ԱԺ ընտրությունների անակնկալներից մեկը, թերեւս, Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում նորաթուխ ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանի պարտությունն էր անկուսակցական Էդմոն Մարությանին: Մեր տեղեկություններով` ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ում փոշմանել են եւ որոշել են չպաշտպանել Վ.Դալլաքյանին: Ասում են` նախագահ Սերժ Սարգսյանին դուր չի եկել վերջինիս հայտարարությունը, թե ինքն ընտրվելու հետ կապված որեւէ խնդիր չունի: Հիշեցնենք, որ Դալլաքյանը հայտարարել էր, թե ինքը կարող է իր փոխարեն ընտրությունների ուղարկել իր տաբատը եւ հաղթել: Ասում են, որ նրա պարտության հարցում նշանակություն է ունեցել նաեւ այն հայտնի տեսանյութը, որտեղ Վ.Դալլաքյանը նախորդ ընտրությունների ժամանակ հայտարարում էր, թե նրանց թոշակները չեն բարձրանում, որովհետեւ իշխանություններն այդ գումարը տանուլ են տալիս խաղատներում: Մեր տեղեկություններով` այս հիշեցումն ազդել է ոչ միայն վանաձորցիների, այլ նաեւ Ս.Սարգսյանի մտադրությունների վրա: Ինքը` Վ.Դալլաքյանը, պարտվելուց հետո չի պատասխանում լրագրողների հեռախոսազանգերին: