Կոնդի խնդիրը լուծվե՞ց

03/12/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Կոնդում ընդհանուր առմամբ հաշվառված 1000 շինություններից միայն 416-ը որեւէ կարգավիճակ չունեին: Եթե նկատի ունենանք այն փաստը, որ Երեւանի քաղաքապետարանն արդեն ճանաչել է այս 416 տների նկատմամբ բնակիչների սեփականության իրավունքները, կարելի է ասել, որ Կոնդի խնդիրը լուծվեց:

Մնում է՝ բնակիչները դիմեն կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» ստորաբաժանում՝ ստանալու սեփականության իրավունքի գրանցման վկայականները: Ըստ քաղաքապետարանի՝ Կոնդում այլեւս «ապօրինի» տուն չկա: Սակայն սա չի նշանակում, որ Կոնդում այլեւս բողոքավոր բնակիչ չկա, եւ բոլոր խնդիրներն այսքանով լուծված են: Բնակչության մի ստվար հատված իրեն խաբված է համարում եւ չի կողմնորոշվում՝ ինչպես պաշտպանել իր իրավունքները:

Կոնդի 68 հասցեի բնակիչ Հասմիկ Մարտիրոսյանը տունը գնել է 2000թ.. «Ապրում էինք Սարյան փողոցում, 1993թ., խնդիրներ ունեինք, Սարյանի մեր տունը վաճառեցինք՝ Հայաստանից գնացինք, 2000թ. վերադարձանք եւ Կոնդում տուն գնեցինք»: Կոնդի վիճահարույց խնդիրը լավ չպատկերացնող բնակիչները` հավատալով տեղամասի լիազոր ներկայացուցչին եւ բնակարանը վաճառողին (ի դեպ, վերջինս ԱԺ պատգամավոր Գագիկ Մխեյանի եղբայրն է՝ Մերուժան Մխեյանը), բավարարվում են առքուվաճառքի պայմանագիր կնքելով, որը ստորագրում են գործարքն իրականացնող կողմերը, եւ վավերացվում է Կենտրոն համայնքի թիվ 5 տեղամասի լիազոր ներկայացուցչի կնիքով ու ստորագրությամբ. «Տունը վաճառողը մեզ հավաստիացրեց, որ սեփականաշնորհման հետ կապված պրոբլեմ չենք ունենա, ասաց՝ կօգնենք՝ մի 1000 դոլար կծախսեք՝ դա էլ կարվի»: Սակայն հետագայում, երբ դիմում են սեփականաշնորհման խնդրով ու մերժվում, նոր սկսում են պատկերացնել՝ ինչի հետ գործ ունեն: «Ինչո՞ւ տան առքուվաճառքի ժամանակ մեզ որեւէ մեկը չզգուշացրեց, որ օրենքը թույլ չի տալիս այս տարածքում նման գործարք իրականացնել»,- հարցնում է խաբված բնակիչը:

Գրեթե նույն պատմությունը կրկնվել է Կոնդի Չկալովի 12 հասցեի բնակիչների հետ: «Մեղավորությունն, իհարկե, մերն է, որ օրենսդրությունից գաղափար չունեինք ու երեք տարի առաջ այստեղ տուն գնեցինք ու ներքին կարգով առքուվաճառքի պայմանագիր կնքեցինք»,- ասում է Չկալովի 12 տան բնակիչ Գայանե Մխիթարյանը: Այստեղ եւս մեծ դերակատարում է ունեցել թաղային լիազորը, ով գնորդներին հավաստիացրել է, որ նույնիսկ Կոնդի քանդման դեպքում իրենք խնդիրներ չեն ունենալու, եւ 100 դոլար է պահանջել ընտանիքի յուրաքանչյուր անդամից՝ անձնագրում փաստացի բնակության վերաբերյալ կնիք դնելու համար: «Երբ մենք թերահավատորեն մոտեցանք այդ հարցին, նա նույնիսկ մեր ներկայությամբ զանգեց թաղապետարան, որպեսզի մի անգամ էլ ճշտի՝ մենք հետագայում պրոբլեմ չե՞նք ունենա, քաղաքապետարանից նրան պատասխանեցին, որ անձնագրում փաստացի գրանցում ունեցողները եւս կօգտվեն նույն իրավունքներից, ինչ մշտական գրանցում ունեցողները»,- պատմում է Գ. Մխիթարյանը: Ընդամենը մեկ տարի առաջ բնակիչներն իմանում են, որ ոչ միայն իրենք որեւէ իրավասություն չունեն տարածքի հանդեպ, այլեւ՝ նախկին տերը. վերջինս մի անգամ արդեն փոխհատուցում ստացել է իրացված տարածքի դիմաց, սակայն շարունակել է բնակվել՝ առանց որեւէ հիմնավորման, հետագայում՝ խաբեությամբ վաճառել է բնակարանը: «Մենք այն ժամանակ նույնիսկ ուզում էինք առքուվաճառքի պայմանագիրը նոտարով հաստատել, սակայն լիազորը թույլ չտվեց, ասաց՝ ի՞նչ կարիք կա, եթե կողմերը ստորագրել են վկաների ներկայությամբ»,- հավատացրել են միամիտ գնորդին: «Համ էլ, եթե պրոբլեմ լինի, էստեղ ենք, հո էստեղից չփախա՞նք»,- վստահեցրել է լիազորը:

Կոնդում նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան, երբ քաղաքացիների անտեղյակությունից օգտվելով` «թաղային չինովնիկները» ապակողմնորոշել են նրանց, կեղծ գործարքներ կնքել եւ զբաղվել դրամաշորթությամբ: Բնակիչներն այսօր եւս լավ չեն պատկերացնում իրենց իրավունքներն ու պարտականությունները, եւ կատարվածի համար առայժմ մեղադրում են միայն քաղաքապետարանին՝ որը վերջին շրջանում զբաղվել է իրենց խնդիրներով: Տեղի ունեցածը «կրիմինալ» բնորոշելով՝ քաղաքապետարանը գտնում է, որ դա «այլ հարթության խնդիր է»: Մնում է՝ համապատասխան մարմինները զբաղվեն Կոնդի «կրիմինալով»: Այստեղ են, հո չփախա՞ն: