Սկսել է միգրանտներից

10/05/2012

Ռուսաստանի նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո Վլադիմիր Պուտինի ստորագրած առաջին փաստաթղթերից մեկն ազգամիջյան համաձայնությունն ապահովելու մասին հրամանագիրն է: Դրանում նշվում է, որ ազգամիջյան հարաբերությունները բարելավելու, ՌԴ բազմազգ ժողովրդի միասնականությունը ապահովելու համար որոշակի քայլեր պետք է ձեռնարկել, այդ թվում եւ` աշխատանքային միգրանտների համար ռուսերենի, Ռուսաստանի պատմության եւ օրենսդրության վերաբերյալ պարտադիր քննություն մտցնել: Ըստ հրամանագրի` այս քննությունն անցնելու կարիք չեն ունենա միայն բարձր որակավորմամբ մասնագետները: Փաստաթղթի համաձայն` միգրանտների համար այս քննությունը պետք է մտցվի մինչեւ 2012 թվականի նոյեմբեր: «Արդյո՞ք սա նշանակում է, որ աշխատանքային միգրանտների նկատմամբ քաղաքականությունը է՛լ ավելի կխստացվի»։ Այս հարցին պատասխանել է «Օբշչեստվեննի վերդիկտ» ռուսական իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նատալյա Տաուբինան` «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում. «Իմ կարծիքով, բավական տարօրինակ հրամանագիր է, քանի որ ավելի շուտ գործատուի խնդիրն է` որոշել` պե՞տք է իրեն աշխատող ռուսերենի իմացությամբ, թե՞ ոչ, իսկ պարտադիր ռուսերենի քննությունը Ռուսաստանում աշխատելու համար տարօրինակ է, հատկապես յուրաքանչյուր աշխատանքի համար, եւ իմ տեսակետից` սա ավելի շուտ ազդանշան է միգրացիոն քաղաքականությունում որոշակի խստացման»:

Նշենք, որ ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության տվյալներով` անօրինական միգրանտների թիվը 5 միլիոն է, անկախ փորձագետների կարծիքով` կրկնակի շատ: