Այս օրերին Երեւանի Մաշտոցի պուրակը կրկին մարդաշատ է: Չնայած այն հանգամանքին, որ պուրակում տեղադրված տաղավարներն արդեն ապամոնտաժվում են, բնապահպան երիտասարդները շարունակում են իրենց պայքարը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել էին Մաշտոցի պուրակ` հանդիպելով բնապահպանների հետ: Նախագահը հայտարարել էր պուրակի տաղավարների ապամոնտաժման մասին` նշելով, թե ինքը հանձնարարական է տվել Տ. Մարգարյանին այդ մասին: «Այն, ինչ տեղի ունեցավ նախագահի այցի ժամանակ, հաղթանակ էր այն իմաստով, որ ստեղծվեց նախադեպ: Քաղաքացիների տոկուն, երկարատեւ, անձնվեր պայքարի արդյունքում հաղթանակ ենք տանում: Բոլոր այն մարդիկ, ովքեր օրեր շարունակ կրկնում էին, թե մենք ոչ մի բանի չենք հասնի, եւ ինչքան էլ տանջվենք, սառենք, ծեծվենք եւ այլն, հիմա կհամոզվենք, որ ճիշտ կազմակերպված, երկարաժամկետ պայքարն իր արդյունքը տալիս է»,- ասաց Մաշտոցի պուրակի բնապահպան-ակտիվիստներից Ռուզաննա Գրիգորյանը: Նրա խոսքով` իրենց պահանջը մասնակի է բավարարվել, քանի որ իրենք օրեր շարունակ բարձրաձայնել են նաեւ պուրակում տեղադրված տաղավարների իրավական կարգավիճակի հարցը: «Ինչ-որ տեղ մեզ չի գոհացնում լուծման եղանակը, որովհետեւ մենք բարձրացրել էինք անօրինականության դաշտի խնդիրը, այսինքն` տաղավարների տեղադրման, որոնք լուծման ժամանակ այդպես չձեւակերպվեցին եւ չսահմանվեցին: Փոխարենը` բարձրացվեց պուրակի արտաքին տեսքի հարցը, որը մեզ չի գոհացնում»,- նշեց Ռ. Գրիգորյանը: Բնապահպանի համոզմամբ` պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ Երեւանի քաղաքապետարանը չլուծի նշյալ իրավական հարցերը: «Ընդ որում` ասեմ, որ այս հարցի լուծման լիազոր մարմինը քաղաքապետն է, այլ ոչ թե նախագահը: Նախագահը սահմանադրական կարգով իրավունք չունի խառնվել այս հարցերին, եւ մենք ուզում ենք, որ այս երկրում հաստատվի սահմանադրական կարգը: Նախագահը մաքսիմում կարող էր` որպես սահմանադրության գարանտ, սահմանադրական հարցեր բարձրացնել այստեղ, բայց հարցն այդպես չլուծվեց: Հարցն այն է, որ սկսած այս ապամոնտաժումից` պետք է ճիշտ քայլեր ձեռնարկենք իրավական դաշտում, պետք է բացահայտվեն եւ պատժվեն ապօրինի որոշում կայացնողները, մասնավորապես, Ոստիկանությունը, որը բռնի ուժ կիրառեց ցուցարարների վրա»,- ասաց բնապահպանը: Վերջինս նաեւ նկատեց, որ այգու հետագա բարեկարգման աշխատանքների ժամանակ պետք է հաշվի առնեն նաեւ հանրության կարծիքը, եւ, որ իրենք մինչեւ վերջ պայքարելու են դրա համար: Հարցին, թե նախագահի այցը պուրակ որքանո՞վ էր PR ակցիա, Ռ. Գրիգորյանը պատասխանեց. «Կարծում եմ` PR ակցիա էր նախընտրական շրջանում: Նախագահի կատարած հայտարարությունը PR բնույթ ուներ, բայց մենք էլ` որպես ինքնորոշված քաղաքացիներ, ճիշտ ժամանակին, ճիշտ կողմնորոշվեցինք, եւ այդ կարճ ժամկետում կարողացանք հարցն այնպես սրել, որ լուծվի: Անկեղծ ասած, ես անձամբ չէի սպասում այդ հայտարարությանը, քանի որ նախագահը լիազորված չէ: Այսինքն` նախագահը վեր է կենում, գալիս այգի` 4 բուտիկի համա՞ր: Մենք մինչ այդ հազար անգամ պահանջեցինք Տարոն Մարգարյանի այցը, որը չեկավ: Այսինքն` ինչ-որ տեղ այդ ձեւական բնույթը` կապված նախընտրական շրջանի հետ, երեւում է, բայց միաժամանակ ընդգծվում է նաեւ այն փաստը, որ մենք 90 օրվա պայքարի արդյունքում հասանք նրան, որ նախագահը եկավ եւ ինչ-որ հայտարարություն արեց ապամոնտաժման մասին: Էդ առումով միանշանակ հաղթանակ էր»: Մաշտոցի պուրակի ակտիվիստները նաեւ վստահ են, որ իրենց պայքարը շարունակելու են, եւ պուրակ գալու են այնքան ժամանակ, մինչեւ անօրինականություններին վերջ դրվեն: Իսկ, բացի դա, բնապահպան-ակտիվիստների խոսքով` այգին դարձել է հոգեւոր տարածք: «Բուտիկներն» ապամոնտաժող բրիգադի անդամ, ճարտարապետ Օշին Եղիազարյանցն էլ պուրակում տարվող պայքարը համեմատեց Շուշիի ազատագրման հետ: «Ժամանակին` նախքան Շուշիի ազատագրումը, մի քանի ընկերներով նստել էինք Ղարաբաղում եւ խոսում էինք, թե ինչպես կարելի է վերցնել Շուշին: Իսկ հետո նույն անձնավորությունների հետ նստած խոսում էինք, թե ինչպե՞ս կարող ենք պուրակը վերցնել: Միեւնույն ժամանակ, համեմատությունները շատ ծիծաղելի եւ ցինիկ են, բայց տեսնում ենք, որ նույն ձեւով պայքար էր: Այն ժամանակ ես որեւէ վնաս չեմ կրել, բայց այստեղ ձեռքս վնասվել է քաշքշոցից: Չգիտեմ` ինչպե՞ս բացատրելգԱյնքան տխուր պատկեր է: 20 տարի անց նույն մարդը, որ պայքարում էր Շուշին վերցնելու համար, այսօր պայքարում է Մաշտոցի պուրակը ոչ թե գրավելու, այլ վերցնելու համար: Ես նկատի ունեմ մեր պետության այսօրվա գործելակերպը, ձեւը»,- ասաց Օ. Եղիազարյանցը, ում դիտարկմամբ` ստեղծված իրավիճակը եւ՛ ցավալի, եւ՛ ծիծաղելի է: «Երբ մեկը գողացած ապրանք է առնում, եւ՛ գողն է պատժվում, եւ՛ գնորդը, այսինքն` նրանք, որոնք դրամ են վճարել իրենց ապօրինի խանութների տեղերը ստանալու համար, պետք է պատժվեն: Հայաստանի բոլոր ապօրինի շինարարությունները պետք է կանգնեցնել, եւ հուսով եմ, որ արագ ձեւով կարվի: Ինձ ասում են` պարոն նախագահը եկավ, եւ այսպիսի նախաձեռնություն արեց: Ես ասում եմ` ուշ էր, բայց լավ էր: Վերջապես պետք է սկիզբ լինի, որը պետք է շարունակական լինի: Պառլամենտ եկողները թող իրենց ականջին օղ դարձնեն, որ սրանից հետո ինչոր ուզում են անել, դժվար է լինելու, քանի որ այսպիսի խմբերը քիչ-քիչ շատանալու են, պայքարելու են մեր հասարակության իրավունքների պաշտպանության համար»,- ընդգծեց Օ. Եղիազարյանցը: Երեկ Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիները տարածել են նաեւ հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 1-ին նախագահ Ս. Սարգսյանի` Մաշտոցի պուրակ կատարած` «եկա, տեսա, սիրուն չէր» այցից հետո ավելի է ընդգծվում քաղաքապետի անզորությունը` իրավական դաշտում հարցեր լուծելու եւ համայնքին հաշվետու լինելու հարցում»: Ակտիվիստները նաեւ նշել են, որ այդ առիթով այսօր, ժամը 13:30-14:30-ին Մաշտոցի պուրակից դեպի քաղաքապետարան կազմակերպելու են երթ-ակցիա` Տարոն Մարգարյանին սիմվոլիկ նվեր մատուցելու համար: «Նվերն անվտանգ է քաղաքապետի առողջության համար: Հումորից զուրկ մարդկանց չի խրախուսվում մասնակցել»,- ասված է հայտարարության մեջ: