Այգիները հողին հավասարեցրին

03/12/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Կարամելի Հարութը, նույն ինքը՝ ԱԺ պատգամավոր հանրապետական Հարություն Կարագյոզյանը, քաղաքապետարանից աճուրդով գնած 3500 քմ հողը օգտագործողներից խլելու համար մոտ մեկ տարի համբերեց: Համբերության բաժակը լցվեց Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեից անմիջապես հետո: Եվ երեքշաբթի ժամը 15-ի սահմաններում նրա կողմից վարձած բանվորները ԴԱՀԿ ծառայողների ներկայությամբ հողին հավասարեցրին այդ տարածքի մոտ 120 պտղատու ծառեր:

Քանաքեռ-Զեյթուն համայնքին պատկանող, Թբիլիսյան խճուղուն հարող այդ վիճարկելի տարածքը մոտ 20 տարի առաջ համայնքի Զ. Սարկավագի 151/4 շենքի բնակիչները քարերից մաքրել, մշակել եւ դարձրել են պտղատու այգի: 2003թ. իրենց մշակած հողատարածքը գնելու ցանկությամբ նրանք դիմել են թաղապետարան: Թաղապետ Ռուբեն Սինոյանը կազմել է համապատասխան ուսումնասիրություններով փաստաթղթերի փաթեթ եւ հողը մշակողներին վաճառելու միջնորդությամբ 2003թ. օգոստոսի 8-ին դիմել քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Քաղաքապետարանն օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի փոխարեն արհեստականորեն ձգձգել եւ պատասխանել է նոյեմբերին՝ տեղեկացնելով, որ «հարցի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ տարածքի կադաստրային քարտեզագրման աշխատանքների ամփոփումից հետո»: Իսկ մեկ տարի հետո հողամասն աճուրդով վաճառվել է Հ. Կարագյոզյանին պատկանող «Տիգրան» ՍՊԸ-ին: Բնակիչները հետագայում Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանումից տեղեկանում են, որ այդ մասը քարտեզագրված է եղել դեռեւս 2001թ.: Այստեղից կարելի է եզրակացնել, որ քաղաքապետարանը բնակիչների դիմումից տեղեկանում է, որ Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում դեռեւս չվաճառված շատ արժեքավոր եւ օբյեկտներ կառուցելու համար շատ հարմար հողակտոր կա, ու մշակողներին հատկացնելու փոխարեն` անմիջապես ուրիշ գնորդ է գտնում: 2004թ. սեպտեմբերի 10-ին 1728-Ա որոշմամբ փակ աճուրդով վաճառում է «Տիգրան» ՍՊԸ-ին։

«Տիգրան» ՍՊԸ-ն նպատակ ունի այդ հողամասում ավտոտեխսպասարկման կետեր բացել: Իսկ հողը մշակողները տեղեկացնում են, որ Հ. Կարագյոզյանն ունի երթուղային տաքսիների մի քանի գծեր եւ 250 մեքենա, որոնց օգտագործած գազն անձամբ մատակարարելու համար այդտեղ գազալցակայան է կառուցելու:

Հողը մշակողներից մեկը՝ Արտակ Եղիյանը, չցանկանալով կորցնել իր 1000քմ այգին, որոշել է մասնակցել աճուրդին ու ինչ գնով էլ լինի ձեռք բերել հողակտորը: Սակայն նրան չեն թույլատրել, որովհետեւ աճուրդն իրականացվում էր փակ եղանակով, այսինքն` մասնակցում էին միայն հրավիրված հայտատուները: Արտակին չէին հրավիրել: Ընդ որում, «Հայաստանի Հանրապետություն» թերթում տպագրված աճուրդի հայտարարության տեքստում «Թբիլիսյան խճուղու հարող 3500 քմ տարածքը» ներկայացված էր Ավան համայնքի մեջ: Եվ Արտակը գտնում է, որ դա դիտմամբ է արվել, որպեսզի իրենք կամ մեկ ուրիշ ընթերցող գլխի չընկնեն, թե որ հողակտորի մասին է խոսքը:

«Աճուրդը դիտմամբ էին փակ եղանակով դրել, որպեսզի հրավիրեն ում ուզեն, իսկ մենք չմասնակցենք ու իրենց որոշումներին չխանգարենք,- բացատրում է Արտակը: – Ձեւականությունն ապահովելու համար «Տիգրան» ՍՊԸ-ի հետ մեկ ուրիշն էլ էր մասնակցում»:

Քաղաքապետարանի այս գործողությունները վիճարկելու եւ հողի վաճառքի որոշումն անվավեր ճանաչելու խնդրանքով Ա. Եղիյանը դիմում է Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Դատարանը Պարգեւ Օհանյանի նախագահությամբ 2005թ. մարտի 3-ին բավարարում է Ա. Եղիյանի դիմումը:

«ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, որոնք ավելի քան 10 տարի անընդմեջ, բարեխիղճ, բացահայտ, սակայն առանց իրավունքների իրավաբանական ձեւակերպման օգտվում են պետության հողերից, ունեն սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք: Չնայած օրենքի այս պահանջներին, որը հաստատվել է թաղապետի գրությամբ եւ կատարված աշխատանքներով, Երեւանի քաղաքապետը Ա. Եղիյանի ձեռքբերման իրավունքը չի ճանաչել»,- նշված է դատարանի եզրակացության մեջ:

Իսկ մայիսի 27-ին վերաքննիչ դատարանում առաջին ատյանի այս վճիռը քաղաքապետը վիճարկում է: Եվ վերաքննիչ դատարանն իր վճիռը կայացնում է հօգուտ քաղաքապետի: Ա. Եղիյանը վճռաբեկ դատարան էլ է դիմում, բայց՝ անօգուտ: Դատավորները նրան տեղեկացնում են, որ ոչինչ չեն կարող փոխել, որովհետեւ անզոր են:

«Դրանից հետո մենք դիմեցինք շատ ատյանների՝ Սահմանադրական դատարան, Լարիսա Ալավերդյանին, Նախագահի վերահսկողության ծառայության պետ Վահրամ Բարսեղյանին ու էլի շատ ու շատ պաշտոնյաների,- պատմում է Արտակի հարեւանը: -Բայց ոչ մեկը մեզ չկարողացավ օգնել: Մեզ տեղեկացրին, որ Կարամելի Հարութի թիկունքին կանգնած է Ռոբերտ Քոչարյանի առաջին օգնական Արմեն Գեւորգյանը, եւ ոչ մեկը չի կարող նրան դեմ գնալ: Կարամելի Հարութը նաեւ նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանի մորաքրոջ տղան է եւ Աղվան Հովսեփյանի հետ էլ շատ մտերիմ է, ու մենք չկարողացանք նրա դեմն առնել»:

Աճուրդի հայտարարության մեջ հողի մեկնարկային գինը սահմանված էր 18 մլն 200.000 դրամ: Հողը մշակողներից տեղեկացանք, որ Հ. Կարագյոզյանն այդ 3500 քմ-ն ձեռք է բերել ընդամենը 20 մլն դրամով, գրեթե կադաստրային արժեքով՝ 1 քմ-ն` 4450 դրամով: Նրանք նաեւ լսել են, որ ԱԺ պատգամավորն իրականում վճարել է ավելին՝ 60.000 դոլար, պարզապես պետբյուջե գնացել է 20 մլն դրամը: Նրանք տեղեկացնում են, որ ո՛չ «Տիգրան» ՍՊԸ-ի տնօրենը, ո՛չ էլ Հ. Կարագյոզյանը երբեք չեն ցանկացել կամ փորձել իրենց հետ խոսել:

«Նրանց տղերքից անընդհատ լսում էինք, թե՝ առել ենք, պիտի վերցնենք, ինչի՞ պիտի գնանք խոսենք»,- ասում է Արտակը:

Եվ նոյեմբերի 29-ին նրանք հողին են հավասարեցրել 3500 քմ պտղատու այգու մեծ մասը:

«Գիտե՞ք, դատարաններում պարտվելուց եւ Հ. Կարագյոզյանի ու իր շրջապատի վարքը տեսնելուց հետո հաշտվել էինք մեր այգիները կորցնելու մտքի հետ,- դառնությամբ պատմում է Արտակը: -Բայց այսպիսի դաժանություն ու լկտիություն չէինք կարող պատկերացնել: Փաստորեն, նրանք ոչ միայն մեր այգիները խլեցին ու ոչնչացրին, այլեւ ստորացուցիչ վիճակի մեջ դրեցին՝ ապացուցելով, որ իրենց դեմ խաղ չկա»: