Մայիսի 8-ին «168 Ժամ» թերթում հրապարակված «Միներվայի բուն իմաստուն էր» վերնագրով հոդվածում հեղինակը գրել էր, որ մայիսի 5-ին Նոր Հաճընի մի բնակիչ, տաքսու վարորդ, իր ուղեւորներին ասել է, որ ինքը պետք է 75.000 դրամ ընտրակաշառք ստանա իր 5 հոգանոց ընտանիքի անդամների համար, յուրաքանչյուրի համար` 15.000 դրամ: Երեկ ՀՀ ոստիկանությունից հաղորդագրություն ենք ստացել, որով տեղեկացնում են, որ` «Ձեռնարկվում են միջոցառումներ նշված վարորդի անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Նաիրիի բաժնում կատարվում է հետաքննություն»: Ուշագրավ է, թե ինչո՞ւ է Ոստիկանությունը ցանկանում պարզել այդ վարորդի ինքնությունը, այն դեպքում, երբ վարորդը մատնանշել էր ընտրակաշառք տվող քաղաքական ուժին: Գուցե Ոստիկանությունը փորձի միջոցներ ձեռնարկել գտնելու Նոր Հաճընում այդ քաղաքական ուժի համար աշխատող «խմբի՞ն»: Մանավանդ, որ այդկերպ Ոստիկանությունը ոչ թե մեկ, այլ բազմաթիվ ընտրակաշառվողների կհայտնաբերի: