Քանակի էֆեկտը

10/05/2012

Pisa-ի (ուսանողների միջազգային գնահատման ծրագիր) թեստերի արդյունքներով` Չինաստանն աշխարհի ամենախելացի երկիրն է: Pisa թեստերը համաշխարհային չափանիշ են դարձել կրթական ոլորտում եւ անցկացվում են 3 տարին մեկ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից: Դրանք միտված են համաշխարհային մակարդակով գնահատել աշակերտների մտավոր ունակությունները` կարդալու, հաշվելու եւ գիտության ոլորտներում: Թեստերի արդյունքներից պարզ է դարձել, որ Չինաստանի կրթական համակարգն իր կատարելությամբ գերազանցում է մի շարք արեւմտյան երկրների: «Թեեւ 2009թ.-ին անցկացված Pisa-ի արդյունքները փաստում են, որ Չինաստանում կրթական չափանիշների առումով առաջատարներն են Շանհայն ու Հոնկոնգը, սակայն գյուղական տարածքները եւս չեն զիջում նրանց այս հարցում: Նույնիսկ երկրի ամենահեռավոր գյուղերում եւ անբարենպաստ տարածքներում բնակվող աշակերտները ապշեցուցիչ արդյունքներ են ցույց տվել: Պատճառն այն է, որ չինական հասարակության մեջ լուրջ արմատավորված է այն գաղափարը, որ կրթությունը հաջողության գրավականն է: Կարծում եմ, որ այս հանգամանքը նախանձի առիթ կտա բազում արեւմտյան երկրների համար»,- հայտարարել է Pisa թեստերի պատասխանատու Անդրեաս Շլայխերը: