«ԲՀԿ-ն մտավախություն ունի, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կարող են կեղծվել»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է նախկին ԱԳ նախարար, նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: «Պետք է դիտարկել էս բոլորը նաեւ մեր անցած ճանապարհի կոնտեքստում: Եթե մեր նախորդ ընտրությունները շատ նորմալ անցած լինեին, խնդիր չունենայինք, օրինականության հարցեր չծագեր, իհարկե, ձեր հարցը արդարացի կլիներ` առ այն, որ արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանը» ինչ-որ մտահոգություն ունի, որ կկեղծվի: Իհա՛րկե ունի մտահոգություն. մեր անցած ճանապարհն է դա ցույց տալիս, առավել եւս` այսօրվա առկա ցուցակներն են դա ցույց տալիս, ընդհանուր խոսակցությունները, տարբեր տարածքներում ինչ-որ արվող գործողությունները»,- ասել է Օսկանյանը` նշելով, որ կեղծման լծակները միշտ էլ իշխանության ձեռքում են եղել: «Այսինքն` հայտնություն չի, էլի, որ ասենք` վերջիվերջո, ազատ, արդար ընտրություններ անցկացնելու-չանցկացնելու ամբողջ պատասխանատվությունը իշխանությունների ուսերի վրա է: Դա այդպես է` մեր օրենսդրությունն է այդպես, մեր կառուցվածքը` քաղաքական համակարգի, այդպիսին է,- ասել է նա` մանրամասնելով,- Իշխանությունները, ես չեմ ասում, որ էդպես նստած ինչ-որ դավադրությունների մեջ են եւ այլն, բայց իշխանությունները ցանկանում են այս ծանր պայմաններում հաջողության հասնել, երբ ընդհանուր հոսանքը ավելի իրենց դեմ է, եւ ուզում են պահել իրենց քաղաքական մենաշնորհը` դա արդեն, ես կարծում եմ, որ շատ հստակ սիգնալ է տարածաշրջաններում բոլոր այն կուսակցության ներկայացուցիչներին, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին։ Նույնիսկ, եթե նրանք ուղիղ հրամաններ չունեն, մեր անցած ճանապարհը դա ցույց է տալիս` նրանք կարծեք թե իրենց վրա արդեն պատասխանատվություն են դնում, որ լավ արդյունքներ պետք է տան, որովհետեւ հետո կարող են նրանց աշխատանքից հանել»: Վարդան Օսկանյանն ամեն ինչ ճիշտ է ասում նախկին ընտրությունների մասին: Բայց ամենաաբսուրդն այն է, որ նա մոտ տասը տարի զբաղեցրել է ամենաբարձր պաշտոններից մեկը հենց «այդ ճանապարհով» իշխանության եկած կառավարման համակարգում: