Անչափահաս երեխաներն աշխատում են, որպեսզի օգնեն հորը

10/05/2012

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչ Բագրատ Խաչատրյանի կյանքի խորհուրդն աշխատանքն է: Բագրատը որբ է մեծացել: Նրա ծնվելու պահին, ծանր ծննդաբերությունից մահացել է մայրը` միակ, փոքրիկ ու անպաշտպան որդուն թողնելով Բագրատի մորեղբոր խնամքին:

«Քեռիս էլ 7 երեխա է ունեցել»,- ասում է Բագրատը: Քեռու բազմանդամ ընտանիքում մեծանալով` Բագրատը գնահատել ու կարեւորել է ընտանիքի արժեքն ու անհրաժեշտությունն իր կյանքում: «Մենակ եմ եղել»,- հիշում է նա: Իր մենակության պատճառով էլ Բագրատը ստեղծել է մեծ ընտանիք, որտեղ հացի է նստում իր աշխատասեր կնոջ եւ 7 անչափահաս երեխաների հետ: Սակայն գյուղացու առջեւ ծառացել է բազմանդամ ընտանիքը կերակրելու հոգսը: Այդուհանդերձ, կյանքի դժվարությունները չեն ընկճում Բագրատին: Նա իր երկու անչափահաս որդիների հետ ընտրել է արժանապատիվ ապրելու ճանապարհը եւ իր ընտանիքը կերակրելու ու պահելու գործում ապավինում է հալալ աշխատանքին:Բագրատը աշխատասիրություն է սերմանում իր երեխաների մեջ, հատկապես անչափահաս տղաների` Մեխակի եւ Արտակի:

Բագրատը կնոջ հմայքը նույնպես տեսնում է աշխատասիրության մեջ։ «Աշխատող է»,- կնոջը գովում է նա:

«Ղոչաղ են, աշխատող են: Աշխատում ենք, կարում չենք ապրենք, որ չաշխատենք, ո՞նց կապրենք: Գյուղում առանց աշխատանքի չի լինի»,- իր երկու որդիներին գովում է Բագրատը:

Որդիներից Մեխակն ասում է, որ հոր հոգսերը թեթեւացնելու համար սիրով ու կամովին արոտ է տանում իրենց գյուղի գառները, իսկ 6-ամյա Արտակը ջուրն է տանում ոչխարները եւ հանդում օգնում հովիվ հորը:

Սրանով հանդերձ` Բագրատ Խաչատրյանի` 9 անձանցից բաղկացած ընտանիքը ապրում է կոմունալ տարրական պայմաններից զուրկ բնակարանում, ապահովված չէ բնական գազով:

Բագրատ Խաչատրյանը հպարտանում է իր որդիներով. սոցիալական դժվարությունների առաջ նրա ընտանիքը չի ընկրկում եւ ապրում է վաղվա լավագույն ակնկալիքներով:

Լարիսա ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ

Hetq.am