«Չկա որեւէ հասարակ միջոց, բաղադրատոմս ընտրակաշառքից խուսափելու համար: Այն կապված է նաեւ տարբեր պետությունների սոցիալ-տնտեսական վիճակի հետ: Բայց, ինչպես արդեն որոշակիորեն նշել ենք մեր զեկույցի նախնական հայտարարության մեջ, կարեւոր է, թե ինչպես են պատկան մարմինները վերաբերվում այդ մեղադրանքներին»,- մեր թերթին տված հարցազրույցում` անդրադառնալով մայիսի 6-ին համատարած ընտրակաշառքներ բաժանելու փաստին, ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայան: Նաեւ հավելել է. «Իրականում կարեւոր է, որ Ոստիկանությունը հայտարարել է, թե երբ է սկսում ձայների գնման հետ կապված մեղադրանքների հետաքննությունը, եւ մենք դրան եւս կհետեւենք: Հարցերից մեկը, որ արդեն բարձրացրել ենք, այն է, որ ԸՕ-ն կարող էր լինել ավելի որոշակի եւ իրականում շեշտել, որ ձայների գնման դեպքերի մասին զեկուցողները չեն համարվի հանցակիցներ: Քարոզարշավի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ ընտրակաշառք վերցնողները պատասխանատվության չեն ենթարկվի, բայց մենք կարծում ենք, որ շատ ավելի լավ կլինի, եթե ԸՕ-ն շատ որոշակիորեն սահմանի դա»: