Դիակի պես քարշ տվեցին

03/12/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից սպանության հոդվածով մեղադրվող 15 տարվա ազատազրկման դատապարտված 3 զինծառայողների` Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի եւ Մուսա Սերոբյանի դատական նիստը: Հիշեցնենք, որ 2003թ. դեկտեմբերի 24-ին ԼՂՀ ՊԲ Մարտակերտի շրջանի Մադաղիսի թիվ N զորամասից անհետացել էին շարքային զինծառայողներ Մովսես Մկրտումյանը եւ Ռոման Եղիազարյանը: Զինդատախազությունն այդ կապակցությամբ 15 օր ուշացումով` 2004-ի հունվարի 8-ին, քրեական գործ էր հարուցել, իսկ հունվարի 9-ին Մադաղիսի ջրանցքից հայտնաբերվել են Մկրտումյանի եւ Եղիազարյանի դիակները` բռնության հետքերով: Մարտակերտի Զինդատախազությունում հարուցված քրգործի շրջանակներում սպանության մեղադրանքով կալանքի տակ են հայտնվել 4 զինծառայողներ, որոնք մեղադրական ցուցմունքներ են տվել գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանի, սպաներ Կառլեն Մայիլյանի եւ Ռուբեն Բաղրյանի դեմ: Այնուհետեւ 4 շարքային զինծառայողների վրայից մեղադրանքը հանվել է եւ մեղադրանք է առաջադրվել վերոհիշյալ 3 զինծառայողների նկատմամբ: ՀՀ զինդատախազ Գ. Ջհանգիրյանի հրամանով ստեղծվել է նոր քննչական խումբ, եւ գործը փոխանցվել է ՀՀ Զինդատախազություն:

Բռնաբարության փորձ

Մեղադրյալներ Ռազմիկ Սարգսյանը` 110, Արայիկ Զալյանը` 90, իսկ Մուսա Սերոբյանը` 15 օր է, ինչ գտնվում են հացադուլի մեջ: Ռ. Սարգսյանի առողջությունը վտանգի տակ է, նա գրեթե մահամերձ է: Հացադուլավորի մայր Ջուլիետա Սարգսյանը պնդում է` «Առաջին ատյանում Ռազմիկը հայտարարեց, որ իրեն խոշտանգումների են ենթարկել, անասնաբար, դաժանորեն ծեծել են, ցուցմունքն արդեն նախապես գրված է եղել եւ պահանջել են արտագրել, ստորագրել: Նրա երկու ձեռքերը կապել, ապա օդից կախել են եւ արյունլվա անելով` ստիպել են սպանությունը վերցնել իր վրա: Ռազմիկը դիմակայել է, սակայն երբ օդից կախված վիճակում նրան ցանկացել են դուբինկայով բռնաբարել, էլ չի դիմացել, իր վրա է վերցրել»: Ի դեպ, 3 զինծառայողներին 15 տարվա ազատազրկման են դատապարտել Ռ. Սարգսյանի միակ ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա: Առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստում գործով վկա զինծառայող Արման Գրիգորյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը տեսել է, թե ինչպես է հրամանատար Իվան Գրիգորյանը «Նիվա» մակնիշի մեքենայից հանել «պլաշատիպ» կտորով փաթաթված դիակները եւ նետել ջրամբար: Հաջորդ նիստի ընթացքում, սակայն, ցուցմունքը փոխել է: Մի ուշագրավ փաստ եւս. գործի նյութերում առկա է ԼՂՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի միջնորդագիրն` ուղղված զինդատախազ Գ. Ջհանգիրյանին, որով միջնորդվել է քրեական գործ չհարուցել հրամանատար Իվան Գրիգորյանի նկատմամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Արցախյան պատերազմի հերոս է եւ կատարվածի համար զղջացել է։ Բայց թե ինչի համար է զղջացել հրամանատարը` պարզ չէ։

