Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում մերժել է այդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ՀԱԿ անդամ, ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի դիմումները: Հիշեցնենք, որ նախօրեին ԿԸՀ արտահերթ նիստում թիվ 7 ԸԸՀ-ի ապրիլի 27-ին կայացրած որոշումը համարել էր ապօրինի եւ պարտավորեցրել թիվ 7 ԸԸՀ-ին մեկօրյա ժամկետում օրինական կարգով քննարկել այդ դիմումները: Դրանցով Ն. Փաշինյանը պահանջում էր ուժը կորցրած ճանաչել նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի թեկնածության գրանցումը: Որպես հիմնավորում` Փաշինյանը ներկայացրել է մի ձայնագրություն, որտեղ Երեւանի թիվ 190 դպրոցի տնօրենը, որը գտնվում է թիվ 7 ընտրատարածքում, «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրողի հարցերին ի պատասխան` վկայում է, որ Ս. Ալեքսանյանը դպրոցին որոշակի գումար է տվել, առանձին գումար են ստացել նաեւ աշակերտները, ինչպես նաեւ` խոստում, որ իրենց «Վերջին զանգի» միջոցառումն անվճար կկազմակերպվի «Փարվանա» ռեստորանում: Փաշինյանը հղում կատարելով Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածին, հիշեցրել է, որ նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին արգելվում է ընտրողներին տալ կամ խոստանալ դրամ, ապրանքներ, մատուցել կամ խոստանալ ծառայություններ, եւ պահանջել է, որպեսզի ԸԸՀ-ն դիմի դատարան` Սամվել Ալեքսանյանի թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Երեկվա նիստում ԸԸՀ նախագահ Գեղամ Սարգսյանն ասել է, թե հանձնաժողովը ի վիճակի չէ Ն. Փաշինյանի կողմից ներկայացված ձայնագրությունը ենթարկել փորձաքննության։ «Սա էքսպերտիզայի ենթարկելու համար մեզ անհրաժեշտ է ժամանակ»,- փորձել է հիմնավորել նա: Ն. Փաշինյանն էլ հակադարձել է, որ խնդիրը ժամանակին չի կարող վերաբերել, խնդիրը վարչական վարույթն ամբողջության մեջ, բոլոր փաստերի համադրմամբ քննելն է: Ուշագրավ է, որ երեկվա նիստի ընթացքում պարզվել է, որ ԸԸՀ-ն նույնիսկ չի օգտվել ԿԸՀ-ի նախօրեին կայացված որոշման ձեւակերպումներիցգ այն պատճառով, որ այդ որոշումը նիստի պահին դրված չի եղել սեղանին: «Դա նշանակում է, որ իրենց չի հետաքրքրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Իրենց հետաքրքրում է Սամվել Ալեքսանյանի որոշումը, որը եւ իրենց իրական ղեկավարն է»,- գնահատելով այդ փաստը` հայտարարել է Ն. Փաշինյանը, ով սեղմ ժամկետներում դիմելու է ԿԸՀ` պահանջելով քննել դիմումների մեջ նշված փաստական հանգամանքները եւ պարտավորեցնել ընտրատարածքային հանձնաժողովին դիմել դատարան` Սամվել Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու խնդրանքով: