Մայիսի 8-ին, ժամը 20։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Ռուբեն Հակոբյանը, ըստ news.am-ի` երգիչ Կարեն Հակոբյանն է (նա հայտնի է հենց Կարեն Հակոբյան անուն-ազգանունով): Կայքի հաղորդմամբ` Կարեն Հակոբյանը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում եւ նոր էր վերադարձել Հայաստան: Սպանվածի հետ նա ազգակցական կապեր է ունեցել: Վերջինս դեռեւս անհայտ պատճառներով զանգել եւ սպառնացել է Կարեն Հակոբյանին, անպատվել, ինչն էլ նրան դրդել է այդ քայլին: Կայքն իր այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանություն: Ոստիկանությունից ընդամենը տեղեկացրել են, որ մայիսի 8-ի երեկոյան, Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները Պռոշյան փողոցում ծառայություն կատարելիս կրակոցներ են լսել, վազել են ձայնի ուղղությամբ եւ Պռոշյան-29 շենքի հետնամասում նկատել գետնին ընկած վիրավոր տղամարդու:
Ոստիկանները շտապօգնության մեքենայով վիրավորին տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ տուժողն Աշտարակի բնակիչ, 37-ամյա Արամ Հովակիմյանն է: Նրա աջ ոտքի սրունքին եւ ձախ ոտքի ստորին ու վերին հատվածներում առկա են եղել թափանցող վերքեր, եւ 15 րոպե անց նա արյունահոսությունից մահացել է: Ձեռնարկված օպերատիվ եւ քննչական միջոցառումների արդյունքում, ժամեր անց պարզվել է սպանությունը կատարողի ինքնությունը` Աշտարակի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Հակոբյան, ով առավել հայտնի է որպես Կարեն Հակոբյան: Նա ներկայացել է Ոստիկանության բաժին, տվել ինքնախոստովանական ցուցմունք ու հանձնել հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը` փամփշտակալով եւ 3 փամփուշտով:
Պարզվել է, որ տուժողի ու Հակոբյանի միջեւ վեճը ծագել էր դեռեւս ամիսներ առաջ: Օրեր առաջ նրանք պատահական հանդիպել են, նրանց մեջ կրկին վեճ է ծագել, իսկ մայիսի 8-ին հեռախոսային խոսակցության ժամանակ Հովակիմյանը հայհոյախառն սպառնալիքներ է հասցրել Հակոբյանին: Նրանք պայմանավորվել են հանդիպել, որի ժամանակ էլ հենց կատարվել է սպանությունը:
Ավելի վաղ կայքը հայտնել է, որ դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էր 9մմ տրամաչափի երեք պարկուճ եւ 1 գնդակ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ա. Հովակիմյանն աշխատում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` որպես պարեկ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1գին մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Հայտնաբերված պարկուճներն առգրավվել են եւ ուղարկվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: