Երբ «բոլորը մերոնք են»

07/05/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մայիսի 5-ին բոլոր կուսակցություններն, ի վերջո, կլռեն: Կօգնի՞ այդ լռությունը չկողմնորոշված ընտրողներին` կուսակցությունների նախընտրական աղմուկից առանձնացնել իրենց համար առավել հաճելի ձայնը: Ամեն դեպքում, ամենակարեւոր հարցը, որի պատասխանը փորձում ենք շատերս գտնել, հետեւյալն է` ընտրել չարյաց փոքրագույնի՞ն, թե՞ բոյկոտել ընտրությունները: Պարզապես փոքրիկ նրբություն կա. բոյկոտելու միջոցով արհամարհանքդ արտահայտելու շքեղություն քեզ չես կարող թույլ տալ: Նախ` այդ ժեստդ ոչ ոք չի գնահատի, եւ հետո` քո փոխարեն ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, կքվեարկի: Եվ, տարօրինակ զուգադիպությամբ, դարձյալ ընտրություններին կհաղթի այն կուսակցությունը, ում օգտին չէիր քվեարկի եւ ոչ մի պայմանով:

Կարելի է սոփեստություն անել եւ արձանագրել` քանի որ բոլոր կուսակցությունները ԶԼՄ-ներով հանդես գալու հավասար հնարավորություն ունեցան, այս ընտրություններն ակնհայտորեն քայլ են առաջ: Իրականում` արտաքին էֆեկտները նախընտրական քարոզարշավի որակի վրա որեւէ ազդեցություն չունեցան: Եթե չասենք` հակառակը: Ի՞նչ էր նշանակում մանկահասակ երեխաների, պատանիների ներկայությունը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հանրահավաքներին: Բեմականացված նախընտրական հանդիպումները, որոնք մանրակրկիտ լուսաբանվում էին, միտված են լեգալացնելու ընտրությունների արդյունքները: Իսկ տարբեր սարքերով քվեարկության ընթացքը կամ քվեաթերթիկների հաշվման գործընթացը տեսագրելը դժվար թե տա ցանկալի արդյունք: Առիթ է եղել նկատելու` որքան շատ են վկաներն ու տեսախցիկները, այնքան բարդ է ապացուցել կատարված հանցագործությունը: Թարմ օրինակը Սուրեն Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի մասնակցությամբ հայտնի միջադեպն էր:

Անգամ ընտրություններից մեկ օր առաջ ընտրողի համար խնդիր է կողմնորոշվելը` որ կուսակցությունն է, ի վերջո, ընդդիմադիր, որը` իշխանական: Երեկ, հանրահավաքում, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի ասաց. «Արդար ընտրություններով անկեղծ հետաքրքրված են միայն երեք քաղաքական ուժեր` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն»: Այսինքն` նա ԲՀԿ-ին դրեց ընդդիմության շարքում, «Ժառանգությանը»` իշխանության: Դրանից մեկ օր առաջ երկրի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում հայտարարում է, թե ՀՀԿ-ն պաշտպանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, եւ, որ վերջինս «իրենց» թեկնածուն է: Ծառուկյանը որեւէ հայտարարություն չի անում, որով կվիճարկեր այս ընկերակցությունը:

ՀԱԿ-ի ընդգծված համակրանքը ԲՀԿ-ի հանդեպ թույլ է տալիս մյուս ուժերին կասկածի տակ առնելու ՀԱԿ-ի իրական մտադրությունները: Երեկ հատկապես զվարճալի էր ՀԱԿ երբեմնի համախոհ Սուրեն Սուրենյանցի հայտարարությունը. նա թիվ 7 ընտրատարածքում պաշտպանում է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը` զուգահեռ անվանարկելով ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: ՀԱԿ-ը մեղադրում է «Ժառանգությանը»` ընտրական հանձնաժողովներում իր տեղերը ՀՀԿ-ին վաճառելու մեջ: «Ժառանգությունը» ՀԱԿ-ին համարում է «ական» ընդդիմադիր դաշտում: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսում է տնտեսական անհաջող քաղաքականությունից եւ արտագաղթից` մեղադրելով գործող իշխանություններին, եւ մոռանում գոնե ակնարկել, որ իր կառավարման օրոք են տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ը, Պողոս Պողոսյանի սպանությունը, Մարտի 1-ը: ՕԵԿ-ը հավակնում է հաղթահարել անցողիկ շեմը:

Եվ այս ցածրակարգ գլուխկոտրուկը` ով ով է, քաղաքական ուժերն առաջարկում են լուծել ընտրողներին մայիսի 6-ին:

Այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությունը կորցրել է մտածելու, փիլիսոփայելու` մարդուն ի վերուստ շնորհված կարողությունը: Եվ այդ պատճառով էլ դժվարությամբ, սակայն կայացնում ենք երկրից հեռանալու որոշում. գնում ենք միանալու օտար, բայց արդեն պատրաստի մշակույթներին: Գնում ենք երկրներ, ուր պետության եւ քաղաքացու, մարդու եւ մարդու փոխհարաբերությունները կարգավորված են օրենքով եւ հասցված քաղաքակրթական տանելի մակարդակի:

Իմ գործընկերները գրում են, որ բարոյական այս գլոբալ անկման պարագայում մեղքի զգալի բաժին ունի նաեւ հասարակությունը` ընտրակաշառքն ընդունելով: Սակայն ընտրակաշառք վերցնելուն նախորդում են ոչ պակաս նվաստ գործողություններ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլորը` իրենց գործունեության տիրույթում: Թող յուրաքանչյուրն ինքն իրեն հարցնի` իր տեղում ինքն օրինավո՞ր է: Համբավավոր բժիշկը, ով ընտրակաշառք գուցեեւ չի վերցնում, սակայն իր հիվանդին, օրինակ, «Ռաստառոպշա» դեղ է նշանակում եւ պատվիրում վերցնել «մայր» գրասենյակից 15.000 դրամով, երբ նույն այդ դեղամիջոցը սովորական դեղատներում 700 դրամ է: Տաքսու վարորդը, ով հորդառատ անձրեւի ժամանակ ինձ ու երեխաներիս Իսահակյանի արձանի մոտից պոնչիկանոց տանելու համար 1000 դրամ պահանջեց: Գործարարը, ով առավոտյան իր աշխատակիցներին ստիպում է քվեարկել իշխանական կուսակցության եւ իշխանական թեկնածուի օգտին, երեկոյան, քարոզարշավի ժամանակ, պնդում է, թե պայքարում է յուրաքանչյուրիս ազատության համար: Բարձրաստիճան չինովնիկը, ով գիտի` իշխանական համակարգը կոռումպացված է, սակայն անտարբեր է ձեւանում, որ հանկարծ իրենից պատասխանատվություն չակնկալեն: Լրագրողը, ով գուցե ընտրակաշառք չի վերցնում, սակայն պատվերով հոդված է գրում կամ գումար է վերցնում` չգրելու համար: Օլիգարխներին ծառայող գիտակից, մտածող մարդիկ, ովքեր քմծիծաղով են վերաբերվում ընտրակաշառք վերցնող լյումպենին, իսկ իրենք ծրարով գումարի համար պատրաստ են օլիգարխին խոշոր փիլիսոփա եւ մեծ քաղաքագետ կոչել: Ազնիվ չենք:

Ճիշտ այնպես, ինչպես ազնիվ չեն կուսակցությունները, որոնք ընտրեցին քարոզարշավի` միմյանց ոչնչացնելու, անվանարկելու տարբերակը: Դա նրանց հաջողվեց: Արժե նկատել, որ բոլորի մեղադրանքները միմյանց հանդեպ խիստ փաստարկված էին: Սակայն հնարավոր չէր չնկատել, թե որքան նման են բոլորը միմյանց: Ամենադիպուկ բնորոշումը թերեւս հենց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի` այնքան գորովանքով արտասանած նախադասությունն է. «Բոլորը մերոնք են»: