իր հաղորդագրության մեջ հանգամանորեն բացատրել է քրեական գործ հարուցելու պատճառը: Ըստ Ոստիկանության` իրենք դեռեւս մայիսի 3-ին էին հայտարարել նշյալ օրվա գործողություններին դատաիրավական գնահատականներ տալու մասին: «Ձեռք բերված տեղեկությունների վերլուծության եւ գնահատման արդյունքում` 2012թ. մայիսի 8-ին ՀՀ Ոստիկանության Երեւանի Կենտրոնական քննչական բաժնում որոշում է կայացվել նույն թվականի ապրիլի 29-ին մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Հետագայում եւս ՀՀ ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի նախաքննության ընթացքի եւ միջանկյալ արդյունքների մասին»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Մաշտոցի պուրակի տաղավարների տեղադրման դեմ հանդես եկող բնապահպան-ակտիվիստ Արփինե Գալֆայանի խոսքով` իրենք եւս ակտիվիստների դեմ քրեական գործի հարուցման մասին իմացել են Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունից: «Հաղորդագրությունը մայիսի 8-ի անունով է, չնայած իրենք հրապարակել են մայիսի 10-ի երեկոյան: Մենք ենթադրում ենք, որ, հավանաբար, կլինեն այն 7 ակտիվիստները, ովքեր ապրիլի 29-ին բերման էին ենթարկվել Ոստիկանություն, կամ այն մյուս ակտիվիստները, ովքեր դատաբժշկական փորձաքննությունների էին դիմել»,- ասաց Ա. Գալֆայանը: Վերջինիս դիտարկմամբ` իրենք անօրինական են գնահատում ապրիլի 29-ին ակտիվիստներին Ոստիկանություն բերման ենթարկելու փաստը: Բնապահպան-ակտիվիստի ասելով` նախ` այդ քայլի համար Ոստիկանությունը որեւէ բացատրություն չէր տվել, եւ երկրորդ` որեւէ հիմք չի եղել դրա համար: Իսկ ապրիլի 29-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, ըստ Ա. Գալֆայանի` տուժել էին բնապահպան-ակտիվիստները, ինչը հաստատվել է նաեւ դատաբժշկական փորձաքննության ժամանակ: «Այսինքն` մենք անօրինական ենք գնահատում Ոստիկանության գործողությունները, եւ մեր կողմից էլ ենք հաղորդում ներկայացրել եւ՛ ՀՀ գլխավոր դատախազություն, եւ՛ Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի գործ հարուցվի այն ոստիկանների դեմ, ովքեր բռնություն են կիրառել կամ նման հրահանգներ են տվել: Այդ հաղորդումը տվել ենք մայիսի 8-ին եւ պատասխան դեռ չունենք այդ մասին»,- նկատեց Ա. Գալֆայանը: Հարցին, թե ստեղծված իրավիճակում քրեական գործ հարուցելը միտված էր ակտիվիստներին լռեցնելո՞ւն, վերջինս պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ սա ճնշում գործադրելու, կամ, երեւի, պատանդներ պահելու կամ բանակցություններ սկսելու փորձ է: Մենք պատրաստ ենք այդ ճնշումներին, որովհետեւ գիտակցում ենք, որ` մտնելով նմանատիպ պայքարի մեջ, մեր համարձակ քայլերը կարող են շատ ուժեղ հակազդեցություն առաջացնել: Բայց մեզ չեն կարող դրանով վախեցնել: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»: Իսկ հարցին, թե պայքարն ի՞նչ ուղղությամբ եք տանելու, Ա. Գալֆայանը պատասխանեց. «Գործողությունները երեք ուղղությամբ են: Մեկը` որոշում կայացնող, քաղաքային իշխանության մարմիններին պատասխանատվության ենթարկելու հարցն է: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Երեւանի քաղաքապետին, մեծ հավանականությամբ, նաեւ ավագանուն, գլխավոր ճարտարապետին: Սրանք այն մարմիններն են, որոնք թե՛ Երեւանի Աբովյան փողոցի խանութների, թե՛ դրանք Մաշտոցի պուրակ տեղափոխելու անօրինական որոշումների համար են պատասխանատու: Մենք պետք է տեսնենք, թե դատական ճանապարհով ինչքա՞ն է հնարավոր դա անել, քանի որ Հայաստանի դատական համակարգը հանրային շահերի պաշտպանություն թույլ չի տալիս: Հաջորդը` ոստիկանների կողմից բռնություն գործադրելու եւ, մեր կարծիքով` ապօրինի ձերբակալությունների համար պատիժներն են: Այս դեպքում նկատի ունենք այդ օրը Ոստիկանության գործողությունները ղեկավարած անձանց` փոխգնդապետ Կարեն Մովսիսյանին, գնդապետ Վալերի Օսիպյանին եւ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին: Եվ երրորդ` այնպես պետք է անենք, որ այգու բարեկարգման աշխատանքները կատարվեն հանրային մասնակցությամբ, եւ որոշում կայացնելու դեպքում հանրության խոսքը լսելի լինի»:
Իսկ բնապահպան-ակտիվիստ Գոռ Հակոբյանը` անդրադառնալով ՀՀ ոստիկանության կողմից Մաշտոցի պուրակի ակտիվիստների նկատմամբ քրեական գործ հարուցելուն, նշեց. «Մեզ համար զարմանալի է, որ քրեական գործ է հարուցվել, բայց նաեւ սպասելի է, որովհետեւ, կարծում ենք, որ քրեական գործ պետք է հարուցվեր Ոստիկանության նկատմամբ, եւ Ոստիկանությունն է անօրինականություն եւ բիրտ ուժ կիրառել մեր հանդեպ: Մենք կարծում ենք, որ այս իմաստով Ոստիկանությունը փորձել է մեզ ստիպել բանակցությունների կամ համաձայնությունների գնալ իրենց հետ, որպեսզի մենք պատասխանատվության չկանչենք իրենց, բայց դա բացառված է: Մենք մինչեւ վերջ հետապնդելու ենք, որպեսզի այն ոստիկանները, ովքեր անօրինականություն եւ ուժ են կիրառել, պատասխանատվության ենթարկվեն: Եվ հետաքրքիր է նաեւ այն, որ գործը պետք է ուղարկվեր Հատուկ քննչական ծառայություն, այլ ոչ թե Ոստիկանությունում քննվեր: Որովհետեւ, տվյալ դեպքում` Ոստիկանությունը չի կարող անկողմնակալ լինել այս պրոցեսում, քանի որ ինքը շահագրգիռ կողմ է»: Գ. Հակոբյանը եւս մեկ անգամ ընդգծեց իրենց պայքարի վճռականությունը, ինչպես նաեւ` այն հանգամանքը, որ իրենք պահանջելու են, որպեսզի պատասխանատվության կանչվեն փոխոստիկանապետ Ռ. Մելքոնյանը, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ու գնդապետ Վ. Օսիպյանը: