«Արվում է հնարավոր անհնարինը»

10/05/2012

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի պատճառով տարբեր այրվածքներով ու վնասվածքներով, տարբեր բժշկական հաստատություններ էր տեղափոխվել (ըստ Առողջապահության նախարարության տված տվյալների) 154 մարդ:

Դժբախտ պատահարից տուժածների վիճակի մասին տեղեկանալու համար այցելեցինք «Արմենիա» բժշկական կենտրոն եւ Այրվածքաբանական կենտրոն: Այրվածքաբանական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի հավաստմամբ` տուժածների վիճակը բավարար է. «Մայիսի 4-ին մեզ մոտ հիվանդների թիվը մոտավորապես 100 է եղել, բայց մի մասը դուրս է գրվել արդեն: Այսօրվա դրությամբ վերակենդանացման բաժանմունքում ունենք 7 հոգի, 21 հոգի այլ բաժիններում են, իսկ ամբուլատոր բուժվում են 43 մարդ: Հիվանդների վիճակը բավարար է, կան 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Ն. Դավիդյանի խոսքով` ինքն իր պրակտիկայում երբեւէ պետության կողմից հիվանդների նկատմամբ նման ուշադրություն չի տեսել: «Արվել է հնարավոր անհնարինը»,- ասաց նա, որպես օրինակ` ընդգծելով ՀՀ վարչապետի 3 անգամվա այցը հիվանդանոց:

Այրվածքաբանական կենտրոնում այցելեցինք պայթյունից տուժած 25-ամյա Արման Նալբանդյանին, 19-ամյա Հայկ Օվանեսովին, 18-ամյա Մաթեւոս Գրիգորյանին եւ 21-ամյա Արսեն Մխիթարյանին:

Տղաներից երկուսը` Հայկը եւ Արսենը, 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ ունեին ձեռքի շրջանում, իսկ Արսենի մոտ 2-րդ կարգի այրվածքներ կային նաեւ դեմքի հատվածում: Արմանը 3-րդ եւ 4-րդ աստիճանի այրվածքներ ուներ ձեռքերի շրջանում, իսկ Մաթեւոսի մոտ այրվածքները ականջի, մեջքի շրջանում էին:

«Արմենիա» հիվանդանոցում վիճակն այլ էր. այնտեղ տեղափոխված հիվանդներն ավելի քիչ էին: Երեկվա դրությամբ` «Արմենիա» բժշկական կենտրոնում 8 տուժած կար: Կենտրոնի Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկ Արտակ Հունանյանը մեզ տեղեկացրեց, որ այժմ իրենց ստացիոնար բաժանմունքում բուժում է ստանում 4 հոգի, իսկ դեպքի օրն իրենց կենտրոն է տեղափոխվել 15-20 մարդ: Ներկայացնելով հիվանդների վիճակը, բժիշկ Արտակ Հունանյանն ասաց. «Հիվանդներից երկուսի մոտ 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ են, այրվածքային մակերեսը մոտ 10% է, վերին վերջույթներ, դեմք, պարանոց: Մեկ հոգի կոտրվածք ունի, իսկ մյուսի մոտ գլխուղեղի ցնցում եւ սալջարդեր են եղել»: Իսկ մյուս 4 տուժածները գտնվում են վիրաբուժական եւ նյարդաբանական բաժանմունքներում: Երեկվա դրությամբ` «Արմենիա» բժշկական կենտրոնում էին գտնվում Կարապետ Սարկիսյանը (18 տարեկան), Գարեգին Օսեյանը (18 տարեկան), Լիլիթ Պետրոսյանը (17 տարեկան), Մայիս Վարդանյանը (66 տարեկան), Աննա Պետրոսյանը (19 տարեկան), Արթուր Ասատրյանը (17 տարեկան) եւ Արեգնազ Գալեչյանը (60 տարեկան):

«Ժամը 8-ի կողմերն էր, ուժեղ տաքություն զգացի, հետո մազերս էր վառվում, խառնաշփոթ վիճակ էր, մարդիկ իրար էին խառնվել, գոռում-լացում էին: Հետո հիշում եմ` Շտապօգնության մեքենայով ինձ Այրվածքաբանական կենտրոն տեղափոխեցին, այնուհետեւ` Հանրապետական, քանի որ տեղ չկար, հիվանդները շատ-շատ էին»,- պատմում էր Կարապետ Սարկիսյանը: Իսկ Գարեգին Օսեյանն ասաց, որ պայթյունի պահին ինքը հեռախոսով խոսելիս է եղել. «Ես այդ ժամանակ հեռախոսով էի խոսում, չնկատեցի` ինչպես եղավ, չէինք սպասում»: Ի դեպ, Գարեգինը նշեց, որ 20 օր հետո ինքը պետք է ծառայության մեկնի, իսկ հիմա չգիտի, թե իր վիճակն ինչպես կլինի:

Հիշեցնենք, որ դեպքի օրը` մայիսի 4-ին, «Արմենիա» հիվանդանոց է տեղափոխվել մոտ 50 մարդ:

Շահանե ՎԱՐԴԱՆՅԱՆ