Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները համարում է կանխատեսելի, եւ դեռ 2011թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ ՀՀԿ-ն, բնականաբար, մեծամասնություն կկազմի:
Անդրադառնալով շատ քաղաքական ուժերի ու գործիչների այն հայտարարություններին, թե մայիսի 6-ի ընտրությունները դրական առումով տարբերվելու էին մյուս բոլոր ընտրություններից` Հարություն Մեսրոբյանն ասաց, որ 1995-ից ի վեր` «քանի-քանի ընտրությունների քանի-քանի քաղաքական գործիչներ նման բաներ էին ասում»: «Ես այդ հարցը դեռ անցյալ տարի էի տվել այդ երազողներին. ո՞րն է այն որակապես նոր հանգամանքը, որը գալիս է ասելու, որ այս ընտրությունները պետք է որակապես փոխված լինեն: Ոչ մեկն այդ որակապես նոր հանգամանքը չէր ասում: Իսկ եթե ոչ մի որակապես նոր հանգամանք չկա, բնական է, որ ընտրությունները նույնը կլինեն»,- ասում է Հարություն Մեսրոբյանը: 1995թ. ներդրվեց այն մեխանիզմը, որը հանգեցրեց «չընտրությունների», եւ այդ մեխանիզմը ընտրությունից ընտրություն կատարելագործվում է: «Դուք չեք կարող մի այնպիսի ձեւ գտնել, որ այն կողմի դեմն առնեք, որը ուզում է ընտրությունները շեղել իրական արդյունքներից, որովհետեւ միշտ շեղողը մի քայլ առաջ է, արձագանքողը` պայքարողը, մի քայլ հետ է»,- ասում է նա: Նրա համոզմամբ` մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները միանշանակ կհանգեցնեն Հայաստանից արտագաղթի ուժգնացման, որովհետեւ հերթական անգամ մարդիկ տեսնում են, որ հույս չկա: «Հույս չկա` շատ պարզ պատճառով: Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց` որպես քաղաքական դաշտ, գոյություն չունի: Իսկ մենք փորձում ենք հերթական անգամ գոյություն չունեցող քաղաքական դաշտից ինչ-որ բան քաղել: Չի լինի նման բան: Միակ ճանապարհն է ուղղակի գնալ այլընտրանքային ճանապարհով` այլընտրանքային կառավարման համակարգ ստեղծելու»,- ասում է Հ. Մեսրոբյանը: Նրա խոսքով` Հայաստանի ընդդիմության մի մասը պայմանական ընդդիմություն է: Երբ մասնագետը կառավարման իմաստով է դիտարկում գործընթացը, որը տեւում է մոտ 20 տարի, տեսնում է, որ դաշտում նույն դեմքերն են: «Այսինքն` ձուկը գլխից է փտում, բայց մաքրում են պոչից: Մեր քաղաքական դաշտը կառավարման իմաստով վաղուց փտել է: Հիմա մեղադրում են ժողովրդին. փտած գլխի պայմաններում մաքրում են պոչից: Ես դա չեմ հասկանում»,- նշում է նա:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթի այն հատվածի վերաբերյալ, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, ապա ժողովուրդը պետք է մեղադրի միայն ինքն իրեն, Հ. Մեսրոբյանն ասում է. «Եթե մենք հասարակությանը տալիս ենք ընտրություն վատի ու վատագույնի միջեւ, ինչո՞ւ ենք հետո մենք մեղադրում այդ հասարակությանը: Ո՞ւմ ընտրի: 20-22 տարի հասարակությունը նույն մարդկանց է տեսնում: Ժողովրդին պետք է ընտրության հնարավորություն: Խոսքը ազնիվ ընտրության մասին չէ, խոսքն անձերի ընտրության մասին է»: Անդրադառնալով այն տեսակետին, որ ՀԱԿ-ն իր ընտրազանգվածի մեծ մասը կորցրեց նախ` ՀՀԿ-ի հետ բանակցելու, ապա` ԲՀԿ-ի հետ համագործակցելու պատճառով` կառավարման փորձագետն ասաց, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածը բաղկացած էր 2 մասից: Մի մասը նրանք էին, ովքեր մոռացել էին, թե ինչ էր կատարվում 90-ականներին, երբ ՀԱԿ-ն իշխանություն էր: Մյուս մասը, որը Հարություն Մեսրոբյանն անվանեց «ՀԱԿ-ի պայմանական զանգված», կողմ չէր որեւէ մեկին, այլ դեմ էր գործող իշխանությանը, եւ հենց այդ մասն էլ հեռացավ ՀԱԿ-ից, երբ տեսավ, որ ՀԱԿ-ը սկսում է հարաբերությունների մեջ մտնել իշխանությունների հետ: Չնայած ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին բազմաթիվ տեղեկություններին` ըստ մամուլի` մայիսի 6-ին Միասնական շտաբում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ԲՀԿ-ից խախտման մեկ դեպք է հայտնի: Անդրադառնալով սրան` Հարություն Մեսրոբյանն ասաց, որ ընտրությունների ընթացքում, որպես կանոն, մեկ խնդիր կա. սեփական գինը բարձրացնել, հետո` առեւտրի մեջ մտնել:
«Տվյալ պահին քաղաքական գործիչը միշտ խոսում է տվյալ պահի կոնյունկտուրայից, ինքը չի խոսում` երկրի ապագան հիմքում դնելով: Եվ քանի որ մեզ մոտ քաղաքական դաշտում ցանկացածի արձագանքը կրում է ընթացիկ պահի իմաստով կոնյունկտուրային նպատակ, հետեւապես` մեծ իմաստով վերլուծել այդ խոսքերը իմաստ չունի»,- ասաց Հ. Մեսրոբյանը:
Սոնա ԱՎԱԳՅԱՆ
hetq.am