Ռազմիկի հոգեկանը կոտրել են

Ռ. Սարգսյանի առողջական վիճակը պարզելու համար օրերս Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկ էր այցելել կլինիկական հիվանդանոցի թերապեւտ, բաժնի վարիչ Մայա Հարությունյանը, որն իր այցի մասին ասաց. «Նախ` այդ բժշկի սենյակը, որ տեսա, ես չեմ պատկերացնում, ինչպե՞ս կարող է եզրակացություն տալ որեւիցե մեկի առողջության վերաբերյալ, որովհետեւ պառկեցնելու, հետազոտելու տեղ չկար: Մի թախտ էր դրված, որը կեղտոտ, ինչ-որ արկղերով լցված էր, մենք ենք դա մաքրել, ազատել, որպեսզի երիտասարդին պառկեցնենք, նայենք: Ինձ` որպես բժշկի, ցույց տվեցին նրա բժշկական ամբուլատոր քարտը: Բացակայում էր նախնական քաշի տվյալների, նորմալ հետազոտությունների գրանցումը: Միայն նշված էր, որ սեպտեմբեր ամսին մեկ անգամ արվել էր արյան եւ մեզի հետազոտություն, ըստ որոնց` կային որոշ աղեր, լեյկոցիտներ եւ այլն: Նշումներ կային, որ երիտասարդին ամեն օր տալիս են ներերակային մինչեւ կես լիտր գլյուկոզայի լուծույթ»: Նախկինում 75 կգ քաշ ունեցող Ռ. Սարգսյանը ներկայումս 60 կգ է, այն էլ` հագած շորերով։ Հասակը որոշել անհնար է, որովհետեւ տղայի մարմինը ծռված է: Տիկին Հարությունյանը վկայում է, որ երիտասարդը ներկայացել է հատուկ բժշկական գոտի հագած, այսինքն` ընթացքում ցավեր ունենալու պատճառով պաշտպանիչ գոտի է հագել: «Նա հազիվ էր շարժվում, 2 հոգի թեւերն ընկած նրան բերեցին, մկանները շատ թույլ էր, ենթամաշկային շերտը շատ նվազ, բարակած էր, ողնաշարի ծռություն ուներ, շատ ուժեղ ցավեր ուներ, նստաներվի բորբոքման նշաններ կային: Ես նրան տեսել եմ այսպիսի վիճակում` հազիվ քայլող, հյուծված, մաշկի գույնը սպիտակադեղնավուն, տհաճ սառնություն ունեցող, որը անեմիայի երեւույթ է, լորձաթաղանթները սփրթնած, լյարդի ձախ բլթի մեծացում կար, որը կարող է մեծ քանակի գլյուկոզայի հետեւանք լինել: Գլյուկոզայի հետ պետք է 1-2 միավոր ինսուլին արվի, որպեսզի ենթաստամոքսային գեղձը յուրացնի գլյուկոզան, իսկ լյարդը չքայքայվի: Ինսուլին չի արվել: Բժշկին ասացինք, որ տղան ցավեր ունի, ինչո՞ւ դեղ չեն տալիս, բժիշկն ասում է` սոված մարդուն դեղ չի կարելի: Մեզ համար անհասկանալի մոտեցում էր բժշկի կողմից: Մարդու արյան մեջ շաքարի տոկոսն առանց ստուգելու գլյուկոզա տալն արդեն իսկ ոչ բժշկական մոտեցում է: Ես տեսել եմ մի երիտասարդի, որը ծանր հոգեկան եւ ծանր ֆիզիկական վիճակում է գտնվում եւ իրեն տանում է դեպի մահ»: Մ. Հարությունյանը հայտարարեց, որ Ռազմիկին նախ պետք է բուժեն, հետո նոր, եթե մեղավոր է, դատապարտեն. «Նա շատ կոտրված էր, 18-19-ը տարեկան տղան չափազանց կոտրված հոգեկան վիճակում է: Եթե այդ տարիքի տղան պետք է պատիժը կրի եւ այնտեղից դուրս գա որպես նորմալ մարդ, ապա կարող եմ ասել, որ նա կորցրել է նորմալ մարդու կերպարը, որովհետեւ նրան ցուցաբերվող անասնական վերաբերմունքը ամենացածր եւ անասնական մակարդակի իջեցնող մոտեցում է»:

Շոու սարքեցին

Երեկ ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում վերսկսվեց դատական նիստը: Ամբաստանյալ Ռ. Սարգսյանին ոստիկանները բերեցին բառացիորեն գետնին քարշ տալով, քանի որ նա ինքնուրույն ի վիճակի չէր քայլելու: Մի կերպ նստացրին աթոռին: Ռազմիկը չէր կարողանում գլուխը բարձրացնել, աչքերը մերթընդմերթ բացում էր, սակայն բիբերը գրեթե չէին երեւում: Նրա ձեռքերն անընդհատ ձգվում էին, դեմքն այտուցված ու կարմրած էր, եւ մոտ 3 ժամ ընթացող նիստի ժամանակ տղան բառացիորեն փալասի պես ընկած էր սեղանին: Ոչ մի բանի չէր արձագանքում, նույնիսկ` բղավոցներին: Մյուս երկու ամբաստանյալներն անհամեմատ լավ վիճակում էին, թեեւ հյուծված ու գունատ էին: Ռազմիկի վիճակը ցնցեց դահլիճում գտնվողներին, շատերը հուզվել էին: Դատավորը հրապարակեց Ռազմիկ Սարգսյանի դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելու փաստը, ապա ներկայացրեց մեկ այլ փաստաթուղթ, որում բժիշկները նրա առողջական վիճակը բավական կայուն են ներկայացրել: Պրն Աղրամանյանը Ռազմիկին անընդհատ հարցնում էր. «Ինչո՞ւ եք հրաժարվել բժշկական հանձնաժողովի փորձաքննության ենթարկվելուց»: Ռազմիկը չէր արձագանքում: Այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվողները շշնջացին, թե բժիշկները կեղծ տվյալներ են հրապարակում, դրա համար էլ վերջինս հրաժարվում է: «Լռե՛ք»,- եղավ դատավորի կոշտ արձագանքը, որից հետո դատապաշտպան Ա. Աթոյանն առարկություն հայտնեց: «Լռե՛ք, լռե՛ք, լռե՛ք»,- բղավում էր նախագահող Աղրամանյանը: Դատապաշտպանները խնդրում էին խոսելու հնարավորություն տալ իրենց, սակայն նախագահողը նույնիսկ ժարգոնային բառապաշարով արգելում էր խոսել: Պաշտպանը մեջբերում էր օրենքն, ըստ որի` իրեն իրավունք է վերապահված խոսելու, իսկ դատավորն ասում էր` «Թույլ չեմ տալիս, լռե՛ք»: Դահլիճում ներկաները գոռում էին` «Ամոթ» է, իսկ զայրացած դատավորը մասնակիցներին հերթով դուրս էր անում: Բոլորը պնդում էին, որ տղան ի վիճակի չէ խոսելու: Դատավորը բղավում էր` «Դուրս եկեք, ո՞վ էր ասողը, դուրս դահլիճից…»: Փաստաբանը խնդրեց հայտարարություն անել, սակայն մերժվեց: Ուշացումով ներկայացավ Ասկերանի կայազորի զինվորական դատախազ, մեղադրող Ապրեսյանը, որի մուտքը կրկին մեծ աղմուկ բարձրացրեց: Փաստաբանների հայտարարություն անելու առաջարկները, որպես կանոն, նախագահողի կողմից մերժվում էին: Փաստաբան Զարուհի Փոստանջյանը խնդրեց 5 րոպե տրամադրել պաշտպանյալի դիրքորոշումն իմանալու համար: Ավելի ուշ, երբ Ռ. Սարգսյանն ուժեղ ցավերից ձգվում էր, մասնակիցները խնդրեցին բուժօգնություն ցուցաբերել։ Դատավորի պետքը չէր: Նիստը վերածվեց իսկական սոդոմ-գոմորի, որից հետո դատավորը բոլորին դուրս հրավիրեց` բացառությամբ պաշտպանների: Դատապաշտպան Զ. Փոստանջյանը վերջում մեզ ասաց, որ փակ նիստի ընթացքում իրենք դատավորներին բացարկ են հայտնել, սակայն մերժում են ստացել: Հաջորդ նիստը կկայանա այսօր։